Օֆելյա Սիմոնյան
Լրագրող, փաստեր ստուգող
Արարատ Միրզոյանն ու Էնթոնի Բլինքենը ստորագրում են ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, հունվարի 14, 2024

ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրումից հետո սոցիալական մեդիայում և փորձագիտական շրջանակում կար քննարկում, թե այն ներկայացվում է որպես Հայաստանի անվտանգության երաշխիք, սակայն նմանատիպ փաստաթուղթը Ուկրաինային «չփրկեց»։

Փաստաթուղթը նմանեցվում էր ինչպես Ուկրաինայի, այդպես էլ Վրաստանի հետ ԱՄՆ-ի ստորագրած ռազմավարական գործընկերության կանոնադրության հետ։

«Ստուգված է»-ն ուսումնասիրել է երեք այս փաստաթղթերն ու առանձնացրել պաշտպանությանն ու անվտանգությանը վերաբերող դրույթների հիմնական տարբերությունները։

Հայաստան

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության մեջ ամրագրված է, որ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականության պաշտպանությունը ԱՄՆ-ի և Հայաստանի ժողովուրդների համար ընդհանուր արժեքներ ու շահեր են։ Կա փոխադարձ ցանկություն ամրապնդելու հարաբերությունները՝ այդ թվում պաշտպանության և անվտանգության ոլորտներում։

Որպես գործընկերության հիմք նշվում է միմյանց ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության աջակցությունը:

Նշված է, որ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ընդլայնել իրենց պաշտպանական և անվտանգային համագործակցության ծրագրերի ծավալը՝ առաջիկա տարվա ընթացքում նախաձեռնելով երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ, և մասնագիտական ռազմական ուսուցման միջոցով աջակցել Հայաստանի զինված ուժերին:

Միացյալ Նահանգները ողջունել է նաև Հայաստանի ջանքերը՝ խորացնելու անվտանգության կապերը եվրաատլանտյան համայնքի այլ երկրների հետ․ «Եվրաատլանտյան կառույցներին Հայաստանի ինտեգրման խորացումը երկկողմ առաջնահերթություն է, և կողմերը նախատեսում են ընդլայնել անվտանգության ոլորտում համագործակցությունը և բարեփոխումների ծրագրերն՝ ուղղված Հայաստանի փոխգործունակության աճին և պաշտպանության ամրապնդմանը»,- նշված է կանոնադրության մեջ:

Հայաստանի հետ անվտանգային ոլորտում համագործակցության վերաբերյալ դրույթները սահմանափակվում են վերը նշված կետերով։

Կանոնադրության ստորագրման օրը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ասել էր, որ առաջիկա շաբաթներին մաքսային և սահմանապահ խումբ կմեկնի Հայաստան՝ աշխատելու հայ գործընկերների հետ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման, անվտանգության համագործակցության ամրապնդման ուղղությամբ՝ «Արծիվ Գործընկեր» ձևաչափով զորավարժությունների միջոցով։

Ստորագրված կանոնադրությանն անդրադարձել էր նաև Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նրա խոսքով՝ այս փաստաթղթից Հայաստանի և ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցությունը չի փոխվում։

Ուկրաինա

ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ստորագրվել է 2021-ի նոյեմբերի 10-ին։ Այն փոխարինելու եկավ 2008-ին ստորագրված համանման փաստաթղթին։ 

Նոր կանոնադրության մեջ նշվում էր, որ ԱՄՆ-ն կարևորում էր Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում՝ ներառյալ Ղրիմը։ Ընդգծվել էր նաև ռուսական շարունակվող ագրեսիան՝ որպես տարածաշրջանային խաղաղության սպառնալիք։

ԱՄՆ-ն ցանկություն էր հայտնել խորացնելու ռազմավարական գործընկերությունը անվտանգության և պաշտպանության ոլորտում։ Կանոնադրության 2-րդ բաժինը նվիրված էր անվտանգությանն և Ռուսաստանի ագրեսիայի դեմ պայքարին։

Ամրագրված էր, որ ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինային՝ առանց արտաքին միջամտության որոշելու իր ապագա արտաքին քաղաքական կուրսը՝ ներառյալ ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի ձգտումը։

«Միացյալ Նահանգները և Ուկրաինան մտադրված են շարունակել մի շարք կարևոր միջոցառումներ, որպեսզի կանխեն Ուկրաինայի դեմ ուղղված արտաքին ուղիղ և հիբրիդային ագրեսիան և պատասխանատվության ենթարկեն Ռուսաստանին այդ ագրեսիայի և միջազգային իրավունքի խախտումների համար, ներառյալ՝ Ղրիմի բռնագրավումն ու բռնի անեքսիան, Ռուսաստանի ղեկավարմամբ զինված հակամարտությունը Դոնեցկի և Լուգանսկի որոշ շրջաններում, Ռուսաստանի շարունակական թշնամական վարքագիծը»,- գրված է կանոնադրությունում:

Նշվում է, որ Միացյալ Նահանգները մտադիր է աջակցել Ուկրաինային՝ հակազդելու Ռուսաստանի զինված ագրեսիային՝ մինչև Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնումը։

Երկու երկրները որոշել էին խորացնել համագործակցությունը նաև հետախուզական տեղեկատվության փոխանակման ուղղությամբ։

ԱՄՆ-ն նաև պատրաստակամ էր աջակցել Ուկրաինային ավելացնելու ՆԱՏՕ-ի «Ընդլայնված հնարավորությունների գործընկեր» (EOP) կարգավիճակից ստացվող օգուտները։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նաև հայտարարել էր, որ Վաշինգտոնը լրացուցիչ ֆինանսավորում կհատկացնի Ուկրաինայի անվտանգության սեկտորն ուժեղացնելու համար։ Իսկ 2021 թվականի ընթացքում ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է 450 միլիոն դոլարի պաշտպանական օգնություն։

Ինչպես կարելի է նկատել, Ուկրաինայի և Հայաստանի հետ ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթղթերը էականորեն տարբերվում են։ Ճիշտ է, երկու դեպքում էլ կարևորվում է երկու երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և անվտանգային համակարգի զարգացումը համարվում է առաջնահերթություն, սակայն Ուկրաինայի դեպքում փաստաթուղթը հատկապես կենտրոնացած է Ռուսաստանի ագրեսիային հակազդելու, ՆԱՏՕ-ին ինտեգրվելուն աջակցելու ուղղությամբ։ Երկրները պատրաստ էին նաև փոխանակվել հետախուզական տեղեկատվությամբ։

Վրաստան

ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ստորագրվել է 2009 թվականի հունվարի 9-ին՝ երկու երկրների միջև երկարաժամկետ ռազմավարական հարաբերությունները ամրապնդելու նպատակով: Այն այժմ դադարեցված է։ Կարևոր է, որ փաստաթուղթը ստորագրվել է ոչ թե ռուս-վրացական պատերազմից («Օգոստոսյան պատերազմ», 2008թ․) առաջ, այլ հետո, հետևաբար դրա ստորագրումը չէր կարող ռազմական գործողությունների պատճառ դառնալ։

Ինչպես Հայաստանի և Ուկրաինայի դեպքում, Վրաստանի հետ ևս կանոնադրությամբ ամրագրվել է կողմերի հավատարմությունը միմյանց տարածքային ամբողջականությանը։

Փաստաթղթում նշվում է, որ ԱՄՆ-ն խրախուսում է Եվրաատլանտյան կառույցներին ինտեգրվելու Վրաստանի ջանքերը, և նախատեսում է ձեռնարկել անվտանգության ընդլայնված համագործակցության ծրագիր, որը նպատակ ունի մեծացնել Վրաստանի կարողությունները և ամրապնդել Վրաստանի թեկնածությունը ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ 

«Միացյալ Նահանգները և Վրաստանը նախատեսում են իրականացնել կառուցվածքային պլան, որպեսզի մեծացնեն ՆԱՏՕ-ի և Վրաստանի միջև փոխգործունակությունը և հնարավորությունների համադրման համակարգումը՝ վրացական զորքերի վերապատրաստման և սարքավորումների կատարելագործման միջոցով»,- նշված է կանոնադրության մեջ։

ԱՄՆ-ն հաստատել էր, որ աջակցում է Վրաստանին՝ ապահովելու անվտանգությունը և ՆԱՏՕ-ի հետ ռազմական ուժերի զարգացումը։

Հայաստանի դեպքում ևս նախատեսվում էր խորացնել ինտեգրումը Եվրաատլանտյան կառույցներին, սակայն որևէ խոսք չկար ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության կամ ՆԱՏՕ-ի միջոցով ռազմական ուժերի զարգացման մասին, ինչպես այդ մասին մի քանի անգամ շեշտվում է Վրաստանի դեպքում։ Երկու երկրների պարագայում էլ ԱՄՆ-ն նշել է, որ պատրաստ է աջակցել պաշտպանական ոլորտին, բայց եթե Վրաստանի դեպքում ուսուցման ու սարքավորումների միջոցով, ապա Հայաստանի դեպքում ուսուցման և խորհրդակցությունների։

ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Վրաստանին 2010-ից մինչև 2017 թվականը գնահատվել է տարեկան մոտ 74 միլիոն դոլար: 2008-2022 թվականներին ԱՄՆ-ից Վրաստան զենքի մատակարարումներին կարելի է ծանոթանալ Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) կայքում։