2020.07.25,

Ստուգված է

Տվյալներ․ հայ-ադրբեջանական սահմանահատումներն ու հայրենադարձումները

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Հայ-ադրբեջանական կամ Արցախ-ադրբեջանական սահմանը/ շփման գիծը զինված ուժերի վերահսկեղության տակ է և ականապատված, սակայն, սահմանը հատելու դեպքեր գրացվում են։ Սահմանահատումները կարող են սոցիալ-քաղաքական դրդապատճառներ ունենալ կամ լինել մոլորվելու արդյունք հոտն արածեցնող հովվի կամ սահմանամերձ բնակավայրերի բնակչի համար։ Սահմանահատումներ գրանցվում են նաև զինվորականների շրջանում։ 

Սա լուրջ խնդիր է, քանի որ քաղաքացուն հայրենադարձելու համար երբեմն տարիներ են պետք լինում, որոշ դեպքերում մարդիկ պարզապես կենդանի չեն վերադառնում։ 

Սահմանահատման վերջին դեպքի մասին հրապարակվեց 2020թ․ հուլիսի 15-ին։ Հայ-ադրբեջանական սահմանային ակտիվ ռազմական գործողությունների ֆոնին ադրբեջանական կայքերում տարածվեց հուլիսի 8-ից անհետացած Սյունիքի Ներքին Խնձորեսկի 30–ամյա բնակիչ Նարեկ Սարդարյանի մասնակցությամբ տեսանյութը։ 

Media.am-ը որոշեց ուսումնասիրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (այսուհետ՝ ԿԽՄԿ) հաղորդագրությունների բազան՝ պարզելու համար հայրենադարձությունների դինամիկան։ 

Մենք տվյալներ հավաքելու համար ընտրեցինք այս միջազգային, անկախ և մարդասիրական կառույցը, քանի որ 1995-ից ի վեր նրանց միջնորդությամբ են իրականացվել հայրենադարձումները և դրանց մասին տվյալները հասանելին է կայքում՝ մամուլի հաղորդագրությունների ձևաչափով։ 

Ի՞նչ են պատմում տվյալները 

1994թ․ զինադադարի հաստատումից հետո՝ 1995-1997-ին տեղի է ունեցել մեծածավալ հարենադարձումներ։ Այնուհետ, շուրջ երեք տարի դադարից հետո վերսկսվել է սահմանից/շփման գծից այն կողմ հայտնված զինվորականների և քաղաքացիականների հայրենադարձումը։

Առաջին դեպքը 2001-ի սեպտեմբերի 12-ին էր, երբ հայկական կողմը ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Ադրբեջան վերադարձրեց երկու անձի՝ զինվորական և քաղաքացիական։

2000-ականներից սկսած տեղի է ունեցել 55 անձի (այդ թվում աճյունների) հայրենադարձում։ Դրանց գերակշռող մասը հայրենադարձվել է Իջևան-Ղազախ հատվածում։ 3 դեպքում վայրը չի նշված։

Զինադադարից հետո հայ-ադրբեջանական և Արցախ-ադրբեջանական սահմանները փակ են։ Ղարաբաղյան պատերազմից տարեգրությամբ ինչքան հեռանում ենք, հայերի և ադրբեջանցիների միջև խզումն ավելի է մեծանում։ 

1995-ի հաղորդագրությունը միակն է, որտեղ կարդում ենք, որ ԿԽՄԿ-ի պատվիրակը ուղեկցել է հայրենադարձվողներին Երևանից Բաքու։

ԿԽՄԿ-ի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ասում է, որ անհրաժեշտության դեպքում այժմ էլ որևէ խնդիր չկա Բաքվում աշխատող պատվիրակին գալ Հայաստան և հակառակը։

Ինչ վերաբերում է հայրենադարձումների կազմակերպմանը, Ամատունին բացատրում է․ «Կազմակերպությունը գործարկում է չեզոք միջնորդի դերը և կազմակերպում է անձի վերադարձը հայրենիք միմիայն այն դեպքում, երբ կա համաձայնություն համապատասխան իշխանությունների և անձի հետ։ Եթե անձը ցանկություն չի հայտնում վերադառնալու, մենք չունենք իրավասություն կազմակերպելու այդ անձի վերադարձը իր կամքին հակառակ»։

Հրաժարվողները եթե ցանկություն են հայտնում տեղափոխվել երրորդ երկիր, դրանով զբաղվում է այլ միջազգային կազմակերպություն՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHCR)։ 2001-ից սկսած մենք միայն մեկ նման դեպք գտանք, երբ Ադրբեջանի քաղաքացին երրորդ երկիր է տեղափոխվել։

Բացի հայրենադարձումները կազմակերպելուց, որպես չեզոք և անկախ միջնորդ ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելում են սահմանը հատած անձանց նրանց մյուս կողմում գտնվելու ողջ ընթացքում։ 

Սակայն, միշտ չէ, որ հաջողվում է մարդուն կենդանի վերադարձնել։ Երկու հայ մահացել են Ադրբեջանում՝ կալանքի մեջ գտնվելու ժամանակ։ 

հայրենադարձումներ, սահմանի հատումներ

2014-ի վերջից ԿԽՄԿ հաղորդագրություններում հայտնվում են մարդկանց՝ սահմանի մյուս կողմում հայտնվելու տարեթվերը։ Համաձայն այս տվյալների հայրենադարձումը մի քանի օրից ձգվել է մինչև մի քանի տարի։

Առայժմ անհայտ է, թե որքան ժամանակ կպահանջվի հայրենադարձելու համար հուլիսին սահմանը հատած Նարեկ Սարդարյանին։ Այս պահին դրությամբ նա չորրորդ հայն է, որ գտնվում է Ադրբեջանում։ Երեք ադրբեջանցի կա հայկական կողմում, որոնցից մեկն այս տարվա հունիսին է հատել սահմանը, իսկ մյուս երկուսը՝ ԼՂՀ-ում են։ Նրանք պատիժ են կրում խաղաղ բնակչի սպանության համար։

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *