2020.09.25,

Ստուգված է

Ովքե՞ր են ազգային արժեքների պաշտպանության հայտ ներկայացրել

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Կրթական նոր չափորոշիչները, Լանսարոտեի կոնվեցիայի վավերացումը, Ստամբուլյան կոնվեցիայի շուրջ խոսակցությունները սկիզբ դրեցին մի քանի նոր քաղաքական ու քաղաքացիական նախաձեռնությունների։

Դրանցից մեկը 2020 թվականի օգոստոսից հանրային գործունեություն ծավալող «Ազգային արժեքների պաշտպանություն»-ն է։ Ստեղծվել է նաև նույնանուն հասարակական կազմակերպություն, որը հեղինակել է օրինագիծ։ Դրանով պաշտպանվելու են ազգային արժեքները՝ «Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու, ընտանիքի և մանկության պաշտպանության հետ կապված հարաբերությունները»։

Նախաձեռնության ֆեյսբուքյան էջում դրա հռչակված նպատակի հետ կապ չունեցող բովանդակություն էլ է հրապարակվում։ Օրինակ, թե որքան քաղաքացի է տուգանվել դիմակ չկրելու համար։

Համակարգող խումբը ընդգծում է, որ նախաձեռնությունը չի հետապնդում «քաղաքական շահեր սպասարկելու որևէ նպատակ»։ Այն ունի 6 համակարգող։ Media.am-ը ուսումնասիրել է նրանց գործունեությունը, պարզելու համար, թե ովքեր են ազգային արժեքների պաշտպանության հայտ ներկայացրել։

Կարինե Նալչաջյան

Կարինե Նալչաջյան

Կարինե Նալչաջյանը հոգեբան է, դասախոս։ Համագործակցել է մի շարք հոգեբանական կազմակերպությունների հետ, նաև իրենը հիմնադրել։

2008-ին նա պարտվել է դատական գործ․ դասախոս-գործընկերոջ մասին ԵՊԼՀ ռեկտորին կեղծ տեղեկություններ է ներկայացրել։ Բողոքարկումը վերաքննիչ դատարանում մերժվելուց հետո նրա՝ ամբիոնի վարիչի և դասախոսի աշխատանքը այս բուհում ավարտվել է։

Նալչաջյանը մասնագիտորեն ակտիվ է քաղաքական դաշտում։ Լրատվականներում նրան երբեմն ներկայացնում են «քաղհոգեբան»։ Իր խոսքով, միշտ փորձել է «բոլոր իշխանությունների ժամանակ, երբ առիթ է ունեցել, տալ փորձագիտական անաչառ վերլուծություն» (տեսանյութում 22։58 րոպեից)։

Ծանոթանանք մի քանի առիթով նրա վերլուծություններին։

Մարտի 1․ 2008-ի քաղաքական զարգացումների ժամանակ Կարինե Նալչաջյանն ասել է, թե Լևոն Տեր-Պետրոսյանը հիպնոսացրել է ժողովրդին և մղել իշխանությունների դեմ: Իսկ հավաքները «նյարդալեզվաբանական պլանավորման արդյունք» են։ Կիրառվող «հայրենիք», «ընտանիք», «ազատություն» բառերը «հոգեխանգարման հարուցիչներ» են (տեսանյութում 36։07 րոպեից):

Ժառանգություն vs ՀՀԿ․ 2011-ին ՀՀԿ-ականների համար Նալչաջյանը ԱԺ-ում լուրջ ռիսկեր է տեսել։ ««Ժառանգություն»-ը միտումնավոր շարքից հանում է ՀՀԿ պատգամավորներին»,– ասել է նա ու ավելացրել․ «Կարծում եմ՝ «Ժառանգություն»-ը երկարաժամկետ կտրվածքով կարող է հոգեկան խոր տրավմաներ թողնել ԱԺ-ում ժամանակ անցկացնող ՀՀԿ պատգամավորների վրա… »:

«Հարսնաքար»-ի սպանություն․ 2012-ին «Հարսնաքար» ռեստորանում հյուրերի և աշխատակազմի միջև տեղի ունեցած միջադեպից հետո՝ ծեծից ստացած վնասվածքների  հետևանքով մահացավ ռազմական բժիշկ Վահե Ավետյանը։ Այս ռեստորանը պատկանում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին։ Այս դեպքից հետո նա պատգամավորական մանդատը վայր դրեց։ Հանրության մոտ մեծ զայրույթ առաջացրած դեպքը հոգեբան Կարինե Նալչաջյանը կապել է հայկական սերիալների հետ։

Մեր օրեր․ Այժմ Նալչաջյանը հաճախ է հյուրընկալվում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընկերոջը պատկանող 5-րդ ալիք հ/ը-ում։ Հայտարարում է՝ Հայաստանը վատ է կառավարվում և «մեզ մոտ կառավարելի քաոս ստեղծելու բոլոր օրենքներն ու օրինաչափություններն» են գործում, որը ուղղորդում է դրսի «մի սև ձեռք» (տեսանյութում 7-րդ րոպեից)։ Ռոբերտ Քոչարյանի դատավարական պրոցեսը համարում է «մեր բոլորի խայտառակությունը» (տեսանյութում 8։45 րոպեից)։

Livenews.am-ի հետ զրույցում, որի հետ փոխկապակցված է «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության անդամ Հայկ Նահապետյանը, նա կրթական նոր չափորոշիչների արդյունքն է կանխատեսել․ «Վերջնանպատակը մուտանտների կերտումն է, անհասկանալի սերնդի, որը չի ունենա հայրենիք, ազգություն, սեռ, դավանանք․․․»։

Հայկ Նահապետյան

Հայկ Նահապետյան

Ռազմական փորձագետ և պահեստազորի գնդապետ  ներկայացված Հայկ Նահապետյանը համակարգող խմբի մյուս անդամն է։ Նախաձեռնության կայքում ներկայացված կենսագրությունում 2007-ից սկսած նրա գործունեության մասին տեղեկություն չկա։ Իսկ ի՞նչ տվյալներով այն կարող էր համալրվել։

Նահապետյանը վերջին տարիներին որպես անդամ ու համակարգող տարբեր նախաձեռությունների մաս է կազմում․

  • «Ազգային արժեքների պաշտպանության» նախաձեռություն, 2020
  • «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանություն» նախաձեռնություն, 2018
  • «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնություն, 2015-2018

Այս նախաձեռնությունների կազմում նա պայքարել է ընտանեկան բռության դեմ օրինագծի, Ստամբուլյան կոնվենցիայի դեմ։ Հակապատվաստումային, դավադրապաշտական հայտարարություններ է արել։

Նահապետյանը հասարակական տարբեր կազմակերպությունների՝ տարբեր երկրներից ֆինանսավորվելու և նրանց օրակարգը սպասարկելու մասին է բարձրաձայնել (տեսանյութում 5։24 րոպեից)։ Սակայն, նա չի խոսել իր սպասարկած օրակարգի մասին։ «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին հանրային դաշտում ապատեղեկատվություն տարածող խմբերի մասին զեկույցի համաձայն նրա անդամակցած «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնությունը ու դրա ղեկավար Հայկ Այվազյանը ունեն ռուսաստանյան սատարում:

Բացի այս նախաձեռություններից, Հայկ Նահապետյանը թե՛ հյուրի, թե՛ հարցազրուցավարի կարգավիճակով կանոնավոր լինում է livenews.am-ի տաղավարում։ Այստեղ հաղորդում ունի Գառնիկ Իսագուլյանը: Նորաբաց կայքի մասին նա 2018-ի նոյեմբերի 1-ին պատմել է տեսանյութով ու տեղեկացրել, որ իր կինը՝ Ռուզաննա Իսագուլյանն է դրա տնօրենը։

Գառնիկ Իսագուլյանը 2004-2009-ին եղել է նախագահի՝ (Ռոբերտ Քոչարյանի, ապա Սերժ Սարգսյանի) ազգային անվտանգության հարցերով խորհրդականը։

Իսագուլյանը, Նահապետյանը և ևս մեկ անձ հեղինակել են հաղորդում, որը վերնագրված է՝ «Խնդրում ենք հաղորդումը դիտեն միայն 18+ տղամարդիկ»։ Խայծ վերնագրի շնորհիվ այն ալիքի ամենաշատ դիտում հավաքած տեսանյութերից է։ Առավել ուշագրավ է այն, որ հայհոյանքների առատության պատճառով միայն չափահաս տղամարդկանց ցուցված զրույցի առիթը մեկ ապատեղեկատվություն էր՝ իբրև 9-ամյա երեխային փողոցում բաժանել են օրգազմի մասին գիրք:

Նման տեղեկտվական առիթով եթերում հայհոյախոսող Նահապետյանը 3 տարի առաջ Արարատ (այժմ 5-րդ ալիք) հ/ը-ի եթերում լրագրողական հետաքննություններ կատարող hetq.am-ի աշխատանքը որակել էր՝ «հիմնականում կեղծիք է, բայց շաղախվում է թվացյալ ճշմարտությամբ։ […] Էն նյութերը, որ իրենք տալիս են, իր մեջ մանիպուլյացիոն տեխնոլոգիաներ ա դրվում» (տեսանյութը 23։12 րոպեից)։

Գևորգ Դանիելյան

Գևորգ Դանիելյան

Իրավաբան Գևորգ Դանիելյանը աշխատել է գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության նախարար, Սահմանադրական դատարանի խորհրդական ու 2013 թվին Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ է եղել։

2007 թվից անդամակցել է ՀՀԿ-ին։ Իր կյանքում կայանալու և հաջողությունների հասնելու հարցում Գևորգ Դանիելյանը ճակատագրին է շնորհակալ եղել․ «Ինձ միշտ լավ ընկերներ են բաժին հասել․․․»: Նրա լավ ընկերներից է նախկին դատախազ Աղվան Հովսեփյանը։ Վերջինս Մարտի 1-ի գործով կրկնել էր Նալչաջյանի վերլուծությունները։ Իբրև հավաքները «նյարդալեզվաբանական պլանավորման արդյունք» են, իսկ «հայրենիք», «ընտանիք», «ազատություն» բառերը «հոգեխանգարման հարուցիչներ» են։

Գևորգ Դանիելյանի ղեկավարման օրոք է կառավարությունը ստորագրել Լանսարոտեի կոնվենցիան՝ հիմնվելով նաև նրա՝ որպես նախարար տված դրական գնահատականի վրա։ Փոխարենը, այս տարվա մայիսին՝ կոնվենցիայի վավերացման ժամանակ, Դանիելյանը Ֆեյսբուքում գրել է դրա վտանգներ պարունակելու մասին ու սխալ պնդում կատարել։

Նախարարի պաշտոնից նա ազատվել է 2010 թվին՝ «պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար»: Նրան հանձնարարվել էր պատժել Հարկադիր կատարման ղեկավար Միհրան Պողոսյանին՝ «բարոյական չափանիշները լրջորեն խախտելու համար»։ Սակայն, Դանիելյանը չի կատարել (կամ ուշացած է կատարել) այդ հանձնարարությունը:

Հանրային հեռուստաընկերության հարցազրուցավար Պետրոս Ղազարյանը նախաձեռության մեկ այլ անդամի՝ Արա Զոհրաբյանի հետ զրույցում ասել է, որ Դանիելյանը չի գնում իր մոտ հյուր․ «Ես երբ զանգում եմ ինքը կամ հիվանդ ա, կամ զբաղված ա» (տեսանյութում 11։08 րոպեից)։ Փոխարենը, Դանիելյանը այդ հարցազրույցին արձագանքել է livenews.am-ի տաղավարում։

Արամ Սաթյան

Արամ Սաթյան

Համակարգող խմբի մյուս անդամը երաժիշտ Արամ Սաթյանն է։ Նա դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում և 2013 թվից նախագահում է Հայաստանի կոմպոզիտորների միությունը։

Սաթյանը խորհրդային տարիներից միջին և բարձր պաշտոններ է զբաղեցրել իր ոլորտում։ Եղել է հեռուստառադիոպետկոմի երաժշտական խմբագիրը, իսկ անկախությունից հետո հեռուստառադիո պետական վարչության երաժշտական ծրագրերի և խմբերի տնօրենը ու գեղարվեստական ղեկավարը։

1981-ին ստացել ՀԽՍՀ կոմերիտմիության Լենինի անվան պետական մրցանակ։

Երգիչ Արմենչիկին և այլոց նախագահի շնորհած վիճելի կոչումները նա մեկնաբանել է 2017-ին Para TV-ի հետ զրույցում․ «Ես նախագահին չեմ կարող դատապարտել, որովհետև նախագահը ինչ-որ անում է, ճիշտ է անում» (տեսանյութում 10։55 րոպեից)։

Սաթյանը 2019-ի փետրվարին ընդգրկված էր Հայաստանի օրհներգը փոխելու աշխատանքային խմբում։ Այս նախաձեռնությունը ԱԺ «Իմ քայլ»-ական փոխխոսնակ Ալեն Սիմոնյանինն էր։ Նույն տարվա մայիսին Սաթյանը հայտարարել է․ «Մշակույթի նախարարությունը կոռուպցիայի տեղ է դարձել»։

Նա, ի տարբերություն նախաձեռնության մյուս 5 անդամների, մամուլում մենաբանություններ չի տալիս։ Անգամ ներկա չէր նախաձեռնության առաջին մամուլի ասուլիսին։

Արա Զոհրաբյան

Արա Զոհրաբյան

Փաստաբան Արա Զոհրաբյանը 2013 թվականից նախագահում է Փաստաբանների պալատը։ Նաև ունի իր փաստաբանական գրասենյակը՝ «Զոհրաբյան և գործընկերներ»։

Զոհրաբյանի ֆեյսբուքյան անձնական էջում իր հայացքները արտացոլող գրառումներ ենք  կարդում։ Նա ԼԳԲՏ համայնքի դրոշն ու ծիածանն է համեմատել ու եզրակացրել, որ ծիածանը այս համայնքի խորհրդանշանը չէ, այլ «Աստծու և կենդանի էակների միջև հաստատված ուխտի նշան է»: Բացատրել է․ «Ծիածանն ունի 7 գույն, իսկ ահա դրոշը՝ 6 գույն․ այն «կեղծ (ֆեյք) ծիածանն» է։

Ազգային արժեքների պաշտպանության նախաձեռնության մասին Հանրային հեռուստաընկերությունում նա ասել է, որ երկու կոնվենցիաները հասարակական քննարկում դարձնելով «իշխանությանը կօգնենք միջազգային կառույցների ճնշումներին դիմակայի» (տեսանյութում 3:50 րոպեից)։ Մինչ այդ, Կենտրոն հ/ը-ի եթերում այլ նպատակներ էլ էր սահմանել։ Օրինակ, որ քննարկումներն ու շարժումը մարդկանց գիտակցությունը բարձրացնելու են, և նրանք հասկանալու են, որ կա վտանգ (տեսանյութում 16։32 րոպեից)։

Նույն թողարկման ընթացքում, կրթական նոր չափորոշիչների վտանգը ավելի վառ ընդգծելու համար, առանց որևէ աղբյուրի հղում տալու սկանդալային օրինակ է բերել սեռական կրթություն առարկայի մասով։ Իբրև մաթեմատիկայի դասին կարող է սովորեցնեն՝ ինչ է պահպանակը ու «թվային բանաձև ներկայացնեն, տեսնեն ինչ լուծում տալ» (տեսանյութում 6։24 րոպեից)։

Զոհրաբյանը պայքարել է Ստամբուլյան և Լանսարոտեի կոնվենցիաների դեմ։ Բացի սկանդալային պնդումներից, նա նաև մանիպուլացրել է թեման։ Օրինակ, իբրև եվրոպական ստանդարտներով «0-4 տարեկան երեխաներին պետք է տեղեկացնել հղիության, ծննդաբերության, սեփական մարմնի հետազոտության մասին, վաղ տարիքում մաստուրբացիայի մասին, գենդերային ինքնությունը հետազոտելու մասին..»։

Իրականում, ինչպես տեղեկացնում է fip.am-ը, սեռական կրթություն իրականացնելու առումով Եվրոպայում չկա որևէ միասնական չափանիշ, իսկ նրա մեջբերած ԱՀԿ ուղեցույցը ունի ոչ թե պարտադիր, այլ՝ խորհրդատվական բնույթ։ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ նրա մանիպուլյատիվ պնդումների մասին կարդացեք այստեղ և այստեղ։

Ռուբեն Մելքոնյան

Ռուբեն Մելքոնյան

Պատմաբան, թյուրքագետ Ռուբեն Մելքոնյանը 12 տարում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի ասիստենտից դարձել է նույն ֆակուլտետի դեկան։

Նա թարգմանել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռան գիրքը, որի շնորհանդեսը եղավ 2014-ին, երբ վերջինս Երևանում էր «Սիվիլիթաս» հիմնադրամի «Սարն ի վեր» նախագծի շրջանակում։ Այս հանդիպումը Մելքոնյանը բնութագրել է որպես «հերթական գրանտը ստանալու և հաջողությամբ մարսելու» ծրագիր։ Տեղեկացրել է, որ խնդիրներ են առաջացել գրքի հրատարակիչ «Հրանտ Դինք» հիմնադրամի հետ․ իր թողած նշումները, ըստ նրա, «կամայական խմբագրման է ենթարկվել»։

Օրեր անց՝ ասուլիսի ժամանակ, շարունակելով քննադատական տոնը, իր իսկ համագործակցած հիմնադրամի ծրագերը անվանել է «հստակ թուրքական քաղաքականության դրսևորում» ունեցող։

Նույն ասուլիսի արխիվային տեսագրությունից պարզ է դառնում, որ նա որոշում է կայացրել համագործակցել հիմնադրամի հետ, այն դեպքում, երբ պոլսահայ, սպանված լրագրող Հրանտ Դինքին համարում է «հակասական գործունեության տեր անձ», իսկ Դինքի հիմնադրած «Ակօս» թերթի խմբագիրների մասին ասում է․ – «Չեն կարող տարբերվել շարքային թուրք հակահայերից»։

Մինչև հեղափոխությունը Ռուբեն Մելքոնյանի հարցազրույցները մասնագիտական վերլուծություններ էին։ Վերջին շրջանում դրանք քաղաքական բովանդակություն են ստացել։ ԵՊՀ-ի շուրջ զարգացումները նա համարել է պատասխանատուների կողմից բուհը «քանդելու պրոցես» (տեսանյութում 1։17 րոպեից)։

Անդրադարձել է ԵՊՀ կառուցվածքային փոփոխությունների մասին խոսակցություններին։ Թեև ծրագիր չկա, բայց Մելքոնյանին սա չի խանգարում «ստրատեգիական մասնագիտությունների» մասին պնդել․ «Կարող է այս իրենց ծրագրերի արդյունքում ստեղծվի այնպիսի վիճակ, որ այդ մասնագետների պատրաստումը որոշակիորեն վտանգվի (տեսանյութում 18։49 րոպեից):

Այս նախաձեռնության շրջանակում նրա առաջ քաշած միտքն այն է, որ ազգային արժեհամակարգից հեռու սերունդը խոցելի է թուրքական սպառնալիքի դեմ։ Իսկ դրա վտանգները, ըստ նրա, կան, քանի որ ապազգային մտածողության տարրեր կան պաշտոնյաների գործունեության մեջ։

Խորանալու թեմա․ Կրթական նոր չափորոշիչներ

Ազգային արժեքների պաշտպանության նախաձեռնության անդամները ամիսներ շարունակ սուր քննադատում են կրթական նոր չափորոշիչները։ Այս թեմայով այլ հասարակական և քաղաքական խմբեր ևս կարծիքներ են արտահայտում։ Կառուցողական քննադատությունից բացի տարածվում են բազմաթիվ ապատեղեկատվություններ ու մանիպուլյացիաներ։

Կրթական չափորոշիչներին ու դրա շուրջ տարածվող միֆերին անդրադարձել ենք media.am-ի «Խորանալու թեմա» փոդքասթի նոր էպիզոդում։

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *