2020.01.16,

Ստուգված է

Հունվարի 1-15-ը կեղծ ու հերքված լուրերը

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող, սկսնակ նշանագետ

Հունվարի սկզբին ԱԱԾ-ն բացահայտեց և ձերբակալեց ֆեյսբուքյան ֆեյքի, իսկ լրատվամիջոցները նորից հայտնեցին, թե Երևանից Ղրիմ չվերթներ կսկսվեն։

Հայաստանի մասին հոդվածը պատվիրված չէ

Հունվարի 14-ին Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց շվեյցարական «Berner Zeitung» թերթի հոդվածը հետհեղափոխական Հայաստանի մասին։

Ժամեր անց Politik.am կայքը գրեց, թե այդ հոդվածը պատվիրված է, և դրա համար թերթին վճարել են 6 մլն 900 հազար դրամ։ Նյութը վերատպեցին News.am-ը և Zham.am-ը։

Politik.am-ի պնդումը հերքեցին թե՛ կառավարությունից, թե՛ «Berner Zeitung» թերթի խմբագրությունից։

Politik.am-ը իր հոդվածում հղում է կատարում անանուն աղբյուրից ստացած տեղեկությանը, որի հիման վրա լրատվամիջոցը «փոքրիկ հետաքննություն» է անցկացրել։ Հետաքննության՝ հոդվածում նշվող միակ աղբյուրը Prnews.io կայքն է, որի միջոցով կարելի է գովազդ տեղադրել տարբեր լրատվամիջոցներում։ Այս կայքի տվյալների հիման վրա էլ Politik.am-ը հաշվել է գովազդի ենթադրյալ գինը։

Prnews.io կայքը գովազդ տեղադրելու համար առաջարկում է հազարավոր լրատվամիջոցներ, այդ թվում աշխարհի խոշորագույն լրատվական գործակալություններից մեկի՝ Reuters-ի ֆրանսիական ծառայությունը, Rolling Stones հայտնի երաժշտական ամսագիրը և այլն։ Այսինքն, ցանկացած կազմակերպություն կարող է գովազդ գնել Prnews.io կայքի միջոցով, սակայն սա ոչ մի կերպ չի ապացուցում, որ Փաշինյանի նշած հոդվածը պատվիրված էր։

Politik.am-ը իր ենթադրությունը բացատրել է նրանով, որ «Berner Zeitung»-ում հիմնականում պատվիրված նյութեր են հրապարակվում, բայց որևէ ապացույց այս պնդմանը չի բերել։

Ֆեյսբուքյան ֆեյքը ձերբակալվեց

Հունվարի առաջին կեսի ամենաքննարկված ապատեղեկատվությունը, թերևս, ֆեյսբուքյան կեղծ օգտատեր Դիանա Հարությունյանի հրապարակումն էր այն մասին, թե Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Թրամփին` իրանցի հրամանատար Սոլեյմանիի սպանության առթիվ։

Կեղծ օգտատիրոջ այս հրապարակումը վերատպեցին ադրբեջանական լրատվամիջոցները։

Դեպքին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանը։ Հաջորդ օրը ԱԱԾ-ն հայտարարեց, որ հայտնաբերել և ձերբակալել է կեղծ էջը վարողին։

Երևանում երկրաշարժ չէր սպասվում

Հունվարի 9-ին Դալմա Գարդեն Մոլում ցնցումների պատճառով իրարանցում բարձրացավ, մարդկանց տարհանեցին շենքից։

Նույն օրը Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկություն հրապարակեց այն մասին, որ համացանցում ասեկոսեներ են շրջանառվում, թե Երևանում երկրաշարժ է սպասվում։ Նախարարությունը հերքեց այս տեղեկությունը։

Հետագայում պարզվեց, որ ցնցումների պատճառը խոշոր օդորակչի անսարքությունն էր։

Ֆինլանդիան չի անցնում 4-օրյա աշխատանքային շաբաթվա

Թե՛ արտասահմանյան, թե՛ հայկական լրատվամիջոցները հունվարին գրում էին, թե Ֆինլանդիայի նորընտիր վարչապետ Սաննա Մարինը առաջարկել է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվա, իսկ աշխատանքային օրը դարձնել 6-ժամյա։ Այս լուրը, սակայն, իրականությանը չի համապատասխանում։

Անցած օգոստոսին, երբ Մարինը դեռ Ֆինլանդիայի վարչապետ չէր, նա իսկապես խոսել է 4-օրյա աշխատանքային շաբաթվա մասին, բայց դա չի եղել պաշտոնական հայտարարություն։ Աշխատանքային օրերն ու ժամերը կրճատելու մասին որևէ ծրագիր Ֆինլանդիայի կառավարությունը չի ներկայացրել։

Լուրը հրապարակեց բրիտանական հեղանակավոր The Guardian-ը (որը հետագայում ուղղեց սխալը և փոփոխության մասին հատուկ գրություն հրապարակեց)։ Հայկական լրատվամիջոցներից տեղեկությունը տարածեց «Հայկական ժամանակը»։

Վթարի ամսաթիվը սխալ էր

Հունվարի 7-ին մի շարք լրատվամիջոցներ գրեցին, որ Արցախում երկու զինծառայող վթարի են ենթարկվել։ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում կոչ արեց ապատեղեկատվություն չտարածել․ «Ոչ մի վթար չի եղել այսօր»։

Պարզվեց` վթարը եղել է հրապարակումներից երկու օր առաջ՝ հունվարի 5-ին։

Առաջին ալիքը կայքից հեռացրեց հոդվածը, ապա վերականգնեց՝ ուղղելով ամսաթիվը։ Այլ լրատվամիջոցներ նույնպես ուղղում մտցրեցին հոդվածներում։

Երևանից դեպի Ղրիմ չվերթներ չեն նախատեսվում

Ռուսական մի շարք լրատվականներ, այդ թվում՝ Gazeta.ru և EADily կայքերը գրեցին, թե այս տարի Հայաստանի և Ղրիմի միջև կանոնավոր ավիահաղորդակցություն կսկսվի։

Ռուսական մամուլը հղում էր տալիս Ղրիմի խորհրդարանի անդամ Ալեքսեյ Չերնյակի խոսքերին, ով նշել էր, թե Երևան-Սիմֆերոպոլ չվերթները կդառնան Ղրիմի՝ Ռուսաստանին միանալուց հետո առաջին միջազգային կանոնավոր ավիահաղորդակցությունը։

Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հերքեց տեղեկությունը՝ նշելով, որ չվերթներ իրականացնելու մասին որևէ քննարկում չի եղել։ Այս նույն տեղեկությունը տարածվել էր նաև 2019-ի դեկտեմբերին, և նույնպես հերքվել։

Հին լուրը՝ Ֆեյսբուքյան թարմ գրառման մեջ

Հաճախ մոլորեցնող կամ կեղծ լուրերը տարածում են գտնում համացանցում առանց մամուլում վերատպվելու․ դրանք շրջանառվում են տարատեսակ լրատվություն տարածող ֆեյսբուքյան էջերով և խմբերով։ Օրինակ, հունվարի 9-ին ֆեյսբուքյան խմբերից մեկում տարածվեց Slim.am կայքի 2016 թ․ հրապարակված հոդվածը այն մասին, որ «Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել ճանաչել ԼՂՀ-ն և պատժել Ադրբեջանին»։

Լուրը խմբում հրապարակել էր Norayr Zuloyan անունով օգտատերը՝ առանց նշելու, որ հոդվածը հինգ տարվա վաղեմություն ունի։ Նրա հրապարակմամբ կիսվել են շուրջ 170 անգամ։

Մեկ ամսվա հրդեհները՝ մեկ պատկերում

Ավստալիայում մոլեգնող անտառային հրդեհների ժամանակ համացանցում տարածվում էր կրակով պատված մայրցամաքի պատկերը։ Նկարը ներկայացվում էր որպես NASA կողմից արված լուսանկար, բայց այն իրականում անհատ օգտատիրոջ հեղինակած 3D պատկեր էր, որը ստեղծվել էր մեկ ամսվա ընթացքում NASA-ի արած արբանյակային լուսանկարների հիման վրա։ Այսինքն, նկարը ներկայացնում էր ոչ թե տվյալ պահը, այլ մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցած հրդեհները։

Նկարը տարածվեց նաև հայկական լրատվամիջոցներում՝ ներկայացվելով որպես NASA-ի արած լուսանկար, այլ ոչ թե 3D պատկեր։

Ավտրալիայում տեղի ունեցող աղետի մասին համացանցում տարածվում էին նաև մի շարք այլ կեղծ լուրեր, օրինակ, որ հրդեհները դիտավորյալ կազմակերպված են։

Դավադրության տեսություն՝ փաստերի փոխարեն

News.am-ը, «168 ժամ»-ը, Yerevan.Today-ը և մի շարք այլ լրատվամիջոցներ վերատպեցին «Malian PR agency» ընկերության տնօրեն Նարեկ Մալյանի  ֆեյսբուքյան գրառումը այն մասին, որ կառավարությունը հարկերից ազատել է «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան»-ի ֆինանսավորած կազմակերպությունների մի շարք բարեգործական նախագծեր։

Մալյանը մեջբերել է կազմակերպությունների ցանկ, որոնց այս կամ այլ ծրագրեր ազատվել են հարկերից։ Ընդ որում, կազմակերպությունների այս ցանկում չկան «Բաց հասարակության հիմնադրամները»։ Փոխարենը կա Երևանի պետական համալսարանը, «Բուն» գիտամշակութային հիմնադրամը, Հայաստանի հելսինկյան կոմիտեն և այլն։

Մալյանը այս բոլոր կազմակերպությունները որակել է որպես «սորոսական» այն հիմքով, որ դրանք մեկ կամ ավել անգամ ֆինանսավորում են ստացել «Բաց հասարակության հիմնադրամներից»։

Փաստերի ստուգման հարթակը պարզեց, որ Հայաստանում հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնությունները լիազորված մարմնի կողմից բարեգործական որակված ծրագրերին տրամադրվում են 2002 թվականին ընդունված «Բարեգործության մասին» օրենքով։

Fip.am-ը գրել է, որ «Նարեկ Մալյանը, ներկայացնելով մեկ տարվա վաղեմություն ունեցող փաստաթուղթ, խեղաթյուրել է փաստերը՝ տպավորություն ստեղծելով, թե նշված բոլոր ընկերությունները ստացել են հարկային արտոնություններ միայն հետհեղափոխական իշխանությունների օրոք»։

Իրականում հարկերից ազատվել են ոչ թե Մալյանի ցուցակում նշված կազմակերպությունները, այլ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը»։ Ընդ որում 1998 թվականից սկսած՝ ամեն տարի։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *