Օֆելյա Սիմոնյան
Լրագրող, փաստեր ստուգող
Լուսանկարը՝ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը՝ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, առաջ է տանում թեզը, թե գալիք ԱԺ ընտրություններում որոշ ուժերի հաղթանակը հանգեցնելու է պատերազմի։ Պատճառը, ըստ Կառավարության ղեկավարի, այն է, որ նրանք ասում են, թե չպետք է բավարարվել 29,743 քառակուսի կիլոմետր տարածքով։

«Էն ուժերը, ովքեր գալիս, ասում են, որ 29,743 քառակուսի կիլոմետրով մենք չպետք է բավարարվենք, էդ ուժերի հաղթանակը նշանակում է կոնֆլիկտ, նշանակում է պատերազմ»,- ապրիլի 11-ին Տաշիր համայնքում հայտարարել է Փաշինյանը։ 

Այդ մասին մարտի 25-ին խոսել էր նաև «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ մասնավորեցնելով հայտարարության հեղինակին․

«Երբ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ երբ Հայաստանը պարփակվում է իր 29,743 կիլոմետր քառակուսու մեջ, դա վատ է, որովհետև մեզ ոչ ոք որպես գործոն չի ընդունի, դա նշանակում է ուղիղ վիճարկել Հայաստանի և Ադրբեջանի՝ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ պայմանավորվածությունը»,- ասել է Ռուբինյանը։

  Ով և ինչ կոնտեքստում է խոսել 29,743-ի մասին

29,743 քառակուսի կիլոմետրով չբավարարվելու մասին խոսել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ 2026-ի հունվարի 29-ի ասուլիսում, լրագրողի հարցին ի պատասխան, նա բացատրեց, թե այդ հայտարարությունը սխալ է մեկնաբանվել և ինքը նկատի է ունեցել, որ Հայաստանի ներուժը տարածվում է շատ ավելի հեռու, քան նրա բնակչությունն ու տարածքն են․

«Հայաստանը մեծ սփյուռք ունեցող երկիր է և իսկապես չպետք է սահմանափակվի 29 հազար կիլոմետրով։ 29,800 քանի, 700 քանի կիլոմետրով։ Սա չի նշանակում, որ դու աչք ես դրել այլ երկրների հողերի վրա։ Սա նշանակում է, որ դու հասկանում ես՝ միայն 3 մլն հայ չես այս հողի վրա։ Դու ունես սփյուռք, դու ունես հնարավորություններ, դու ունես եկեղեցի, որը ցանցային բնույթ է կրում։ Դու ավելի մեծ խաղացող, քան այսօր կաս, այդ հնարավորությունը, այդ պոտենցիալն ունես։ Փորձիր այդ պոտենցիալը կիրառել՝ ի շահ Հայաստանի Հանրապետության»,- ասաց Քոչարյանը։ 

Նա նաև մանրամասնեց՝ ժամանակակից աշխարհում կան բազմաթիվ օրինակներ այն երկրների, որոնք, չնայած իրենց  փոքր տարածքին, դարձել են ազդեցիկ խաղացողներ միջազգային ասպարեզում՝ «Նման երկրների թվում են Սինգապուրը, Կատարը և Արաբական Միացյալ Էմիրությունները։ Նրանք սահմանափակ ռեսուրսները և փոքր տարածքը վերածել են առավելության»։

Այսպիսով, իշխանությունը Ռոբերտ Քոչարյանի՝ 29,743-ի քառակուսի կիլոմետրի մասին հայտարարությունը կտրել է համատեքստից և դրան վերագրել նշանակություն, որը Քոչարյանը նկատի չի ունեցել։ Ավելին՝ ասուլիսի ընթացքում հերքել է, թե իր խոսքը տարածքային պահանջ է ենթադրում հարևան երկրներից։

Ուղարկեք մեզ նյութեր, որոնք ստուգման կարիք ունեն

ուղարկել