2021.10.16,

Ստուգված է

Կորոնամիֆեր. հոկտեմբերի 1-15

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Հոկտեմբերի առաջին կեսին պատվաստումների և կորոնավիրուսի մասին միֆերը շարունակեցին հեղեղել մամուլն ու սոցիալական մեդիան։ Քաղաքական ակտիվիստները պնդում էին, թե պատվաստումից մարդիկ են մահացել, հակապատվաստումային դիրքորոշում ունեցող բժիշկները կիսատ էին ներկայացնում գիտական տվյալները, իսկ ֆեյսբուքյան օգտատերերը տարածում էին թուրք քաղաքական գործչի պնդումն այն մասին, թե պատվաստումից հետո ծնվում են պոչավոր երեխաներ։ 

«Պարտադիր պատվաստումների» դեմ հանրահավաքի մասնակիցները կեղծ պնդումներ արեցին

Հոկտեմբերի 7-ին Երևանում կայացավ պատվաստումների դեմ հանդես եկող «Ազատ կամք» նախաձեռնության հանրահավաքը։ Այս նախաձեռնությունը հիմնադրել է «Զարթոնք» կուսակցության ղեկավար, փաստաբան Արա Զոհրաբյանը, ով հիմնադրման ժամանակ մանիպուլացնում էր պատվաստումներին վերաբերող տեղեկությունը։ 

Լրագրողների հետ զրույցում Զոհրաբյանը վստահեցնում էր, որ իր նախաձեռնությունը դեմ չէ պատվաստումներին՝ դեմ է միայն դրանց պարտադիր լինելուն։ Սակայն հանրահավաքի մասնակիցների ելույթները այլ բան էին ասում։ Օրինակ՝ բժշկական համալսարանում սովորած, բայց բժշկությունից հեռացած Դմիտրի Հարությունյանը հանրահավաքի ժամանակ կոչ արեց․ «հանկարծ ոչ ոք չպատվաստվի, ձեզ տանում են սպանդի»։ Նա նաև պնդեց՝ Հայաստանում մարդիկ են մահացել պատվաստումների արդյունքում։ 

Տագնապ առաջացնող այս կոչերը Դմիտրի Հարությունյանը համադրել էր պատվաստումների մասին սխալ պնդումներով։ Օրինակ՝ նա ասում էր, որ դիմակները առաջացնում են թթվածնային քաղց (ինչը տարածված կեղծիք է), իսկ իսպանական գրիպը վարակիչ չէր (նույնպես սխալ է)։ Ինչ վերաբերվում է պատվաստումների և մահերի կապին, ապա ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանում պատվաստման հետ պատճառահետևանքային կապ ունեցող մահվան դեպքեր չեն գրանցվել:

Չնայած Հարությունյանը չէր նշում իր պնդումների աղբյուրը, Հայաստանի խոշոր լրատվականներից մեկը՝ «Առավոտ» թերթը դրանք կրկնել էր նույնությամբ՝ առանց ստուգելու։  

Հիվանդանալու ռիսկերը հաշվի չեն առնվում

«Ազատ կամք» նախաձեռնության մեկ այլ անդամ է բժիշկ, սեքսապաթոլոգ Սամվել Գրիգորյանը։

Գրիգորյանը երկար տարիներ ղեկավարել է ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնը։ 2020 թ․ Առողջապահության նախարարը Գրիգորյանին ազատել էր աշխատանքից, քանի որ վերջինս հրաժարվում էր կատարել նախարարության հրամանները կապված ԶԻԱՀ կենտրոնի և Նորք հիվանդանոցի միավորման հետ։ Ազատումից հետո Գրիգորյանը հանդես է գալիս նախարարության խիստ քննադատությամբ, այդ թվում՝ բնակչության իմունիզացիայի հարցում։ 

Նա խուսափում է չպատվաստվելու ուղիղ կոչ անել, բայց մանիպուլացնում է պատվաստանյութերի մասին տեղեկությունը։ Օրինակ՝ 5-րդ ալիքի եթերում նա մի քանի պնդում արեց, որոնք ներկայացնում էին վիրուսի և պատվաստումների մասին կիսատ տեղեկություն։ 

?«Մարդիկ պատվաստված վարակվում են և վարակը փոխանցում են», իսկ «ինչպես են փոխանցում վարակված պատվաստվածները՝ նույն կերպ ինչ չպատվաստվածները»։

Այս պնդումը կիսատ է․ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (CDC) տվյալներով՝ պատվաստված մարդիկ ավելի հազվադեպ են վարակվում։ Սա ենթադրում է, որ նաև քիչ են վարակում, քանի որ եթե մարդ հիվանդ չէ, ապա չի կարող և փոխանցել վիրուսը։

? «Հիվանդության հետևանքով ձևավորված իմունիտետը շատ ավելի կայուն է և տևական է», իսկ Իսրայելում արված հետազոտությունը ցույց է տալիս, թե պատվաստված մարդիկ 13 անգամ ավելի մեծ հավանականությամբ կվարակվեն, քան հիվանդացած-լավացածները։ Հետևաբար՝ ինչո՞ւ պետք է լավացած մարդիկ պատվաստվեն։ 

Բնական իմունիտետի մասին այս պնդումը նույնպես խնդրահարույց է։ Բնական իմունիտետ ձեռք բերելու համար մարդ պետք է վարակվի, սակայն վարակվելը կարող է բերել ծանր հիվանդության, հոսպիտալացման և մահվան։ Պատվաստումները կանխարգելում են հիվանդության ծանր ընթացքն ու մահը։ 

Ինչ վերաբերվում է լավացած մարդկանց պատվաստմանը, ապա կան երկրներ, որտեղ լավացած մարդիկ ստանում են միայն մեկ դոզա պատվաստում, քանի որ արդեն իսկ ունեն որոշակի իմունիտետ։ Սակայն այս թեմայով հետազոտությունները դեռ համեմատաբար քիչ են, և առայժմ երկրների մեծ մասը լավացած մարդկանց պատվաստում է սովորական՝ երկու դոզայով։ Ի դեպ, Գրիգորյանի մեջբերած հետազոտությունը առայժմ չի անցել peer review՝ այլ գիտնականների կողմից ստուգում։ Դրա հրատարակիչը զգուշացնում է, որ այն «հաղորդում է նոր բժշկական տվյալներ, որոնք դեռ պետք է գնահատվեն։ Այդ պատճառով դրանք չպետք է օգտագործվեն կլինիկական պրակտիկան ուղղորդելու համար»:  

Պատվաստումից հետո պոչավոր երեխաներ չեն ծնվում

Հոկտեմբերի սկզբին գրեթե 1,500 օգտատեր կիսվեց ֆեյսբուքյան մի գրառումով, որը պնդում էր, թե պատվաստված կանանցից ծնվում են «գենետիկ փոփոխված երեխաներ»՝ մորթով, երեք ձեռքով, չորս ոտքով ու նույնիսկ պոչով։

Գրառումը ուղերկցվում էր համապատասխան պատկերներով՝ թուրքական Beyaz հեռուստաընկերության տարբերանշանով։  

Գրառման մեջ պատկերված տղամարդը թուրք պահպանողական քաղաքական գործիչ Ֆատիհ Էրբականն է։ Նրա՝ պոչավոր երեխաների մասին հայտարարությունը լայնորեն տարածվել էլ թուրքական մամուլում, և նույնիսկ դարձել երկրի հայտնի հումորիստներից մեկի ծաղրի առարկա։ 

Էրբականի պնդումները կեղծ են։ Նախ՝ որևէ գիտական տվյալ չկա Moderna-ից և  Pfizer-ից հետո մի քանի ձեռք-ոտքով և պոչով ծնվող երեխաների մասին։ Բացի այդ՝ քաղաքական գործչի պնդումների կեղծ լինելում կարելի է համոզվել՝ ուսումնասիրելով նրա ցույց տված «գենետիկ փոփոխված» երեխաների նկարները։ Օրինակ՝ պոչավոր երեխայի պատկերը հեղինակ Լարի Դանսթընի գործն է․ սա ոչ թե իրական լուսանկար է, այլ խմբագրված պատկեր։

Այս պատկերը համացանցում շրջանառվում է առնվազն 2015 թվականից՝ Moderna և Pfizer պատվաստումների ստեղծումից շատ ավելի վաղ։

իՌՆԹ տեխնոլոգիայի «ստեղծողը» վստահելի աղբյուր չէ․ նա պատվաստումների մասին ապատեղեկատվություն է տարածում 

Հոկտեմբերի 7-ին MedMedia.am կայքը հրապարակեց ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի նախկին տնօրեն Սամվել Գրիգորյանի խոսքերն այն մասին, որ «զանգվածային պատվաստումները պետք է դադարեցվեն»։ Գրիգորյանը հղում էր անում ամերիկացի հետազոտող Ռոբերտ Մալոնին։ MedMedia.am կայքն էլ իր կողմից ավելացնում էր՝ ըստ Մալոնի, պատվաստումները վատթարացնում են հիվանդության ընթացքը։ 

Մալոնը իրեն ներկայացնում է որպես իՌՆԹ (mRNA) տեխնոլոգիայի ստեղծող։ Այս տեխնոլոգիայով են աշխատում Moderna և Pfizer պատվաստանյութերը։ Մալոնը դեմ է արտահայտվում այս պատվաստանյութերին, պնդում է, որ դրանք վնաս են տալիս օրգանիզմին։ Վերջին շրջանում Մալոնը հայտնի է դարձել ԱՄՆ-ում, նրա խոսքերը հաճախ են լուսաբանում են առավել պահպանողական կամ պատվաստումներին դեմ արտահայտվող մեդիա հարթակները։

Թեև Մալոնը ներկայանում է որպես իՌՆԹ տեխնոլոգիայի ստեղծող, սակայն այս տեխնոլոգիան երկար տարիներ հետազոտել են բազմաթիվ գիտնականներ, և այն չունի մեկ առանձին ստեղծող։ Ավելին՝ Մալոնը չի մասնակցել այս տեխնոլոգիայի հիման վրա մշակված Moderna և Pfizer պատվաստանյութերի ստեղծմանը։ Փաստեր ստուգող լրագրողները սխալ և մանիպուլյատիվ բազմաթիվ պնդումներ են գտել Մալոնի ելույթներում (օրինակ 1, օրինակ 2)։ 

Հայկական MedMedia.am կայքը նույնպես հաճախ է պատվաստումների մասին ապատեղեկատվություն տարածում։ Այն հիմնադրել է ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը։ Նա ոչ միայն բժիշկ է, այլև քաղաքական գործիչ․ ԱԺ արտահերթ ընտրություններին նա ընդգրկված էր ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակում։ 

2020 թ․ MedMedia.am կայքին անդրադարձավ միջազգային մամուլը․ openDemocracy և The Guardian պարբերականները գրեցին, որ Գրիգորյանը կայքը ստեղծելու համար դրամաշնորհ էր ստացել ԱՄՆ դեսպանատնից, և, փաստորեն, Հայաստանում Covid-19-ի մասին ապատեղեկատվություն տարածող կայքը ֆինանսավորվել է ամերիկացի հարկատուների միջոցներով։

Հղի կանանց կարելի է պատվաստվել

Վերջին շաբաթների ընթացքում պատվաստումների մասին առավել հաճախ հնչող մտահոգություններից է հղի կանանց պատվաստումը․ շատերը պնդում են, թե հղիներին և կերակրող մայրերին չի կարելի պատվաստել։ Հոկտեմբերի սկզբին այս պնդումները չդադարեցին։ MedMedia.am կայքը գրեց, թե «Պատվաստվելու վերաբերյալ [Արսեն] Թորոսյանի «խորհուրդները» կարող են թանկ արժենալ հղիների համար», իսկ ակտիվիստ Դմիտրի Հարությունjանը հորդորեց չպատվաստվել․ նա վստահեցնում էր, որ հղի կանայք թեթև են տանում վիրուսը։ 

Հղիության և պատվաստումների մասին շահարկումները մասամբ պայմանավորված են նրանով, որ երբ կորոնավիրուսի դեմ պատվաստումները դեռ փորձարկման նախնական փուլերում էին, հղի կանայք փորձարկվողների շրջանում չկային։ Այսինքն՝ գիտնականները չունեին տվյալներ հղիների առողջության վրա պատվաստման ազդեցության մասին։ Տվյալների բացակայության պատճառով հղիներին պատվաստումը ցուցված չէր։ Սակայն ժամանակի ընթացքում հետազոտությունները ցույց տվեցին, որ հղիների համար պատվաստումը անվտանգ է, և տարբեր երկրներ սկսեցին պատվաստել նաև հղի կանանց։ Օգոստոսի սկզբին ԱՄՆ-ում պատվաստված էր ավելի քան 130,000 հղի, Մեծ Բրիտանիայում՝ 52,000։ 

Ի տարբերություն պատվաստման, կորոնավիրուսային հիվանդությունը կարող է չափազանց վտանգավոր լինել հղիների համար։ Դմիտրի Հարությունյանը վստահեցնում իր հետևորդներին, որ հղիները հիվանդությունը թեթև են տանում, սակայն մոռանում էր նշել, որ գիտական տվյալներն ու փորձը հակառակն են վկայում։ Հայաստանում արդեն արձանագրվել է մի քանի հղի կնոջ մահ կորոնավիրուսից։ Վերջին դեպքը արձանագրվել է հոկտեմբերի 13-ին․ կորոնավիրուսից մահացել էր 30-ամյա ծննդկան։ 

Միաժամանակ, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոևը հայտնեց, որ Հայաստանում «ունեցել ենք դեպք, որ պատվաստված կինը հղիացել է, նորմալ ընթացք ու ծննդաբերություն է գրանցվել»։

ԱԺ պատգամավորը մանիպուլացրեց պատվաստումների՝ պարտադիր և թեստերի՝ անվճար լինելը

Հոկտեմբերի 7-ին փաստաբան, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը իր ֆեյսբուքյան էջում գրեց, թե «ՉԿԱ Եվրոպական երկիր որտեղ պատվաստումը լինի ՀԱՐԿԱԴԻՐ»։ Այս պնդումը սխալ էր։ Նրա խոսքերը ստուգեց Fip.am կայքը՝ բերելով մի շարք եվրոպական երկրների օրինակներ (Իտալիա, Հունաստան, Ֆրանսիա), որտեղ պատվաստումները պարտադիր են։ 

Հոկտեմբերի 11-ին Վարդևանյանը՝ լրագրողների հետ զրույցում հակադարձեց Fip.am-ին՝ պնդելով, թե կայքը սխալվել է․ «ասում է, որ կա՛մ պատվաստվում ես, կա՛մ` թեստի արդյունք ներկայացնում։ Դա չնշանակեց, որ դա հարկադիր է»։ 

Վարդևանյանի այս հայտարարությանը անդրադարձավ Media.am-ը՝ պարզելով, որ այս պնդումը մանիպուլյատիվ էր․ չէ՞ որ այս տրամաբանությամբ նաև Հայաստանում պատվաստումները պարտադիր չեն, քանի որ կարելի է կա՛մ թեստ հանձնել 14 օրը մեկ, կա՛մ պատվաստվել։ 

Media.am-ը նաև անդրադարձավ Վարդևանյանի այն պնդմանը, թե Եվրոպայում թեստերը անվճար են։ Այդ պնդումը ժամանակավրեպ է․ թեև թեստերը եղել են անվճար, սակայն աշնանը ԵՄ երկրներում նույնպես դրանք դառնում են վճարովի՝ բկակիչների շրջանում անվճար պատվաստումը խթանելու նպատակով։ 

Անահիտ Ավանեսյանը հրաժարական չի տվել

Հոկտեմբերի 12-ին arm2news.info սունկ կայքը լուր տարածեց, թե Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լքում է պաշտոնը։ Ֆեյսբուքում այս գրառումը հավանեցին ավելի քան 1,400 անգամ, կիսվեցին՝ 140 անգամ։

Հոդվածում, սակայն, վերնագրի խոստացած տեղեկությունը չկար։ Փոխարենը սունկ կայքը պատմում էր հոկտեմբերի 7-ին կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի պատվաստումների վերաբերյալ բարկացած ելույթի մասին։ Այնուհետև ավելացնում․ «լուրեր են պտտվում» թե նախարարը «ցանկացել է» հրաժարական տալ։ 

Անահիտ Ավանեսյանի ենթադրյալ հրաժարականի մասին որևէ այլ հաղորդում մամուլում կամ պաշտոնական աղբյուրներում չկա։ Նա շարունակում է պաշտոնավարել։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *