2020.06.16,

Ստուգված է

Հունիսի 1-15-ի կեղծ ու հերքված լուրերը

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող, սկսնակ նշանագետ

Հունիսի սկզբին մամուլում շրջանառվեցին վարչապետի շքեղ առանձնատան մասին կեղծ լուրը և ՀՎԿ ազգային կենտրոնի մասին մոլորեցնող քարոզչական թեզեր։ Տեղի ունեցավ կորոնավիրուսից մահացածների տվյալների արտահոսք և շարունակվեց համավարակի շուրջ կեղծ կամ մոլորեցնող լուրերի տարափը։

Կենսաբանական լաբորատորիաների մասին քարոզչական թեզը նորից հնչեց, այս անգամ՝ ArmNews-ի եթերում

Քաղաքական վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցը ArmNews-ի եթերում մտահոգություն հայտնեց Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաների մասին։ Խոսքը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասին է, որտեղ կատարվում են կորոնավիրուսի ախտորոշման և համաճարակային իրավիճակի վերլուծման աշխատանքներ։ ՀՎԿ-ն, որը ֆինանսավորում է ստացել ԱՄՆ-ից, հաճախ է դառնում ռուսական քարոզչական թեզերի առարկա։

Շաքարյանցն ասաց, որ Իրանը և Չինաստանը նույնպես խիստ մտահոգված են լաբորատորիաներով և առաջարկեց դրանց փոխարեն ռուսական կամ իրանական լաբորատորիաներ բացել։

Անդրադառնալով Արցախի հարցին, Շաքարյանցը կարծիք հայտնեց, որ Հայաստանից Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին չեն պատասխանում, քանի որ իշխանությունը «թուրքասեր» է. «Երևի էսօրվա կառավարությունը մեռնում ա, ուզում ա հանձնել տարածքները»։

Շաքարյանը քննարկեց նաև ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենի ենթադրյալ ուկրաինական բիզնեսները։ Հաղորդավար Դավիթ Սարգսյանն էլ հայտարարեց․ «Ուկրաինան ձախողված պետություն է»։

Ֆեյսբուքյան էջը հրապարակեց Տաթևիկ Ռևազյանի խմբագրված լուսանկարը և կորոնավիրուսից մահացածների արտահոսած տվյալները

Հունիսի 4-ին Ֆեյսբուքյան «Զնդան» էջը գրեց, թե Տաթևիկ Ռևազյանը Հայաստանում գործող թուրք-ադրբեջանական գործակալական ցանցի անդամ է և 12 մլն եվրո է ստացել «ՀՀ քաղավիացիան հիմքից քանդելու համար»։

Այս գրառումը ուղեկցվում էր խմբագրված նկարով, որտեղ Ռևազյանի մեջքի ետևում ավելացվել էին Թուրքիայի դրոշը և Էրդողանի ու Ալիևի համատեղ նկարը։ Այս գրառումով կիսվեցին շուրջ 450 անգամ։

Ռևազյանի մասին գրառումից մի քանի օր առաջ այս էջի միջոցով կազմակերպվել էր տեղեկատվական արտահոսք՝ հրապարակվել էր կորոնավիրուսից մահացած մարդկանց ցուցակ։

Իսկ անցած տարվա նոյեմբերին այս էջում էին տեղադրվել Ստյոպա Սաֆարյանի նամակագրության սքրինշոթեր։

«Զնդան» էջը բացվել է 2019-ին, ունի շուրջ 800 հետևորդ։ Համակարգվում է Ռուսաստանում տեղայնացված մեկ հաշվի կողմից։

Ի դեպ, հունիսի սկզբին տեղի ունեցավ մեկ այլ արտահոսք՝ կորոնավիրուսով հիվանդների տվյալները հրապարակեցին ադրբեջանցի հաքերները։

Փաշինյանի կանադական առանձնատունը ո՛չ Փաշինյանինն էր, ո՛չ էլ կանադական էր

Ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Պետրոսյանը, ով համարվում է Միքայել Մինասյանի մերձավորը, հունիսի 11-ին հրապարակեց մի առանձնատան նկար, և գրեց, թե «ըստ օդում կախված լուրերի» դա Նիկոլ Փաշինյանի Կանադայում 3 մլն դոլարով ձեռք բերած տունն է։

«Փաստերի ստուգման հարթակը» պարզեց, որ առանձնատան սեփականատերերը Փաշինյանի հետ որևէ կապ չունեն։ Ավելին, առանձնատունը նույնիսկ Կանադայում չէր գտնվում, այլ ԱՄՆ-ում։

Սոնա Աղեկյանը կատակում էր, մամուլը՝ արտատպում

Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը իր ֆեյսբուքյան էջում գրեց, թե վարակվել է կորոնավիրուսով։

Գրառումը վերատպեցին մի շարք լրատվականներ՝ 24news.am-ը, medialab.am-ը, armdaily.am-ը։

Սակայն նույն գրառման մեկնաբանություններում Աղեկյանը հայտարարեց, թե «կատակել» է՝ իրականում հիվանդ չէ։

Covid-19-ի համավարակը շարունակեց մնալ չճշտված կամ սխալ լուրերի առարկա

Անցած երկու շաբաթների ընթացքում շարունակվում էին տարածվել կորոնավիրուսի մասին ամենատարբեր դավադրության տեսությունները՝ Օլիմպիական խաղերի ժամանակ բեմադրված համավարակից մինչև ախտորոշող թեստերից վարակվելը։

Եղավ նաև չապացուցված էֆեկտիվությամբ միջոցների մասին հերթական լուրը․ 1in.am-ի հաղորդավար Գոհար Հայրապետյանը գրեց, թե «Health Tone» կոչվող միջոցը կօգնի խուսափել վարակից։ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից հերքեցին՝ նշելով, որ սա սննդային հավելում է և չի կարող օգտագործվել որպես դեղամիջոց կորոնավիրուսի դեմ պայքարում։

Analitik.am կայքը հրապարակեց Արարատից մի կնոջ պատմություն, որին բուժօգնություն չեն հատկացնում, չնայած նա ունի վիրուսի բոլոր ախտանիշները։ Media.am-ը պարզեց, որ լուրը կեղծ է, իսկ նշված կնոջ հետ խոսակցությունը լրագրողը հորինել է։

Media.am-ը նաև պատմեց կորոնավիրուսի վերաբերյալ պարբերաբար ապատեղեկատվություն տարածող բժիշկների մասին և հրապարակեց հունիսի առաջին և երկրորդ շաբաթվա կորոնամիֆերը։

 Հերքման պահանջներ

📌 Հունիսի առաջին կեսին Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի դեմ երկու դատական հայց է ներկայացվել։

Նախ, հունիսի 1-ին Մինասյանին դատի տվեցին վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և նրա եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։ Պատճառը Հակոբյանների՝ մաքսանենգ ծխախոտի առուվաճառքի մեջ ներգրավված լինելու մասին Մինասյանի հայտարարությունն էր։

Նրանք Մինասյանից պահանջել են հրապարակային ներողություն խնդրել, հերքել զրպարտող հայտարարությունը և 2 մլն դրամի չափով փոխհատուցել արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը։

Հունիսի 5-ին էլ նախկին դեսպանի դեմ հայց ներկայացրեց ԱԺ պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանը։ Նա պահանջել է զրպարտող տեղեկության հերքում և 2 մլն դրամ փոխհատուցում։ Հայցի պատճառ է դարձել մաքսանենգ ծխախոտի մասին Մինասյանի նույն հայտարարությունը։

📌Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը 168.am-ից պահանջեց հերքել իր մասնակցությամբ տեղի ունեցած երեկույթի մասին լուրը։

168.am-ը գրել էր, թե Աղաջանյանը համաճարակային լարված իրավիճակի պայմաններում իրեն պատկանող ակումբում երեկույթ է կազմակերպել, որը տևել է մինչ լուսաբաց։ Կայքը լուրը հրապարակել էր անանուն աղբյուրին հղում տալով։

Հերքումներ

❌Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը և ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը հերքեցին Փաշինյանի և Տեր-Պետրոսյանի հանդիպման մասին «Փաստինֆոյի» տարածած լուրը։

❌Տավուշի մարզպետարանից հերքեցին մարզպետ Հայկ Չոբանյանի ինքնամեկուսացման մասին լուրը։ Մարզպետարանից հավելեցին, որ Չոբանյանը թեստ էր հանձնել երկու շաբաթ առաջ և այն բացասական էր եղել։

❌Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հերքեց լուրը այն մասին, թե «ՀայՓոստ» այցելության ժամանակ նրան զինված անձ է ուղեկցել։ Արշակյանը նշեց, որ ուղեկցողը եղել է ոչ թե նախարարության, այլ «Հայփոստի» «Հատուկ միջոցների փոխադրման ծառայության» աշխատակից։ Այդ ծառայության աշխատակիցները ունեն զենք կրելու իրավունք։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *