2020.11.03,

Ստուգված է

Հոկտեմբերի 16-31․ Արցախյան պատերազմի մասին կեղծ ու հերքված լուրերը

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Media.am-ը երրորդ անգամ ամփոփում է Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում տարածվող ապատեղեկատվությունները (առաջին, երկրորդ)։ Դրանք դաշտ են ներթափանցում դրսից, նաև ստեղծվում են տեղում։ Ապատեղեկատվությունները տարբեր ձևաչափերով են՝ սունկ կայքեր ու կեղծ օգտահաշիվներ ստեղծելուց մինչև սխալներ, հին կամ իրադարձությունների հետ կապ չունեցող լուսանկարների/ տեսայութերի կիրառում և այլն։ 

Սպուտնիկ Արմենիան սխալվում է․ գերեվարվածները երրորդ երկիր ուղարկելը ընտրություն է, ոչ պարտադրանք

Սպուտնիկ Արմենիան հոկտեմբերի 23-ին անդրադարձավ Ադրբեջանում գերեվարված Ազնիվ Բաղդասարյանի պատմությանը։ 25․000-ից ավելի դիտում ունեցող առանց որևէ տվյալերով հիմնավորման, կայքը պնդեց․ «Գործնականում գերեվարվածներին եթե անգամ փոխանցում են, ապա երրորդ երկիր են ուղարկում»։

Media.am-ը 2020 թվականի հուլիսին ուսումնասիրել է սահմանը հատածների հայրենադարձումների տվյալները՝ հիմք ընդունելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդագրությունները։ Պարզվել է, որ 2001-2019-ին բոլոր 3 կողմից հայրենադարձվել է 55 անձ։ 2001-ից սկսած միայն 1 նման դեպքում է, երբ անձը (Ադրբեջանի քաղաքացի) երրորդ երկիր է տեղափոխվել։

ԿԽՄԿ-ի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին media.am-ի հետ զրույցում պարզաբանել էր, թե ինչ հանգամանքների առկայության դեպքում են անձին հայրենադարձում։ «Կազմակերպությունը կազմակերպում է անձի վերադարձը հայրենիք միմիայն այն դեպքում, երբ կա համաձայնություն համապատասխան իշխանությունների և անձի հետ։ Եթե անձը ցանկություն չի հայտնում վերադառնալու, մենք չունենք իրավասություն կազմակերպելու այդ անձի վերադարձը իր կամքին հակառակ», – ասել է Ամատունին։

Հրաժարվողները եթե ցանկություն են հայտնում տեղափոխվել երրորդ երկիր, դրանով զբաղվում է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHCR)։ 

Սունկ կայքը տարածում է կեղծ լուրեր ներկա և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մասին

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հոկտեմբերի 20-ին տեղեկացրեց, որ հայտնվել են կասկածելի ծագում ունեցող լրատվական կայքեր ու սոցիալական ցանցերի կեղծ էջեր։ Դրանք տարածում են ապատեղեկատվություններ՝ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ փոխկապակցված անձանց, ինչպես նաև ներքաղաքական և արտաքին քաղաքական բազմաթիվ երևույթների վերաբերյալ։ Դրանք ստահոդ լինելուց բացի պարունակում են Հայաստանի և Արցախի Հանրապետության անվտանգությանը վնասող զգալի տարրեր ու բաղադրիչներ:

Օրինակ՝ lurer.live սունկ կայքը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի պետական դավաճան լինելու մասին լուր տարածեց։ Այն իր էջում կիսեց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ հարցնելով «Ժողովուրդ, սա ճիշտ ա՞»։

Գևորգ Պետրոսյան ֆեյսբուք

Այս կայքը պարբերաբար անհետանում և հետ է վերադառնում։ Դրանում առկա չէ խմբագրության մասին տեղեկություն, կոնտակտային տվյալներ։ Սրա օրինակով ոչ վստահելի կայքերը տարբերակելու մասին պատմեցին տեղեկատվության անվտանգության մասնագետներ Սամվել Մարտիրոսյանը և Արթուր Պապյանը։

Զինվորական հոսպիտալի խոցումը Ադրբեջանը ներկայացրեց զինամթերքի պահեստի ոչնչացում

Ադրբեջանի ՊՆ-ն հոկտեմբերի 17-ին կադր հրապարակեց, իբրև Արցախում խոցել է վառելիքի և զինամթերքի պահեստ։ Նույն օրը Հայաստանի ՊՆ խոսնակը տեղեկացրեց, որ այդ կադրերը հոկտեմբերի 14-ին Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ռազմական հոսպիտալի խոցումն են պատկերում։ 

Այն, որ խոցված օբյեկտը հոսպիտալ էր և ոչ զինամթերքի պահեստ, հաստատեց Observer IL Թվիթերի հաշիվը։ Հրապարակեց խոցված օբյեկտի գեոլոկացիայի տվյալները։ Նաև Getty Images-ում հրապարակված լուսանկարները՝ արված հոսպիտալի խոցումից հետո (հոկտեմբերի 15-ի հրապարակում)։

Ադրբեջանի ՊՆ-ն մոլորեցնում է․ հայ ռազմագերիներին իրենք են սպանել

Հոկտեմբերի 15-ին ադրբեջանական Տելեգրամ ալիքներում հայտնվեց երկու հայ ռազմագերու նվաստացման և սպանության երկու տեսանյութ։ Ավելի ուշ որոշ ալիքներից նյութը հեռացվեց, փոխարենը տարածվեց այս երկրի ՊՆ-ն հայտարարությունը, թե այդ տեսանյութերի հետ իրենք կապ չունեն՝ հայերի բեմադրածն է։

Բաց աղբյուրներով հետաքննությամբ զբաղվող երկու հարթակ բովանդակությունն ուսումնասիրելով փաստեցին հակառակը։ DFRLab-ը տեղեկացնում է, որ տեսանյութերում առկա զենքը ադրբեջանական բանակի զինանոցից է։ Իսկ գերեվարողների համազգեստը թուրքական պրինտնտով է։ 

Իսկ Bellingcat.com-ը,  ավելի մանրամասն ուսումնասիրելով առկա տվյալները, հաստատեց, որ սպանվածները հայկական կողմից են։ Նրանք գերեվարվել են հոկտեմբերի 9-15-ը Ադրբեջանի զինծառայողների, ամենայն հավանականությամբ հատուկ ուժերի կողմից և կարճ ժամանակ հետո սպանվել են։

Ջալալ Հարությունյանի մասին կեղծ լուրեր էր տարածում Ադրբեջանը

Ադրբեջանական կողմը հոկտեմբերի 27 տեսանյութ տարածեց՝ պնդելով թե զոհվել է գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը։ 

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով նույն օրը ավելի վաղ Հարությունյանն ազատվել էր Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: Հաղորդվում է նաև, որ նա վիրավոր է, և նրա պաշտոնանկությունն այդ հանգամանքով է պայմանավորված։ 

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը տեղեկացրեց, որ Ջալալ Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում, և մարտական դիրքերից մեկում նրա ստացած վիրավորումը ծանր չէ ու շատ շուտով նա կվերադառնա բանակի շարքեր։

Օրեր անց Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարեց միջազգային հետախուզում է հայտարարվել Արցախի 3 պաշտոնյաների, այդ թվում Ջալալ Հարությունյանի նկատմամբ։ 

Արցախում կռվող եզդի կամավորները ներկայացվում են իբրև ահաբեկիչ զինյալներ

Պանթյուրքիստական «Günaz TV»-ն, իրանական «Sepahcybery» տելեգրամյան ալիքները հոկտեմբերի 15-ին հրապարակեցին զինվորականների մասնակցությամբ մի տեսանյութ՝ նրանց ներկայացնելով Հայաստանի կողմից կռվող քուրդ ահաբեկիչներ։ 

Այս մասին տեղեկացնում է infocheck.am-ը՝ պարզաբանելով, որ տեսանյութում երևացող մարդիկ Հայաստանում բնակվող եզդիական համայնքի ներկայացուցիչներ, որոնք կամավորագրվել են՝ պաշտպանելու Արցախի Հանարպետությունը ադրբեջանական հարձակումներից։ 

Տեսանյութում հնչող խոսքը եզդիերեն է, որում վերջիններս ասում են՝ «Ո՞վ ենք մենք, եզդիներն ենք»։ Տեսանելի է նաև եզդիների դրոշը։ Բացի այդ, տեսանյութում երևացող անձինք նույնական են եզդիական համայնքի այն ներկայացուցիչների հետ, որոնց լուսանկարները դեռևս երեկ տարածվել էին ֆեյսբուքի հայկական տիրույթում։ Նույն տեսանյութը տեղադրվել էր նաև ինստագրամում գործող եզդիական «Pers_tna» ալիքում:

100 հայ զինվոր չէր գտնվել

«Սուր անկյուն» հաղորդման հեղինակ Վահե Ղազարյանը հոկտեմբերի 20-ին իր ֆեյսբուքյան էջում գրեց, թե «ազատագրված տարածքներում ողջ-առողջ 100 զինվոր է գտնվել»։ 

Այս էմոցիոնալ գրառումը շատ արագ տարածվեց, երկու ժամ հետո խմբագրվեց։ Առանց աղբյուրի անունը նշելու՝ Վահե Ղազարյանը գրեց, որ «տեղեկատվության սկզբնաղբյուրը հեռացրել է հրապարակումը»:

Չինական CGTN-ին սխալվեց․ հուղարկավորությունը Արցախում էր

Հոկտեմբերի 18-ին Չինաստանի համաշխարհային հեռուստաընկերության ցանցը (CGTN) իր Ինստագրամի էջում հրապարակեց հայկական կողմի զոհերի հուղարկավորության կադրերը՝ ներկայացելով Գյանջայում նկարված։ 

Լուսանկարների հեղինակը Ֆրանս Պրես գործակալությունից Արիս Մեսինիսն է: Նա իր անձնական էջում հրապարակման մեջ նշել է, որ զինվորների հուղարկավորությունը, Ստեփանակերտում է։ Բացի այդ, նկարներում երևում են Արցախի հանրապետության դրոշը, հայերեն գրություններ։

Լսարանի ուղղումների մեծ ալիքից հետո էջը հեռացրեց հրապարակումը, հրապարակեց ուղղում, որը այս պահին այլևս հասանելի չէ։

Նկարների սխալ կիրառություն

📌Գյանջայի հրթիռակոցության կադրը հոկտեմբերի 16-ին թուրքական մեդիայում ներկայացվեց Նախիջևանի հրթիռակոծության հետևանք։ Աղբյուր՝ Արա Պետրոսյան

📌 Երկրորդ աշխարհամարտում զոհվածների վերահուղարկավորման կադրը Ադրբեջանում ներկայացվեց Ստեփանակերտի հուղարկավորություն։ Աղբյուր՝ hetq.am

📌 Անչափահասների զնեք բռնելու լուսանկարը ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացրեցին իբրև ապացույց, որ հայկական կողմը պատերազմում օգտագործում է անչափահասների։ Լուսանկարը համացանցում տարածվել է առնվազն 2016-ի ապրիլին։ Աղբյուր՝ FIP.am 

📌 Պատերազմում երեխաների մասնակցության թեմային անդրադարձել է նաև Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ Ադրբեջանի նախագահի խորհրադականի տարածած կադրում երևացող տղան 16 տարեկան է, գործողությունը կատարում է իր հայրիկի հետ միասին:  

Բեգլարյանը պարզաբանել էր, որ միջազգային իրավունքով արգելված է մինչև 15 տարեկան երեխաների մասնակցությունը ռազմական գործողություններին։

📌 Որպես Գյանջա քաղաքի ավերածության հետևանք ներկայացվող այս լուսանկարն արվել է Սիրիայում՝ 2015 թվականին։ Աղբյուր՝ infocheck.am

📌 Սոցցանցերում տարածվող բժշկի և զինվորի ձեռքերի նկարները Հայաստանի և Արցախի հետ կապ չունեն։ Դրանցից մեկն արվել է 2020-ի ամռանը․ COVID-19-ըի դեմ պայքարող բժշկի ձեռք է: Երկրորդը նույնպես ավելի վաղ արված լուսանկար է և ժամանակ առ ժամանակ տարբեր մեկնաբանություններով հայտնվում է ցանցում։ Աղբյուր՝ Նարեկ Մարտիրոսյան

Հերքումներ

❌ ԱԱԾ-ն տեղեկացրեց, որ սոցիալական ցանցերում ադրբեջանական հետք ունեցող կեղծ էջերի միջոցով տարածվել է կեղծ տեղեկատվություն։ Իբրև հակառակորդը թիախավարել է Հրազդանի ՋԷԿ-ը։ Նաև հարակից համայնքների բնակիչներին կոչ է արվել թողնել իրենց տներն ու հեռանալ բնակավայրերից:

❌ Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացրեց, որ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի՝ իրավապահ մարմինների կողմից բերման ենթարկվելու, քննության, իրավական որևիցե գործընթացում կամ գործում ներգրավվածության, առավել ևս հանցավոր արարքներում նրա մեղսակցության վերաբերյալ տեղեկություններն ամբողջությամբ կեղծ են, մտացածին և իրականությանը չհամապատասխանող:

❌ Հայաստանի վարչապետի խոսնակը տեղեկացրեց, որ Տելեգրամ հավելվածում բացվել ու գործում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով օգտահաշիվ: Տեղեկացրեց, որ էջը կեղծ է եւ վարչապետը Տելեգրամում հաշիվ չունի:

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *