2021.07.27,

Ստուգված է

Սխալ լուր․ Համազասպ Դանիելյանը 5 բնակարան չի հայտարարագրել

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Lurer.com-ը, հուլիսի 20-ին հրապարակված հոդվածում, անդրադարձել էր մի քանի պաշտոնյաների հայտարարագրերին։ Լրատվականը թվարկել էր այն քաղաքական գործիչներին, որոնք, ըստ իր ուսումնասիրության, բնակարան են ձեռք բերել արտերկրում՝ գործող իշխանության ժամանակ պաշտոն զբաղեցնելու ընթացքում։ Նյութի հեղինակը դիտարկել էր նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի հայտարարգիրը ու գրել, թե 2019-ի հայտարարագրում պատգամավորը նշել է հինգ բնակարան, «որից միայն Բաթումի երկրորդ բնակարանն է ձեռք բերել 2019-ին»։

Ուսումնասիրելով Համազասպ Դանիելյանի 2019-ի հայտարարագիրը, տեսնում ենք, որ Lurer.com-ը ոչ ամբողջական և աղավաղված տեղեկություններ է ներկայացրել։ Մասնավորապես՝ հայտարարագրում չկա խոսք 5 բնակարանների մասին։ 2019-ին պաշտանատար անձի հայտարարագրում նշված է, որ Դանելյանն այդ պահին ունի երկու բնակարան՝ Երևանում՝ Ավան վարչական շրջանում և Բաթումիում։ Ավանի բնակարանը ձեռք է բերվել 2014-ին, իսկ Բաթումիինը՝ 2019-ին։ 

Դանիելյանի հայտարարագրում, որպես նրան պատկանող անշարժ գույք, նշված է նաև մեկ հողամաս՝ Կոտայքի Առինջ համայնքում, որը ձեռք է բերվել 2017-ին, և բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք՝ նկուղ, որի ձեռքբերման տարեթիվը 2014-ն է։ 

2019 թվականին Դանիելյանի ներկայացրած՝ պաշտոնի ստանձման հայտարարագրում դեռևս հրապարակված չէին անշարժ գույքի հասցեները, սակայն այդտեղ էլ, ինչպես հաջորդիվ ներկայացրած հայտարարագրում, պատգամավորին պատկանող 4 անշարժ գույք կար՝ 2 բնակարան, մեկ հողամաս և մեկ ոչ բնակելի տարածք՝ բազմաբնակարան շենքում (նկուղ)։ Որևէ խոսք չկա Բաթումիում երկրորդ բնակարանի մասին, ինչպես պնդում էր արել հոդվածի հեղինակն իր նյութում։

Գարիկ Սարգսյան

Lurer.com-ի ուսումնասիրության տիրույթում էր հայտնվել նաև Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ, Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Լրատվականը գրել էր, որ նա Ռուսաստանում՝ Մերձմոսկովյան շրջանի Խիմկի քաղաքում, 9.000.000 ռուբլի արժողությամբ բնակարան է ձեռք բերել։

Ռուսաստանում բնակարանի ձեռքբերման մասին Գարիկ Սարգսյանի կամ նրա հետ փոխկապակցված անձանց հայտարարագրում ոչինչ նշված չէ։ Հայտնի չէ, թե Lurer.com-ն ինչ աղբյուրներից է օգտվել՝ նման տեղեկատվություն հաղորդելիս։ Սարգսյանի՝ 2020-ի հայտարարագրում տեսնում ենք նրան պատկանող երկու անշարժ գույք՝ անհատական բնակելի տուն՝ Նոր Կյանք համայնքում, որը ձեռք է բերվել 1992 թվականին, և հողամաս՝ Նոր Ուղի համայնքում՝ ձեռք բերված 1991-ին։

Այսպիսով, Lurer.com-ը, վերլուծելով Համազասպ Դանիելյանի հայտարարագրերը, պատգամավորին պատկանող անշարժ գույքի մասին փոխանցել է սխալ տեղեկություններ։ Դանիելյանը հայտարարագրում չի նշել 5 բնակարան և Բաթումիում նրան պատկանող բնակարանի թիվը երկուսը չէ, այլ՝ մեկը։ Ինչ վերաբերում է Գարիկ Սարգսյանի՝ Ռուսաստանում բնակարան ձեռք բերելուն, ապա հայտնի չէ, թե լրատվականն ինչ աղբյուրից է օգտվել՝ նման տեղեկություն փոխանցելիս։

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *