2020.08.20,

Ստուգված է

Բելառուսի ցույցերը՝ 5-րդ ալիքի եթերում․ հերքված լուրեր, քարոզչական թեզեր և դավադրության տեսություն

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Բելառուսում ընտրություններից հետո ընթացող ցույցերը ակտիվորեն լուսաբանել է հայաստանյան 5-րդ ալիքը։ Oգոստոսի 17-18-ին, հեռուստաալիքի եթերում Բելառուսի թեմայով կային սխալներ և մանիպուլյացիա․ կրկնվեցին ռուսական քարոզչական թեզերը, իսկ ծայրահեղական ակտիվիստը ներկայացվեց որպես փորձագետ։ Ալիքը երկրորդ անգամ հեռարձակեց նույն սխալ պնդումը Մինսկում զոհված ցուցարարի մասին։ 

5-րդ ալիքը կրկնեց ռուսական քարոզչական հաղորդման թեզերը

Օգոստոսի 17-ին 5-րդ ալիքը հեռարձակեց վիրուսային դարձած մի տեսահոլովակ, որում մի ցուցարար կին պատմում էր ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելու մասին։ Այնուհետև հաղորդավարը հայտնեց՝ սա ոչ թե սովորական ցուցարար է, այլ մարմնավաճառության համար բազմիցս ձերբակալված մի կին, որը նաև ցուցարարների համակարգողներից է։ 

5-րդ ալիքի պնդումը բովանդակությամբ, տեղ-տեղ՝ նույնիսկ բառացի կրկնում էր ռուսական քարոզչական Соловьев Live յություբյան ալիքի ռեպորտաժը։ Ալիքի հիմնադիր Վլադիմիր Սոլովյովը բազմիցս չճշտված և մանիպուլյատիվ տեղեկություն է տարածել։ Այս անգամ Սոլովյովը պնդում էր, թե տեսահոլովակի աղջիկը սեքս ծառայությունների ոլորտի աշխատակից է և նախկինում ձերբակալված է եղել իր աշխատանքի համար։ 

Սոլովյովը չէր բերում այս պնդման որևէ ապացույց։ Նույն կերպ՝ առանց հիմնավորման, այս պնդումը կրկնեց 5-րդ ալիքը։ Ավելին, թե ինչո՞ւ ենթադրյալ սեքս աշխատողը չէր կարող լինել ուժայինների կողմից կիրառված բռնության զոհ, պարզ չէ․ ո՛չ 5-րդ ալիքը, ո՛չ էլ Սոլովյովը չբացատրեցին։ 

Սոլովյովը նաև պնդել էր, թե աղջիկը կազմակերպել է, որ ցուցարարները ծեծի ենթարկեն ՕՄՕՆ-ի (ոստիկանության հատուկ նշանակության ջոկատ) ծառայողներին։ Որպես ապացույց բերվում է մի խոսակցության ձայնագրություն, սակայն տեսանյութից պարզ չէ, թե ով է խոսողը։

Ի դեպ, Սոլովյովի պնդումները տարածում էին բելառուսական պրոիշխանական Տելեգրամ-ալիքները և կեղծ օգտատերերը։




Այս դեպքը առաջին անգամը չէ, երբ Սոլովյովը պնդում է, թե բացահայտել է կեղծ ցուցարարի։ Օրինակ, նա ցուցադրել էր երկու երիտասարդների տեսահոլովակ և ասել, թե երիտասարդները ռուսական ընդդիմադիր «Открытая Россия» կազմակերպության՝ Մինսկում ձերբակալված անդամներն են։ Բայց Սոլովյովի տեսահոլովակի երիտասարդներն ու «Открытая Россия»-ի ձերբակալված անդամները բոլորովին տարբեր մարդիկ էին։  

Ծայրահեղական ակտիվիստը ներկայացրվեց որպես փորձագետ 

5-րդ ալիքը Բելառուսի մասին միանգամից երկու ռեպորտաժ հեռարձակեց, որտեղ որպես փորձագետ ներկայացվում էր  ծայրահեղական ակտիվիստ, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանը։  

Մալյանը տևական ժամանակ է շահարկում է Ջորջ Սորոսի մասին բազմիցս հերքված դավադրության տեսությունը, և պնդում, թե հեղափոխությունից հետո «սորոսականներն» են Հայաստանում եկել իշխանության։ 

Բելառուսի մասին 5-րդ ալիքի եթերում Մալյանը նոր բան չասաց․ ցույցերը, ըստ նրա, կազմակերպված են Սորոսի կողմից։ Նա նաև պատմեց, որ կան «գլոբալիստական» լրատվամիջոցներ, որոնք կեղծ լուրեր են տարածում։ 

Այս խոսքերից անմիջապես հետո Մալյանը հայտարարեց, թե Բելառուսում մի ցուցարար ինքնաշեն ռումբ էր ուզում նետել ոստիկանների վրա, բայց ռումբը պայթեց իր ձեռքում, և նա մահացավ։ Այս պնդումը սխալ է․ սպանության տեսագրությունից երևում է, որ ցուցարարի ձեռքում ոչ մի ռումբ չի եղել, և նա զոհվել է ոստիկանների կրակոցից։ Մալյանը կրկնում էր Բելառուսի իշխանությունների թեզը, որը արդեն հերքվել է հետաքննող լրագրողների կողմից։ 5-րդ ալիքը արդեն երկրորդ անգամ է տարածում նույն սխալ պնդումը։ 

Մեկ այլ ռեպորտաժում էլ Մալյանը հայտնեց, թե ցույցերի մեղավորը հենց Լուկաշենկոն էր, ով մերժեց Ռուսաստանը և «սիրախաղի» մեջ մտավ արևմուտքի հետ։ Արևմուտքի հետ հարաբերությունների ջեմացումը Մալյանը որակեց որպես «պայմանագիր Սատանայի հետ»։ 

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *