Ընտրություններին տեղեկացված և գիտակցված մասնակցության կարևորության մասին խոսակցությունը Հայաստանում ընթանում է նաև թատրոնում։ «Փոփոխությունների թատրոնը» իր` «Քո քվեն բումերանգ է» ինտերակտիվ ներկայացմամբ, փորձում է հանրային քննարկման կենտրոն բերել ընտրության մշակույթին ու քաղաքացիական պատասխանատվությանը վերաբերող մի շարք հարցեր։
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի աջակցությամբ բեմադրված ինտերակտիվ ներկայացման նպատակն է մարդկանց ավելի մոտեցնել ժողովրդավարության գաղափարին, բարձրացնել ընտրողների իրազեկվածությունն ու խթանել քաղաքացիական ակտիվությունը։
Ներկայացման սյուժեն կառուցված է այլաբանական պատմության հիման վրա։ Գլխավոր կերպարները երեք ագռավներ են, որոնք հայտնվում են Ազգային ժողովի այգում և տեղեկանում, որ պետք է նոր այգեպան ընտրեն։
Դերասան Վահագն Գասպարյանն ասում է, որ թեև հանդիսատեսը կարող է որոշակի համեմատական եզրեր գտնել մեր իրականության մեջ առկա քաղաքական կերպարների ու իրադրությունների հետ, բայց ներկայացումը ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության, այլ այն միջավայրի մասին է, որտեղ ձևավորվում է ընտրական մշակույթը։
«Եթե ասեմ, որ ներկայացումը միայն ընտրությունների մասին է, ապա կստեմ։ Այստեղ խոսքն այն մասին է, թե ինչպես ենք մենք վերաբերվում ընտրություններին։ Ներկայացնում ենք տարբեր մոտեցումներ, տարբեր տեսակետներ ու փորձում ենք փոխանցել այն պարզ միտքը, որ մեր քվեն բումերանգի պես վերադառնում է մեզ։ Կախված այն հանգամանքից, թե մենք որքան պատասխանատու ու գիտակցված ենք վերաբերվել մեր ընտրելու իրավունքին, հետո նույն կերպ էլ ձևավորվելու է մեր իրականությունը»,- ասում է Վահագնը։
Ինտերակտիվ ձևաչափի շնորհիվ հանդիսատեսը դառնում է ներկայացման ակտիվ մասնակիցն ու փորձում վերլուծել ներկայացված իրավիճակները։ Ինչի արդյունքում էլ ներկայացումը կարծես վերածվում է թատերականացված քննարկման։
«Մեր հանդիսատեսը իր քննարկումների, արտահայտած կարծիքների միջոցով օգնում է հերոսներին դուրս գալ ստեղծված իրավիճակներից։ Եվ այդ ժամանակ կարծես ինքն էլ վերանայում է իր պահվածքը, վերլուծում իր մոտեցումները»,– ասում է դերասանը։
Օրենքի գերակայությունը, խոսքի ազատությունն ու մասնակցային կառավարման անհրաժեշտությունը առաջին պլան բերելուն զուգահեռ, ներկայացումը փորձում է նաև պայքարել ընտրական գործընթացների նկատմամբ առկա անտարբերության դեմ։
Ներկայացման մուտքն ազատ է։ Դերասանուհի Զարուհի Հակոբյանը հույս ունի, որ դա կօգնի ավելի այն լսարան ներգրավել, այդ թվում՝ այն մարդկանց, ովքեր սովորաբար չեն մասնակցում նման քննարկումների։
«Եթե մարդը չի հետաքրքրվում թեմայով, նրան այստեղ բերելը արդեն առաջին քայլն է։ Նա սկսում է մտածել, հարցեր տալ, քննարկել։ Ամենավտանգավորը իմ կարծիքով անտարբերությունն է, երբ մարդն ասում է՝ ինձ չի հետաքրքրում։ Բայց չէ, որ խոսքը մեր կյանքի, մեր ապագայի մասին է»,- ասում է Զարուհին։
«Քո քվեն բումերանգ է» ներկայացումը ստեղծում է միջավայր, որտեղ ընտրությունների թեման դիտարկվում է ոչ թե քարոզչական, այլ վերլուծական և ինքնաքննադատական տեսանկյունից։ Ներկայացումը կարելի է դիտել ԼՈՖԹ-ում, մինչև հունիս։