2021.12.01,

Ստուգված է

Կորոնամիֆեր. նոյեմբերի 16-30

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Վերջին երկու շաբաթվա ընթացքում հակապատվաստումային ակտիվիստները ներկայացնում էին իրենց պնդումների անեկդոտային ապացույցներ և ծաղքաքաղ արված տվյալներ։ Նրանցից մեկը իր պնդումներին կշիռ տալու համար հղում էր անում հենց այն միջազգային կառույցներին, որոնց խորհուրդներին հակասող տեղեկությունը նա տարածում էր իր այլ ելույթներում։ 

Կորոնավիրուսը միայն ծերերի համար չէ վտանգավոր

Նոյեմբերի 17-ին Medmedia.am կայքը հրապարակեց համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանի մեկնաբանությունները, որտեղ նա պատվաստումների մասին մանիպուլյատիվ պնդումներ էր անում։ 

❌ «Մեզ մոտ մահանում են 60-ից բարձր տարիքի անձինք, իսկ մենք պատվաստում ենք աշխատող անձանց»։

Կորոնավիրուսից միայն ծերերը չէ, որ մահանում են։ Ռիսկի տակ են նաև խրոնիկ հիվանդություն ունեցող ցանկացած տարիքի անձինք, հղիները և այլն։ Ավելին,  Առողջապահության նախարարությունը շեշտել է, որ Դելտա շտամի ի հայտ գալուց հետո հիվանդությունը երիտասարդացել է․ այժմ հիվանդանոցում ծանր քովիդով հաճախ են հայտնվում երիտասարդ մարդիկ։ 

?Պատվաստված մարդը «չի բացառվում, որ կարող են վարակվել և վարակել»։

Պատվաստված մարդիկ իսկապես կարող են վարակվել, քանի որ որևէ պատվաստնյութ չունի 100% արդյունավետություն։ Սակայն հետազոտողները նշում են, որ պատվաստված մարդկանց շրջանում վարակվում է 100-ից մեկ հոգին։ 

Էդուարդ Հոդհաննիսյանը չի  ասում, որ նույնիսկ վարակման դեպքում պատվաստված մարդիկ հիվանդությունը տանում են թեթև, և հոսպիտալացման ու մահվան ռիսկը ավելի փոքր է։ 

Media.am-ը մանրամասն անդրադարձել է Էդուարդ Հովհաննիսյանի մանիպուլյատիվ պնդումներին։  

Անեկդոտային ապացույցներ ակտիվիստի կողմից

Հակապատվաստումային ակտիվիստ Դմիտրի Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ հրապարակեց, որում կոչ էր անում չենթարկվել ԱՆ սահմանափակումներին, չպատվաստվել և մերժել «սողացող սատանիզմը»։  

?«Միայն ես ծանոթ եմ մոտ երեք տասնյակի հասնող մահվան ելքերի, որոնք առաջացել են այս պատվաստումներից կարճ ժամանակ անց»։

Հարությունյանը այս պնդման մեջ վկայակոչում է անեկդոտային ապացույցներ, այսինքն՝ պատմում է ինչ-որ մի դեպք, որ պատահել է իր ծանոթների հետ և որևէ կերպ չի անցել գիտական ստուգում կամ վերլուծություն։ 

Անեկդոտային ապացույցները վստահելի չեն, քանի որ դրանք հավաքելու և մշակելու ժամանակ ուժեղ է մարդկային կողմնակալության գործոնը։ Այդպես՝ Դմիտրի Հարությունյանը հակապատվաստումային ակտիվիստ է և բնական է, որ կարող է հակված լինել այս տեսանկյունից մեկնաբանել ցանկացած տեղեկություն։ 

Ի տարբերություն անեկդոտային ապացույցների՝ գիտական տվյալները հավաքվում են հատուկ մեթոդով, որպեսզի մինիմիզացվի մարդկային կողմնակալության գործոնը և հնարավորինս ճգրիտ տեղեկություն հավաքվի։ 

Հայաստանում պատվաստումների հետ պատճառահետևանքային կապ ունեցող մահվան դեպքեր չեն գրանցվել։ 

Սարկաստիկ հոդվածը՝ խառնաշփոթ առաջացնող կրճատումներով

Նոյեմբերի 24-ին Эхо Москвы ռուսական լրատվամիջոցը գրեց Ջիբրալթարում համավարակի տեմպերի աճի մասին։ Հեղինակը մատնանշում էր, որ պատվաստումների բարձր ցուցանիշ ունեցող Ջիբրալթարում վարակվածությունը աճում է, իսկ հոսպիտալացման և մահերի թվերը շատ ցածր են՝ ի տարբերություն Ռուսաստանի, որտեղ պատվաստված է բնակչության կեսից պակասը։ Эхо Москвы-ի հեղինակը հոդվածը գրել էր սարկազմով․ Ռուսաստանում լարված իրավիճակը ներկայացնելու հետո նա գրում էր «Բայց պատվաստման տապալումը Ջիբրալթարում է»։ 

