2021.08.25,

Ստուգված է

Ստեփանակերտի պայթյունները՝ սակրավորների աշխատանքի հետևանք

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Այսօր՝ օգոստոսի 25-ին, ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածվեցին գրառումներ այն մասին, որ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում պայթյունի ձայներ են լսվել։ Ըստ օգտատերերի՝ 3 պայթյուն էր եղել, որի ուժգնությունից բացվել էին քաղաքի պատուհանները, իսկ մարդիկ՝ խուճապահար իջել ներքև։ Հրապարակվել էին նաև լուսանկարներ։

Բնակիչների և ֆեյսբուքյան օգտատերերի մոտ կարող էր տպավորություն  ստեղծվել, թե պայթյունը կապված է ադրբեջանական կողմի գործողությունների հետ։

Պայթեցման աշխատանքները կատարել են Արցախի սակրավորները

Media.am-ի հետ զրույցում Արցախի ազգային անվտանգության ծառայությունից տեղեկացրին, որ պայթյունի ձայները Հումանիտար ականազերծման կենտրոնի սակրավորական խմբերի իրականացրած պլանային պայթեցման աշխատանքների հետևանք են: Ուժային կառույցից վստահեցրին, որ ձայները որևէ կապ չունեն ադրբեջանական կողմի գործողությունների հետ՝ հավելելով, որ աշխատանքները շարունակվում են և կարող են լսվել նոր ձայներ։

Հայտարարություն տարածեց նաև Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, որում նշվում էր.

«Ստեփանակերտում և հարակից բնակավայրերում հնչած պայթյունները տեղի է ունեցել Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի վարչական տարածքի դաշտային գոտում, որտեղ Հումանիտար ականազերծման կենտրոնի սակրավորական խմբերը նախատեսել էին իրականացնել պլանային պայթեցման աշխատանքներ: Սակայն, այդ տարածքում բռնկված հրդեհը քամու ուժգնությամբ տարածվել է և հասել այն վայրը, որտեղ նախապես պահեստավորված է եղել դեռևս չպայթած ու կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքը»:

Ծառայությունը նաև տեղեկացրել էր, որ այդ պահին սակրավորների, հրշեջ փրկարարների և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից իրականացվում են միջոցառումները՝ կրակը մարելու և սպառնացող վտանգը արագ կանխելու ուղղությամբ: 

Որոշ բնակիչներ ստացել էին SMS հաղորդագրություններ այն մասին, որ սակրավորներն այսօր իրականացնելու են պայթեցման աշխատանքներ, իսկ որոշները դժգոհում էին, որ իրենց հաղորդագրություններ չեն ուղարկվել։

Այսպիսով, այսօր Ստեփանակերտում և հարակից բնակավայրերում լսված պայթյուններն առնչություն չունեն հակառակորդի գործողությունների հետ. դրանք սակրավորների կողմից իրականացվող պայթեցման աշխատանքներ էին, որի հետևանքով հրդեհ է բռնկվել չպայթած ու կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքի պահեստում։

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *