2021.04.02,

Ստուգված է

Մարտի 15-31-ի կեղծ ու հերքված լուրերը․ թեստ

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Մարտի երկրորդ կեսին կառավարությունը հերքում էր նախարար Հակոբ Արշակյանի հրաժարականը (որը նա ի վերջո տվեց)։ Իսկ մամուլը գրում էր Ադրբեջանի Կախ շրջանում տեղի ունեցած սկանդալի մասին՝ պնդելով, թե դեպքը պատահել է Արցախում։ Տեղեկատվական դաշտից անպակաս էին նաև Ջորջ Սորոսի և պատվաստումների մասին դավադրության տեսությունները։ 

? Մինչև կարդալը փորձեք գուշակել սուտ լուրերը՝ անցնելով մեր կարճ թեստը։

 

Փաշինյանը հայկական կողմի զոհերի թիվը սխալ էր նշում 

Օհանավանում իր ելույթի ժամանակ վարչապետը հայտարարեց, թե զոհերի թիվը կեղծվում և ուռճացվում է։ Ըստ վարչապետի՝ մարտի 19-ի դրությամբ պաշտոնապես հայտնի է 3,250 զոհի մասին, ևս 189 ընտանիք սպասում են ԴՆԹ թեստի պատասխանին։ 

Որոշ քաղաքական գործիչներ իսկապես չճշտված և պաշտոնական տվյալները մի քանի անգամ գերազանցող թիվ են հնչեցնում։ Սակայն Փաշինյանի հնչեցրած թիվը նույնպես հակասում է պաշտոնապես հայտարարված զոհերի թվին։ 

Դեռ փետրվարին Առողջապահության նախարարությունը հայտարարել էր 3,577 զոհվածների մասին։ Իսկ մարտի 15-ին Արցախի ՊԲ-ն հրապարակեց ևս 96 զոհված զինծառայողի անուն։ 

Այսպիսով՝ մարտի 19-ի դրությամբ պաշտոնապես հայտնի զովածների թիվը գերազանցում էր վարչապետի հնչեցրածին։ 

Որսը ոչ թե Արցախում էր, այլ Ադրբեջանի հյուսիսային շրջանում

Մարտի 26-ին հայաստանյան մամուլը հայտնեց, թե «Արաբ շեյխերը որս են անում Արցախում»։ Նման վերնագրով նյութեր հրապարակեցին lurer.com-ը, Инфотека 24-ը, asekose.am-ը և այլ լրատվականներ։ 

Լուրը սխալ էր․ արաբ տուրիստները որս էին անում ոչ թե Արցախում, այլ Ադրբեջանի հյուսիսային Կախ շրջանում: Հրապարակված լուսանկարները պատկերում էին որսորդներին՝ սպանված կռունկի հետ։ Լուսանկարները լայնորեն տարածվել էին ադրբեջանական սոցցանցերում և առաջացրել օգտատերերի և բնապահպանների զայրույթը։ 

Շվեյցարիայում բնակվող բարերարը վստահ էր, որ ՀՀ կառավարության հետևում արևմտյան ուժեր են

«Երկիր մեդիա» հեռուստաալիքին բարերար Թերեզա Մխիթարյանի հարցազրույցի  դավադրապաշտական պնդումները տարածվեցին սոցցանցերում։ 

Մխիթարյանը հավատացած էր, որ ոչինչ պատահական չի կատարվում, և ամեն ինչի հետևում կան «ուժեր»՝ արևմտյան գլոբալիստները։ Նրա համոզմամաբ՝ այդ ուժերն էլ կանգնած են Հայաստանի կառավարության ետևում (մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ դեսպանատները և «Սորոսի օֆիսը»)։ 

Մխիթարյանը վստահ էր, որ Հայաստանում «Սորոսը, գլոբալիստները ու արևմտյան ուժերը» ԶԼՄ-ների միջոցով մարդկանց «ապուշ» են դարձնում։ Դրանից հետո մարդկանց տալիս են գլոբալիստների կողմից «լեգալիզացված թմրանյութը»։ Մխիթարյանը կարծում էր, որ «դրսից հրաման են տալիս», որպեսզի Հայաստանում մարիխուանա աճեցվի։  

Իր պնդումներն ապացուցելու համար Մխիթարյանը ներկայացրել էր ԲՀՀ – Հայաստան հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ԶԼՄ-ների ցանկը։ Այդ ցանկը, սակայն, մեծ մասամբ բաղկացած էր քաղաքացիական նախաձեռնությունների և հասարակական կազմակերպությունների անվանումներից։ ԲՀՀ ֆինանսավորած նախագծերի մասին տեղեկությունը բաց է․ այն կարելի է գտնել հիմնադրամի կայքում։  

Չնայած համոզմունքին, թե Արևմուտքի «ուժերը» բազմաթիվ չարագործություններ են արել, Մխիթարյանը ապրում է Արևմուտքի ամենահարուստ երկրներից մեկում՝ Շվեյցարիայում։ 

Թերեզա Մխիթարյանը

Վրաց-ռուսական սահմանին հայ վարորդ չէր սպանվել

Մարտի 23-ին ռուսական «Телеканал 360»-ը հայտնեց, թե վրաց-ռուսական սահմանին բեռնատարի վարորդների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, և թուրք վարորդը սպանել է հային։ Տեղեկությունը տարածվեց նաև հայաստանյան մամուլում։ 

Հաջորդ օրը Արտաքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ տեղեկությունը չի հաստատվել․ «Վրաստանում և Ռոստովում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները կապ են հաստատել այդ երկրների պատկան մարմինների հետ և այդ տեղեկատվությունը չի հաստատվել»,- Sputnik Armenia-ին ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։  

Պատգամավորը հերքեց կեղծ էջից տարածվող կեղծ տեղեկությունը

Մարտի 16-ին ռուս լրագրող Սեմյոն Պեգովի անունից ներկայացող թվիթերյան էջը հայտնեց, թե Թուրքիայի արտգործնախարարը ժամանել է Հայաստան, և նրան դիմավորել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Գրառումը ուղեկցվում էր 2019-ի լուսանկարով՝ Մեվլյութ Չավուշողլուի Նոր Զելանդիա կատարած այցից։ 

Արման Բաբջանյանը անդրադարձավ գրառմանը և հերքեց տեղեկությունը՝ Պեգովին մեղադրելով իրեն թիրախավորելու համար։  

Նույն օրը ArmVoice Տելեգրամ-ալիքը հայտնեց, որ Պեգովը հերքել է տեղեկությունը, և նա չունի թվիթերյան էջ։ 

Ուկրաինայում արված նկարը ներկայացվեց որպես Բաղրամյան պողոտայի լուսանկար

Մարտի 23-ին ընդդիմությունը բացեց շուրջ մեկ ամից փակ մնացած Բաղրամյան պողոտան։ Նույն օրը վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց աղբով պատված փողոցի լուսանկար և գրեց․ «Բաղրամյան պողոտան այսօր»։  

Տեղեկությունը սխալ էր։ Լուսանկարում պատկերված էր ոչ թե Բաղրամյան պողոտան, այլ Ուկրաինայի Մելիտոպոլ քաղաքի փողոցներից մեկը։ Չախոյանը հեռացրեց տեղեկությունը և ներողություն խնդրեց։ 

ՊՆ-ն հերքեց լուրը, չնայած բերված ապացույցները ճշգրիտ էին

Ռուսական Anna News ռազմական լրատվամիջոցը մարտի 16-ին վրդովմունք հայտնեց Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի զորավարժություններին ենթադրյալ մասնակցության վերաբերյալ։ Anna News-ի լրագրող Ալեքսանդր Խարչենկոն գրեց, թե Հայաստանը մասնակցում է «հակառուսական վարժություններին»։ 

ՊՆ-ից հերքեցին տեղեկությունը։ Sputnik Armenia-ի հետ զրույցում ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այլվազյանը լուրը անվանեց «ապատեղեկատվություն» և «բամբասանք»։

Anna News-ի ներկայացրած ինֆոգրաֆիկան

Խարչենկոն պնդումը հիմնավորել էր Defender-Europe 21 զորավարժությունների պաշտոնական կայքից վերցված ինֆոգրաֆիկայով, որտեղ Հայաստանը իսկապես նշված էր որպես մասնակից երկիր։ Հետագայում ինֆոգրաֆիկան թարմացվեց, և Հայաստանը հանվեց մասնակիցների ցանկից։ 

Կառավարությունը հերքում էր Հակոբ Արշակյանի հրաժարականի մասին տեղեկությունը

Պետական Infockeck.am կայքը հերքեց լուրը այն մասին, թե ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը հրաժարական էր տվել։ Շուտով, սակայն, հենց Արշակյանն իր Ֆեյսբուքյան էջում հայտնեց, որ լքում է պաշտոնը։ 

«Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի անընդունելի եմ համարում պաշտոնյայի կողմից որևէ քաղաքացու նկատմամբ բռնության կիրառումը», գրեց Արշակյանը՝ անդրադառնալով լրագրող Փայլակ Ֆահրադյանի հետ տեղի ունեցած միջադեպին։ 

AstraZeneca-ի կողմնակի ազդեցությունների մասին ոչ ամբողջական տեղեկություն էր տարածվում 

Մարտի երկրորդ կեսին շարունակվեց տարածվել չճշտված կամ ոչ ամբողջական տեղեկություն բրիտանա-շվեդական AstraZeneca պատվաստանյութի մասին։ 

Նման լուրերի տարածման պատճառներից էին տարբեր երկրներում արձանագրված կողմնակի ազդեցության դեպքերը։ Հարևան Վրաստանում գրանցվեց պատվաստումից հետո սուր ալերգիկ ռեակցիա և մահ։ 

Media.am-ը մանրամասն պատմեց, թե ինչ կողմնակի ազդեցությունների մասին էր խոսքը և ինչու պատկան մարմինները խարհուրդ են տալիս շարունակել պատվաստվել AstraZeneca-ով։  

Հերքումներ

?Մատենադարանը հերքեց ֆեյսբուքյան օգտատեր Վարդան Ղուկասյանի տարածած տեղեկությունն այն մասին, թե թանգարան-ինստիտուտից անհետացել և վաճառվել են արաբատառ ձեռագիր մատյաններ։ Վարդան Ղուկասյանը նախկին ոստիկան է, նա հաճախ է սկանդալային ֆեյսբուքյան եթերներ անում։ Հունվարին Ղուկասյանը հայտարարել էր, թե Երրորդ նախագահի կինը՝ Ռիտա Սարգսյանը, իրականում չէր մահացել։ Որևէ ապացույց իր պնդումներին Ղուկասյանը չէր բերել։ 

? Վիվա-ՄՏՍ-ը հերքեց համացանցում շրջանառվող տեղեկությունն այն մասին, թե ընկերության տվյալների բազայից արտահոսք է տեղի ունեցել։ 

? Մարտի վերջին համացանցում տեղեկություն տարածվեց, թե մահացել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Լուրը նախ հերքեց նրա փաստաբանը, ապա՝ ինքը Գասպարյանը։ 

? Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում մարտի 22-ին տեղի ունեցավ բողոքի ակցիա։ Ըստ մամուլի հրապարակումների՝ պատճառը Նորքի և Երևանի թիվ 1 տուն-ինտերնատների միավորման, ինչպես նաև Երևանի Թիվ 1 տուն-ինտերնատի տնօրենին աշխատանքից ազատելու մասին որոշումն էր։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հերքեց տուն-ինտերնատների միավորման մասին լուրը։ Ըստ նախարարության՝ տուն-ինտերնատի տնօրենի պաշտոնավարման ժամկետն էր լրացել, նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար, հետագայում էլ կհայտարարվի նոր տնօրենի մրցույթ։ 

? «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտատարեց, թե հիմնադրամը 8 միլիոն դոլար է յուրացել, իսկ միջազգային աուդիտը չի ընդունել ՀՀ կառավարության կողմից հիմնադրամին տրված հաշվետվությունը։ Մի շարք լրատվականներ նույնությամբ արտատպեցին Վարդանյանի գրառումը։ Հիմնադրամից հերքեցին այս տեղեկությունը՝ այն անվանելով «անհեթեթություն է և ապատեղեկատվություն»։

? Մարտի 15-ին 168.am կայքը հրապարակեց «Դպրոցներն անցնում են հեռավար ուսուցմա՞ն» վերնագրով հոդվածը։ Չնայած հեղինակը վերնագրում անորոշ հարցադրում էր անում, հարցի պատասխանը պարզ էր և պարունակվում էր նույն հոդվածում․ Առողջապահության նախարարությունը հերքել էր տեղեկությունը։ 

«Առողջապահության նախարարի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը 168.am-ին փոխանցեց, որ նման խոսակցություններ ու լուրեր գրեթե ամեն օր շրջանառվում են, սակայն Առողջապահության նախարարությունը պաշտոնական հերքում օրերս արդեն տարածել է», գրված էր հոդվածում։ 

Հերքման պահանջներ

? Վարչապետ Փաշինյանը «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին մեղադրել է զրպարտության մեջ։ Նա դատական կարգով Փոստանջյանից պահանջել է հերքել պնդումն այն մասին, թե Փաշինյանը գործակալ է և գումար է ստացել հողերը հանձնելու համար։ Փաշինյանը Փոստանջյանից նաև 2 միլիոն դրամ փոխհատուցում է պահանջել։   

? Լրագրող Փայլակ Ֆահրադյանի փաստաբանը պահանջեց հերքել Medianews.site կայքի կողմից տարածված տեղեկությունն այն մասին, թե Ֆահրադյանը հայհոյել է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանին, ինչից հետո նախարարը հարվածել է լրագրողին։  

Միջադեպից շուրջ երկու շաբաթ անց նախարար Արշակյանը հրաժարական տվեց։ 

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *