Օֆելյա Սիմոնյան
Լրագրող, փաստեր ստուգող
Լուսանկարը Զեմֆիրայի Ֆեյսբուքի էջից

Համացանցում վաճառվում են ռուս երգչուհի, երգահան Զեմֆիրա Ռամազանովայի՝ Երևանում հուլիսի 4-ին կայանալիք համերգի կեղծ տոմսեր։ Վաճառք իրականացնում են Zemfira.band և ticket-am.com հարթակները։

Համերգի մասին հայտնի դարձավ ապրիլի 1-ին, երբ Զեմֆիրայի սոցցանցերի պաշտոնական էջերում հայտարարություն տեղադրվեց։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ տոմսերի վաճառքը սկսում է ապրիլի 8-ին՝ ժամը 14:00-ին:

Ապրիլի 3-ին նկատելի դարձան կայքեր, որոնք արդեն սկսել են վաճառել տոմսեր՝ բարձր արժեքներով։ 

Zemfira.band կայքում, օրինակ, տոմսերի նվազագույն արժեքը սկսում է 150 ԱՄՆ դոլարից։ Վրաստանում նախորդ տարի կայացած համերգի տոմսերը, օրինակ, սկսում էին 55 դոլարից։ Այս կայքում նշվում է նաև համերգի ժամը՝ 19:00, մինչդեռ պաշտոնական էջում նման տեղեկություն դեռ առկա չէ։ Կայքում նշված կոնտակտային տվյալները, մասնավորապես՝ էլեկտրոնային հասցեն ([email protected]) ևս չեն համընկնում պաշտոնական կայքում նշված հասցեի ([email protected]) հետ, իսկ որպես կազմակերպության հասցե նշվում է Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքը։

Ticket-am.com-ը ևս նույն սկզբունքով է վաճառքն իրականացնում։ Տոմսերի արժեքը սկսում է 150 դոլարից, համերգի ժամ է նշվում 19:00-ն։ Այս դեպքում որպես կազմակերպության հասցե նշվում է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվան։ 

Համերգի կազմակերպիչ Honeycomb Live Concert Agency-ն ևս նշել է, որ տոմսերի վաճառքը մեկնարկում է ապրիլի 8-ից։

«Ստուգված է»-ն փորձեց Զեմֆիրայի թիմից պարզել՝ տոմսերն իսկապե՞ս արդեն վաճառվում են և արդյոք կա՞ համագործակցություն Zemfira.band և Ticket-am.com կայքերի հետ։ 

Ապրիլի 3-ի երեկոյան մեզ պատասխանեցին, որ հիշատակված կայքերում տոմսերի վաճառք իրականացնողները խաբեբաներ են և տոմսերի հղումները երեքշաբթի (ապրիլի 8) կտեղադրվեն Զեմֆիրայի պաշտոնական՝ zemfira.world կայքում։

Այսպիսով, Զեմֆիրայի՝ Երևանում կայանալիք համերգի տոմսերը դեռևս չեն վաճառվում։ Zemfira.band և Ticket-am.com կայքերը պաշտոնական չեն, դրանց վաճառած տոմսերը, ըստ կազմակերպիչ կողմի, կեղծ են։ 

Ուղարկեք մեզ նյութեր, որոնք ստուգման կարիք ունեն

ուղարկել