Հայկական News.am-ը թարգմանեց այս հոդվածը։ Սակայն կայքը որոշ հատվածներում կրճատել էր հեղինակի խոսքը այնպես, որ նախ՝ հասկանալի չէր, որ ասվածը սարկազմ է, երկրորդ՝ խեղաթյուրվում էր հեղինակի ասելիքը։ Համեմատեք, օրինակ, այս երկու մեջբերումները․ 

Օրիգինալ․ «Հաշվի առնելով բացահայտված դեպքերի հարաբերակցությունը, Ռուսաստանում հիվանդանոց են ընկնում 25 անգամ ավելի հաճախ [քան Ջիբրալթարում]։  

Բայց աղետը հենց Ջիբրալթարում է, ու հենց Ջիբրալթարն է ցույց տալիս, որ պատվաստումը պետք չէ, անօգուտ է և նույնիսկ վտանգավոր (էդ ես ձեզ դեռ ցույց չեմ տվել խթանիչ դեղաչափերի և վարակվածության հարաբերակցության գրաֆիկները, բայց դա իմ փոխարեն կանեն հակավաքսերը)»։ 

Թարգմանություն․ «Աղետը հենց Ջիբրալթարում է, իսկ Ջիբրալթարը ցույց է տալիս, որ պատվաստվել պետք չէ, այն անօգուտ է եւ նույնիսկ վտանգավոր»։

Ծաղկաքաղ արված վկայությունները

«Զարթոնք» կուսակցության ղեկավար, փաստաբան Արա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ հրապարակեց՝ տեղեկացնելով, որ դատական հայց է ներկայացրել Առողջապահության նախարարության դեմ։

Զոհրաբյանը հակապատվաստումային «Ազատ կամք» շարժման հիմնադիրն է, որի անդամներն են վերը նշված բժիշկ Էդուարդ Հովհաննիսյանը և ակտիվիստ Դմիտրի Հարությունյանը։ 

Իր տեսանյութում  Զոհրաբյանը քննադատում էր Moderna պատվաստանյութի օգտագործումը 12 տարեկանից բարձր երեխաների շրջանում։ Ըստ նրա՝ այս պատվաստանյութը «չի ստացել վերջնական գրանցում անգամ 18+ տարիքային խմբում իր մայր երկրում՝ ԱՄՆ-ում, իսկ 12-18 տարեկան հասակի երեխաների շրջանում կլինիկական փորձարկումների մասին որևէ հիշատակում չկա»:

Զոհրաբյանը իր պնդումները հիմավորելու համար վկայակոչում էր Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությունը։ Չնայած դրան՝ իր այլ ելույթներում Զոհրաբյանը բազմիցս արել է թե՛ ԱՀԿ, թե՛ ՍԴՎ խորհուրդներին հակասող պնդումներ։ 

Ինչ վերաբերում է 12-18 տարեկան երեխաների Moderna-ով պատվաստմանը, ապա այն արդեն  հաստատված է Եվրոպական միության գլխավոր առողջապահական կառույցի՝ Եվրոպական դեղերի գործակալության կողմից (սրա մասին Զոհրաբյանը չի հիշատակում)։ ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությունը հաստատել է երեխաների շրջանում Pfizer պատվաստանյութի կիրառումը։ Moderna-ի հաստատման գործընթացը վարչությունում երկարաձգվել է, քանի որ հավելյալ ստուգումներ են իրականացվնում հազվադեպ կողմնակի ազդեցությունների վերաբերյալ։ 

Զոհրաբյանը նաև չի նշում, որ Moderna-ն ԱՄՆ-ում երկրորդ ամենաշատ կիրառվող պատվաստանյութն է․ երկրում արդեն իսկ ներարկվել է ավելի քան 200 միլիոն դեղաչափ։ 

Հրապարակվեց «Հակապատվաստումային տեղեկատվական արշավի անատոմիան» հետազոտությունը

Նոյեմբերի վերջին Media.am-ը հրապարակեց սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների հակապատվաստումային տեղեկատվական արշավի վերաբերյալ հետազոտություն։ Պատվաստումների մասին տարածվող ապատեղեկատվությունը վերլուծվում էր երեք լրատվական կայքերի՝ Medmedia.am-ի, Iravunk.com-ի և Livenews.am-ի օրինակով։ 

Պարզվել էր, որ այս կայքերում պատվաստումների մասին բովանդակության զգալի մասը բացասական էր։ Ընդ որում՝ հեղինակային նյութերի ճնշող մեծամասնությունը հակապատվաստումային էին, ինչը ցույց է տալիս խմբագրության դիրքորոշումը։ Ավելին՝ կայքերի բովանդակության զգալի մասը ոչ թե սեփական հոդվածներն էին, այլ վերատպումներ Ֆեյսբուքից, պաշտոնական տեքստերից, լրատվականներից։ Ընդ որում՝ հաճախ վերատպման աղբյուրը չէր էլ նշվում։ Վերջապես, այս կայքերը հաճախ հարթակ էին տրամադրել հակապատվաստումային կոչեր անող ակտիվիստներին։ 

Հետազոտությունն ամբողջությամբ կարդացեք այստեղ։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *