2020.09.02,

Ստուգված է

Օգոստոսի 16-31-ի կեղծ ու հերքված լուրերը

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Օգոստոսի երկրորդ կեսին Առողջապահության նախարարի հրաժարականի լուրն ու դրա հերքումը մի քանի օր զբաղեցրեց լրատվական օրակարգը։ Հեռուստաընկերությունները կիսատ կամ ապակողմնորոշող տեղեկություններ տրամադրեցին Բելառուսի հետընտրական ցույցերի մասին։ Նախկին նախագահ Սերժ Սարգսյանը կեղծ պնդումներ կատարեց մամուլի ասուլիսի ժամանակ։

Հրաժարական (չ)տված Արսեն Թորոսյանը

Ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր Առողջապահության նախարարը օգոստոսի 24-ին ապաակտիվացրեց իր անձնական և պաշտոնական հաշիվները։ Սա առիթ տվեց հրաժարականի մասին խոսակցությունների։ Հրաժարականի կասկածը ավելի հավաստի թվաց ԱՆ խոսնակի լուրը չմեկնաբանելու ֆոնին։ Ապա ստացվեց նախարարի արձակուրդ գնալու լուրը։

Լրատվականները և սոցցանցերում զուգահեռ «գտան» հրաժարականի պատճառներ, շարժառիթներ, նպատակներ։

Երկու օր անց՝ օգոստոսի 26-ին ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան հրապարակմամբ տեղեկացրեց, որ «Արսեն Թորոսյանը չի ներկայացրել հրաժարականի դիմում և չի էլ պատրաստվում: Արձակուրդը վերջանալուց հետո նախարարը վերադառնալու է բնականոն աշխատանքին»:

Հրաժարականի լուրը հերքեց անձամբ Թորոսյանը։ Իսկ Ազգային անվտանգության ծառայությունից Factor.am-ի հետ զրույցում հերքեցին Թորոսյանի ԱԱԾ հրավիրվելու լուրը։

«Աստղիկ» ԲԿ-ում Մարինա Խաչատրյանը իսրայելական սերմնահեղուկ գտավ

Մայիսին Երևանում գաղտնի տեղադրված 5G աշտարակներ փնտրող Մարինա Խաչատրյանը օգոստոսին մեկ այլ սկանդալ ստեղծեց։ Օգոստոսի 22-ին հրապարակեց իր 9 հարցից բաղկացած տեղեկատվություն ստանալու հարցումը ուղարկված «Աստղիկ» ԲԿ-ի գլխավոր տնօրենին։ «Ըստ առկա տեղեկատվության» անվան տակ գրեց, թե ԲԿ-ում «արտամարմնային բեղմնավորման համար որոշ դեպքերում կիրառվում է Իսրաելից ներմուծված հրեաներին պատկանող սերմը»։

Խաչատրյանը նաև պահանջեց ԱԱԾ-ին կատարել բացահայտումներ․ «բավական է մենք ստանանք տեղեկատվություն տարբեր աղբյուրներից, սարսափի մեջ ապրենք ու մեր ձևով կռվենք յուրաքանչյուր պղծության դեմ»։

Բժշկական կենտրոնը հրապարակային տեղեկացրեց, որ Իսրայելից սերմեր չի ներկրում։ «Սուտ է, ապատեղեկություն և ստոր հերյուրանք, ուստի անիմաստ ենք համարում դրանից բխող մյուս բոլոր հարցերին ընդհանրապես անդրադառնալը», – հայտարարեցին ԲԿ-ից: Նաև տեղեկացրեցին, որ եթե շարունակվի թեման արծարծվել, ապա պատասխանատվության կկանչեն «մարդկանց, ովքեր կփորձեն Աստղիկ ԲԿ-ի բարի համբավը արատավորել»։

Բելառուսի ցույցներն ու հեռուստաընկերությունների օրակարգը

Բելառուսում նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո՝ օգոստոսի 9-ից սկսած տեղի ունեցան արյունոտ և լայնամասշտաբ ցույցեր։ Բռնություններ գործադրվեցին ձերբակալված քաղաքացիների նկատմամբ։ Խոչընդոտվեց լրագրողների աշխատանքը, խափանվեց ինտերնետ կապը, իսկ Բելառուսի նախագահը ցույցերում տեսավ արտաքին ուժերի ձեռքեր։

Media.am-ն ուսումնասիրել է այս իրադարձությունների հայկական հեռուստաընկերությունների լուսաբանումը մինչև օգոստոսի 16-ը։ 

Պարզվել է, որ այդ ընթացքում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող Կենտրոն հ/ը-ն 2 անգամ է լուսաբանել Ծառուկյանի «լավ ընկեր և բարեկամ» Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ ընթացող ցույցերը։ Որոշ կարևոր դրվագներ բաց էր թողել Հանրային հեռուստաընկերությունը։ 

Իսկ 5-րդ ալիքը երկու փաստական անճշտություն էր թույլ տվել մեկ նյութում։ Շաբաթվա ընթացքում նրանք շարունակեցին պնդել, թե ցույցերի առաջին զոհը մահացել է իր ձեռքի պայթուցիկ սարքի պայթյունից։ Մինչդեռ ուժայինների կրակոցից էր մահը գրանցվել, ինչը ավելի ուշ հաստատվել է փաստերը ստուգող լրագրողների կողմից։  

5-րդ ալիքը նաև սկսեց կրկնել ցույցերի մասին ռուսական քարոզչական թեզերը, իսկ ծայրահեղական ակտիվիստը ներկայացվեց որպես փորձագետ։ 

Սերժ Սարգսյանը փաստական սխալներ թույլ տվեց

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 19-ի ասուլիսին հայտարարեց, որ 2016 թ. ապրիլյան գործողությունների ժամանակ Ադրբեջանի թռչող սարքերը Ստեփանակերտ չեն հասել։ 

«Ոչ, որևէ թռչող սարք Ստեփանակերտի երկնքում չի հայտնվել, այդ ոչնչացված անօդաչու թռչող սարքերն առավելագույնը եղել են առաջին գծից 10-11 կմ հեռավորության վրա»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը։ «Փաստերի ստուգման հարթակը»-ը նույն օրը պարզեց հակառակը։ 

Իրականությանը չէր համապատասխանում նաև Սարգսյանի մեկ այլ պնդում, թե ըստ իրենց իրականացրած հարցումների հասարակության 80 տոկոսը համարում էր, որ Քառօրյա պատերազմում Հայաստանը հաղթել է։

Հերքումներ

❌ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության օգոստոսի 26-ի հաղորդագրության բովանդակությունը հերքեց Արցախի պաշտպանության նախարարությունը։ Ադրբեջանական կողմը պնդել էր, իբր Պաշտպանության բանակի զինծառայողները կրակ են բացել Թերթերի շրջանի Ղափանլը գյուղի ուղղությամբ։

❌ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հերքեց շրջանառվող աղյուսակի բովանդակությունը, որում իբրև ներկայացվում էր դպրոցներում երեխաների սեռական կրթության չափանիշները։ «Տեղեկացնեմ, որ այս փաստաթուղթը չի եղել, չկա ու չի լինելու մեր կրթական ծրագրերում: Այն երբեք նույնիսկ բանավոր չի քննարկվել, էլ ինչ մնաց` շրջանառվեր», – գրեց նախարարը:

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *