2021.06.20,

Ստուգված է

Դավադրության տեսություն․ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը վերահսկում է Հայաստանի հետհեղափոխական կառավարությունը

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Վճիռ` կեղծ լուր

Hraparak TV-ի հետ հարցազրույցում շվեյցարաբնակ Թերեզա Մխիթարյանը տարածում է դավադրության տեսություններ հրեաների, Ջորջ Սորոսի մասին։ Նա նաև մանիպուլացնում է 2021-ի ապրիլին ընդունված արդյունաբերական կանեփի մասին Հայաստանի կառավարության որոշումը՝ դրանում տեսնելով գաղտնի նպատակներ։

Դավադրության տեսություններ բարերարից

Ֆինանսիստ և «Ջերմոլիո» բարեգործական ասոցիացիայի նախագահ Թերեզա Մխիթարյանը Hraparak TV-ի հետ զրույցում բացի Սորոսի, հրեաների մասին դավադրության տեսություններ տարածելուց նաև մանիպուլացնում է արդյուանբերական կանեփի մասին որոշումը։ Ավելին, այն կապում է գաղտնի պլանների հետ։

Ըստ նրա՝ հետհեղափոխական կառավարությունը ղեկավարվում է դրսից, մասնավորապես՝ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության կողմից։ Այս դավադրապաշտական պնդման համար նա չի ներկայացնում որևէ փաստ, բայց համարում է, որ իր ասածը «փաստ է, ոչ թե՝ կարծիք»։

Մխիթարյանը բացատրում է, որ իր՝ ֆինանսիստի փորձը, տարբեր երկրներում տեսած օրինակները իրեն թույլ են տալիս հասկանալ, որ աշխարհը կառավարվում է մի կենտրոնից` ԱՄՆ-ից, քանի որ «աշխարհի փողը բոլորին տալիս ա» Ամերիկան, ավելի ճիշտ՝ «Ամերիկայում մի քանի անհատ հրեաները»։

Ըստ Թերեզա Մխիթարյանի, այս փողով նրանք ուզում են գնել աշխարհը և կառավարել իրենց ձեռնտու կերպով։ Նրանց գաղափարախոսությունն էլ, ըստ նույն մեկնաբանի, հետևյալն է` «երկրագնդում մարդիկ քիչ լինեն, քրիստոնեաները ընհանրապես չլինեն, բոլորը մարիխուանայի վրա նստած լինեն»։ Աշխարհը լինի առանց «սահմանների, տղամարդկության, լեզուների, պատմության իմանալու, թասիբի, նամուսի»։

Մխիթարյանը պնդում է, որ Հայաստանում ընդունվել է թմրադեղի մասին օրենքը, քանի որ «մարիխուանայից մարդու ուղեղը փոխվում ա։ [․․․] Մարիխուանան իրականությունից կտրում ա, իսկ չարի, սատանայի ամենակարևոր գործը մարդուն իրականությունից կտրելն ա։ […] Եթե դու սաղ երկրի տղաներին նստացնես մարիխուանայի վրա, ո՞վ ա գնալու սահման։ Վրաստանում ո՞վ ա գնում սահման պաշտպանի։ Ոչ մեկ։ Վրաստանը հիմա կարան կես րոպեում վերցնեն, այդպես իրանց թուլացրել են»։

Մարիխուանայի թեմայից նա սահուն անցում է կատարում Սորոսի գումարներին, որոնք տրվում են «աբիժնիկներին» և ստեղծվում է «աբիժնիկների ցանց»։ Ավելին, սա Հայաստանի քանդման գործընթացի սկիզբը չէ, այն սկսվել է «Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, երբ Սովետական միությունը քանդելուց հետո ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը բերեց իր մարդուն՝ Տեր-Պետրոսյանին»։

Մխիթարյանը այս հարցազրույցից ամիսներ առաջ արդեն խոսել էր Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանից ֆինանսավորվող լրատվամիջոցների մասին։ Այս հարցազրում նա կրկնում ու զարգացնում է թեման։ Ըստ նրա սորոսական այս ցանցը, ներառյալ նույն ֆոնդից սնվող լրատվամիջոցները, պայքարել են ընդդեմ իր թվարկած արժեքների, որոնց դեմ պայքարելը աշխարհի կառավարիչների օրակարգում է։

Սա վերաբերում է թե աշխարհը մեկ կենտրոնից կառավարող հրեաներին, թե «սորոսական աբիժնիկների ցանցին», թե Լևոն Տեր-Պետրոսյանի` ԱՄՆ-ի մարդը լինելուն։ Սորոսի մասին նման տեսությունների մասին կարդացեք այստեղ։ Այս ժանրի յուրահատկությունն է ներկայացնել թվացյալ փաստեր, գտնել ակնհայտ կապեր ու անել պարզունակ եզրակացությունները։ Սա այն է, ինչ առանց փաստական հիմքի անում է Մխիթարյանը, իր դատողությունները համարելով ոչ թե կարիծք, այլ՝ փաստ։Հետևաբար, նրա պնդումները հիմնված չեն փաստերի վրա, դրանք դավադրության տեսությունների ժանրից են։

Ինչ են ասում փաստերը

Թերեզա Մխիթարյանը բացի դավադրության տեսություններ տարածելուց և դրանք` որպես փաստ ներկայացնելուց նաև խեղաթյուրում է փաստերը։

Սխալ և մանիպուլյատիվ է նրա պնդումը, թե Հայասատնում անցավ օրենքը թմրադեղերի մասին. Հայաստանում ցանկացած տեսակի թմրադեղ անօրինական է։

Նրա նշած օրենքը վերաբերում է ոչ թե մարիխուանային, այլ արդյունաբերական կանեփին, որն օգտագործվելու է միայն արդյունաբերական նպատակով։ Կառավարությունը 2021-ի ապրիլի 29-ին հավանություն է տվել Հայաստանում արդյուանբերական կանեփի արտադրությանը, ներմուծմանը, արտահանմանն ու վաճառքին։ Հաշվի առնելով ռիսկերը` նման գործունեության համար անհրաժեշտ է հատուկ լիցենզիա, որը չի տրամադրվի թմրամիջոցների մասին օրենքը խախտածներին, թմրադեղերից կախվածություն ունեցողներին։

Կառավարությունը նման որոշում կայացրել է տնտեսական պատճառներով։ Այս օրենքի հիմնավորման մեջ նշված է, որ Հայաստանի գյուղատնտեսական հողերի շուրջ ⅓-ը անմշակ վիճակում է։

Արդյունաբերական կանեփի մշակման և արտադրության որոշումը Հայաստանի կառավարությունը կայացրեց պատերազմից և համավարակից հետո։ Նրանք պարզաբանում էին, որ սրա նպատակը տնտեսության վերականգնումն է․ կառավարությունն անհրաժեշտ նախապայմաններով է ապահովում է նոր, բարձր ավելացված արժեք ստեղծող մշակաբույսերի աճեցման և վերամշակման համար։ Որպես նման մշակաբույսի օրինակ բերվում է արդյունաբերական կանեփը, որի աճեցման դրական փորձը ունի Ռուսաստանը, ԱՄՆ-Ն և Չինաստանը։ Դրանից ստացվում է մանրաթելեր և յուղ, որն օգտագործվում է տարբեր ապրանքատեսակների արտադրության համար:

Հաշվի առնելով հնարավոր շահարկումները` կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց՝ «Ցավոք կանեփ ասելով այլ բան են հասկանում, մինչդեռ կանեփը շատ կարևոր արդյունաբերական հումք է։ Տվյալ դեպքում արդյունաբերական հումքի մշակման մասին է խոսքը, որը, իհարկե, իր հետ զուգահեռ ռիսկեր ունի և այդ ռիսկերի կառավարման հստակ մեխանիզմներ կան, որոնք արդեն փորձարկված են մի շարք երկրներում։ Իհարկե, մենք շատ ուշադիր պետք է ծրագիրը առաջ տանենք»։

Այսպիսով, Թերեզա Մխիթարյանի պնդումները բացարձակ անհիմն են, որովհետև Հայաստանում մարիխուանան և ցանկացած այլ թմրամիջոց անօրինական է։ Կառավարությունը թույլատրել է արդյունաբերական կանեփի արտադրությունը, վերամշակումը, որը օգտագործում են արտադրական նպատակով։

Արշալույս Բարսեղյան

Այս հոդվածը պատրաստվել է Փաստ-մետրի հետ համատեղ և հանդիսանում է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի մի մասը: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *