2021.07.22,

Ստուգված է

Մանիպուլյացիա․ Սիրուշոն ասում է, որ չունեն տուն ու սեփականություն

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Վճիռ․ մանիպուլյացիա

Հուլիսի 16-ին GoodInfo սունկ (քլիքբեյթ) էջը համատեքստից կտրված տեղեկություն տարածեց երգչուհի, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարս Սիրուշոյի մասին։

Սիրուշոյի նկարով և նրա մասին սկանդալային վերնագրով հոդվածը որևէ կապ Սիրուշոյի հետ չուներ։

GoodInfo էջի՝ հուլիսի 16-ին տարածված հրապարակման մեջ օգտագործվում էր Սիրուշոյի լուսանկարը, իսկ վերնագրում ասվում էր․ «Ընդհшնրшպես չունենք տուն, սեփшկшնություն․Սիրուշոյի սկшնդшլшյին հшյտшրшրությունը իրшրանցում է առաջացրել հшմшցшնցում»։ Հուլիսի 21-ի դրությամբ գրառումը ստացել էր 340 հավանում և 460 մեկնաբանություն։

Այս հայտարարությունը իսկապես արվել է Սիրուշոյի կողմից, սակայն մի քանի տարի առաջ։ 2019-ի նոյեմբերին երգչուհին ներկայացնում էր իր զարդերի հավաքածուն ԱՄՆ-ում։ Միջոցառման ժամանակ «Ամերիկայի ձայն» լրատվականին տված հարցազրույցում Սիրուշոն ասել էր․ «Չեմ բնակվում այստեղ, չունենք տուն, սեփականություն, ընդհանրապես»։ Նա նկատի ուներ տունն ու սեփականությունը ԱՄՆ-ում (տեսանյութում 5:18-ից)։

Այս արտահայտությունը այնուհետև հայնտվել էր հայկական մամուլի վերնագրերում։ Օրինակ՝ Yelaket-ի՝ 76,000 դիտում ունեցող տեսանյութը վերնագրված էր «Ընդհանրապես չունենք տուն, սեփականություն․ Սիրուշո»։ Վերնագրում չէր նշվում, որ խոսքը Սիրուշոյի, հետևաբար նաև՝ նախկին նախագահ Քոչարյանի ընտանիքի՝ ԱՄՆ-ում սեփականություն չունենալու մասին էր։

2021-ի հուլիսին GoodInfo սունկ էջը նորից օգտագործեց կիսատ տեղեկություն հայտնող այս վերնագիրը։ Սակայն հոդվածը, որն ուղեկցվում էր այս վերնագրով, որևէ կերպ չէր վերաբերում Սիրուշոյին։ Փոխարենը հոդվածը մի կնոջ (նրա անունը չէր նշվում) պատմություն էր, որը բողոքում էր որդուց՝ նշելով, որ տղան արդեն 25 տարեկան է։ Սիրուշոյի զավակները մանկահասակ են․ նրա առաջնեկը ծնվել է 2014 թ․։ Ավելին՝ GoodInfo-ի՝ իբր Սիրուշոյի մասին պատմող նյութի տեքստը արդեն առնվազն մի քանի ամիս է տարածվում է սունկ կայքերում՝ տարբեր նկարներով և համատեքստներում (տես հրապարակում 2020-ի հունիսից կամ 2021-ի մարտից

Այսպիսով՝ Goodinfo-ն մեծամասամբ սխալ տեղեկություն էր տարածել Սիրուշոյի մասին։ Կայքը օգտագործել էր համատեքստից կտրված վերնագիր և Սիրուշոյի նկարները համադրել էր նրա հետ կապ չունեցող տեքստի հետ։

Կարինե Ղազարյան

Այս հոդվածը պատրաստվել է Փաստ-մետրի հետ համատեղ և հանդիսանում է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի մի մասը: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *