2023.11.18,

Ստուգված է

Հայաստան-Ուելս խաղի տոմսերը՝ սև շուկայում

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Հայաստանի ֆուտբոլի ֆենդերացիան (ՀՖՖ) հոկտեմբերի 20-ին հայտարարել էր, որ Ուելսի հավաքականի հետ նոյեմբերի 18-ի խաղի համար սահմանվել են տոմսերի նոր գներ. դրանք մասամբ թանկացել են։ 

Այս որոշման պատճառն այն էր, որ նախորդ՝ Հայաստան-Խորվաթիա (սեպտեմբերի 11) խաղին ընդառաջ, տոմսերը վաճառվել էին մի քանի ժամում, ապա հայտնվել սև շուկայում և վերավաճառվել շատ ավելի թանկ գներով։ 

Ըստ ՀՖՖ-ի՝ գնային այս նոր քաղաքականությունն արդարացված է, քանի որ «Հայաստան-Ուելս հանդիպման տոմսերի մեծ մասն արդեն սպառվել է, իսկ վաճառքն ընթացել է բնականոն հունով»։ Հանդիպման տոմսերի համար Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սահմանել էր հետևյալ գները՝ հյուսիսային և հարավային տրիբունաներ – 1.000-3.000 դրամ, արևելյան տրիբունա – 5.000-12.000 դրամ, արևմտյան տրիբունա – 10.000-16.000 դրամ։ 

Media.am-ի փաստերի ստուգման թիմը՝ «Ստուգված է»-ն, սև շուկայում հայտնված և ավելի բարձր արժեքով վաճառվող տոմսերի բազմաթիվ օրինակներ է գտել սոցցանցերում։ Վաճառողներից շատերը հրապարակել են իրենց հեռախոսահամարները, մյուսներն էլ վաճառքն իրականացնում են կեղծ օգտահաշիվների միջոցով։ 

Ֆեյսբուքում, Ինստագրամում և Տիկտոկում հոկտեմբեր ամսվա կեսերից տոմսերի վերավաճառքը կտրուկ ատիվացավ։ Հյուսիսային և հարավային տրիբունաների 1.000-3.000 դրամանոց տոմսերը վաճառվում են 15․000 դրամ։

Անյա Գալստյան անունով կեղծ էջը (էջի նկարները վերցված են Սոֆիկո Լեմոնջարի անունով այս կնոջ էջից) տոմսերը վաճառում է 12.000 դրամ՝ կապույտ (հյուսիսային և հարավային) տրիբունաները, 35.000 դրամ՝ նարնջագույն (արևելյան) տրիբունան։ 

Դաշտում է հայտնվել նաև թղթե տոմսերի վաճառք, արժեքը՝ 12.000 դրամ։

Ֆեյսբուքում տոմսերի վաճառքի նմանատիպ բազմաթիվ հրապարակումներ կան (1, 2, 3, 4, 5, 6, 7), մինչ հոդվածը հրապարակելու պահն էլ կարելի էր գտնել խաղի տոմսերի վաճառքի վերաբերյալ նոր հայտարարություններ (1, 2, 3)։ Առուվերավաճառքի վերաբերյալ որոշ հրապարակումներ արձանագրել ենք տեսանյութում, քանի որ դրանք շատ արագ հեռացվում են։

Նույնատիպ ակտիվություն է տիրում նաև Ինստագրամում (1, 2, 3, 4
Tomseri_vajarq էջում հոկտեմբերի 16-ից հանդիպման տոմսերի առցանց վաճառք է իրականացվում։ Արևելյան տրիբունայի արժեքը 25.000 դրամ, հարավայինինը՝ 13.000։

Մեկ այլ էջ՝ tomseri__vacharq-ը, արևելյան տրիբունայի համար պահանջում էր 8.500 դրամ։

Վաճառքը ակտիվորեն տարածվում է նաև Տիկտոկում (1, 2, 3, 4): 

Հայաստան-Ուելս խաղի տոմսերը վաճառվում են նաև list.am-ում (1, 2, 3

Թեև ՀՖՖ կայքում նշված է, որ տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո, այնուամենայնիվ դրանք հնարավոր է վերավաճառել, որովհետև մարզադաշտում նույնականացումն արվում է QR-կոդի միջոցով և անձնագրային նույնականացում այնտեղ չի տարվում։ Առցանց և անհայտ անձանցից/էջերից տոմսեր գնելու դեպքում մեծ է նաև վտանգը, որ նույն տոմսը  կարող է վաճառվել տարբեր մարդկանց։ 

Այսպիսով, ՀՖՖ պնդումը, թե տարվող գնային նոր քաղաքականությունը արդյունավետ է, խիստ կասակածելի է, քանի որ սև շուկայում տոմսերը շարունակում են վաճառվել և մի քանի անգամ ավելի բարձր գներով։

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *