Նկարը ստեղծվել է արհեստական բանականության կիրառմամաբ

Որքանո՞վ է լրագրողն ազատ ընտրատեղամասում։ Կարո՞ղ է նկարահանել ամեն ինչ։ Կարո՞ղ է միջամտել, եթե խախտում է նկատում։ Իսկ ո՞ր պահին է նրա մասնագիտական հետաքրքրությունը բախվում ընտրողի իրավունքներին։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է հայտնի լինեն լրագրողներին ընտրություններում քվեարկության օրը՝ մինչև հունիսի 7-ի առավոտյան ժամը 8:00-ը։  

Լրագրողը ընտրատեղամասում պարզապես այցելու չէ 

Լրագրողն օրենքով կարող է գտնվել այնտեղ, որտեղ որոշվում է հանրային իշխանության ճակատագիրը։ Նա կարող է հետևել գործընթացին, դիտարկել հանձնաժողովի աշխատանքը, արձանագրել տեղի ունեցողը և տեղեկացնել հանրությանը։ Բայց ընտրատեղամաս կարող է մտնել միայն այն լրագրողը, որն ունի համապատասխան վկայական և անձը հաստատող փաստաթուղթ։ Ընդ որում՝ վկայականը պետք է ոչ թե գրպանում լինի, այլ տեսանելի՝ այնպես, որ բոլորը հասկանան, որ գործ ունեն լրատվամիջոցի ներկայացուցչի հետ։ Հանձնաժողովի նախագահն իրավունք ունի պահանջել, որ վկայականը վերնազգեստի վրա չկրող անձինք լքեն քվեարկության սենյակը։ 

Ամեն ինչ տեսնելը չի նշանակում ամեն ինչին մասնակցել   

Ընտրությունների օրը լրագրողները հաճախ հայտնվում են իրադարձությունների հենց կենտրոնում։ Նրանք առաջինն են նկատում տարօրինակ շարժը, լսում դժգոհությունները, երբեմն նույնիսկ առաջինն են տեղեկանում հնարավոր խախտումների մասին։ Բայց կա մի կարևոր սահման, որը լրագրողը չպետք է հատի։ Նա գործընթացը նկարագրողն է, ոչ թե ղեկավարողը։ Նա չի կարող ուղղորդել ընտրողին, վիճել հանձնաժողովի անդամների հետ որպես կողմ, խառնվել քվեարկության ընթացքին կամ փորձել ինքնուրույն «վերականգնել արդարությունը»։ Լրագրողի գործը ոչ թե միջամտելն է, այլ փաստը տեսնելն ու հանրությանը փոխանցելը։  

Յուրաքանչյուր լրատվամիջոցից քվեարկության սենյակում միաժամանակ կարող են գտնվել միայն մեկ լրագրող և մեկ լուսանկարիչ կամ մեկ տեսանկարահանող օպերատոր։ 

Տեսախցիկը կարող է տեսնել ամեն ինչ, բացի… 

Ընտրությունների օրը լրագրողի գլխավոր գործիքներից մեկը տեսախցիկն է։ Լրագրողը կարող է ազատ տեղաշարժվել քվեարկության սենյակում՝ դիտարկելու համար քվեատուփը, քվեաթերթիկները, ընտրողների ցուցակները, սարքավորումները։ Նաև՝ լուսանկարել և տեսանկարահանել հանձնաժողովի նիստերը, քվեարկության ընթացքը և արդյունքների ամփոփումը, լուսանկարել քվեարկության արդյունքների արձանագրությունը, ստանալ արձանագրության պաշտոնական քաղվածք, նկարահանել վերահաշվարկի գործընթացը։  

Բայց ընտրատեղամասում կա մի տարածք, որտեղ օբյեկտիվն իրավունք չունի ներխուժելու։ Դա ընտրողի գաղտնի կամարտահայտության վայրն է՝ քվեախուցը։  Լրագրողները կարող են նկարահանել հերթերը, հանձնաժողովի աշխատանքը, քվեատուփը, ընդհանուր մթնոլորտը։ Կարող են ֆիքսել լարված պահերը, վեճերը, խախտումների մասին ահազանգերը։ Բայց քվեախուց մտնել չեն կարող։   

Ի՞նչ իրավունքներ ունի ԶԼՄ ներկայացուցիչը 

Նա կարող է տպագրության ողջ ընթացքում, առանց միջամտելու հետևել քվեաթերթիկների և ինքնասոսնձվող դրոշմանիշների տպագրմանը, ինչպես նաև ուղեկցել դրանք տեղափոխող մեքենան։ Քվեարկության նախորդ օրը ԸԸՀ-երում հետևել ընտրական փաստաթղթերը և տեխնիկական սարքավորումները տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացնելու գործընթացին։ Ծանոթանալ ԿԸՀ-ի, ընտրատարածքային և տեղամասային հանձնաժողովների տնօրինության տակ գտնվող ընտրական փաստաթղթերին, դատարանի վճիռներին, դրանցից կարող է ինքնուրույն քաղվածքներ անել, բայց արգելվում է քվեարկության ընթացքում քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակներից և  քվեարկության կտրոններից քաղվածքներ անելը։  

Զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչն իրավունք ունի հրապարակայնորեն հայտնելու կարծիք, անելու հայտարարություն՝ ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ, բողոքարկելու ընտրական հանձնաժողովի որոշումներն ու գործողությունները, եթե կարծում է, որ լրագրողի՝ օրենքով սահմանված իրավունքները խախտվել են։ 

Ի՞նչ անելու իրավունքի չունի լրագրողը 

ԶԼՄ ներկայացուցիչը իրավունք չունի նկարահանել այնպես, որ հնարավոր լինի տեսնել ընտրությունը, միջամտել ընտրական հանձնաժողովի աշխատանքներին, կամ հանձնաժողովի կողմից որոշումների ընդունմանը, ընտրական հանձնաժողովի անդամներին տալ ցուցումներ, ներկայացնել պահանջներ։ 

Լրագրողին կարո՞ղ են հեռացնել տեղամասից 

Եթե ԶԼՄ ներկայացուցիչը  խաթարում է հանձնաժողովի բնականոն աշխատանքը կամ խոչընդոտում է նիստի բնականոն ընթացքը և հանձնաժողովի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսևորում, ստանում է նախազգուշացում։ Եթե նույն բանը շարունակում է անել նախազգուշացումից հետո, կարող է հեռացվել նիստից, կամ քվեարկության սենյակից և տեղամասային կենտրոնից։ Բայց հեռացման որոշումն ընդունվում է ընտրական հանձնաժողովի անդամների ձայների առնվազն 2/3-ով։   

Երբ խախտում է տեղի ունենում տեսախցիկի առաջ  

Ընտրությունների օրը լրատվամիջոցները ջանում են որսալ պատմություն։ Երբեմն այդ պատմությունը աղմկոտ միջադեպ է, վեճ կամ կասկածելի իրավիճակ։ Այդ պահին լրագրողի առաջին ռեակցիան չպետք է լինի դատավճիռ կայացնելը։ Լավ լրագրողը նախ փաստագրում է, հետո հարցեր տալիս, հետո միայն եզրակացություններ ներկայացնում։ Քանի որ ընտրությունների օրը մեկ չճշտված հրապարակումը կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ, քան տասնյակ ճշգրիտ նյութերը։ 

Հոդվածը պատրաստել ենք ԿԸՀ-ի  ԶԼՄ ներկայացուցչի ձեռնարկի նյութերի հիման վրա, պատրաստված՝ ՀՀ ԱԺ 2026թ-ի ընտրությունների համար։

Նելլի Ռաֆայելյան