Երբեմն մեկ թիվը կամ մեկ աղյուսակը կարող է ավելին պատմել որևէ ոլորտի մասին, քան մի քանի ելույթը։ Աղյուսակում գտնվող պատմություննները տեսնելու և մյուսներին էլ պատմելու համար անհարաժեշտ են մարդիկ, որոնք հասկանում են տվյալների լեզուն։ Արդեն երրորդ տարին անցկացվող Open Data 2026 մրցույթը հավաքել էր հենց այն երիտասարդ մասնագետներին, որոնք ոչ միայն տեսնում ու հասկանում են տվյալների ետևում թաքնված պատմությունները, այլ փորձում են դրանց օգնությամբ կառուցել ավելի թափանցիկ ու հաշվետու իրականություն։ 

Բաց գիտելիքի հիմնադրամի (Open Knowledge Foundation) կողմից կազմակերպվող այս միջոցառմամբ Հայաստանը միանում է համաշխարհային շարժմանը, որի նպատակն է ևս մեկ անգամ խոսել բաց տվյալների կարևորության մասին։ 

Իվան Բեգտինն ու Վասիլի Բուրովը «Open Data Day 2026» միջոցառման ժամանակ։ Լուսանկարը՝ Open Data Armenia-ի ՖԲ էջից

«Open Data Armenia»-ի համահիմնադիր Վասիլի Բուրովն ասում է, որ նախորդ երկու տարիների համեմատ այս տարի մրցույթի մասնակիցների թիվն ավելացել է, ինչը նշանակում է, որ բաց տվյալները սկսել են հետաքրքրել շատերին։ Ստացված 32 հայտերից 21 են համապատասխանել մրցույթի պահանջներին, որոնցից էլ ընտրվել են լավագույնները։ 

Մրցութային երկու անվանակարգերում էլ՝ մշակութային հավելվածներ և տվյալների վիզուալիզացիա, հանձնվեցին մեկական գլխավոր և երկուական երկրոդ տեղի մրցանակներ։ 

«Մեզ շրջապատող տվյալների հսկայական ծավալը հաճախ այդպես էլ մնում է անհասանելի ու չօգտագործված հանրության կողմից։ Դրանք քաղաքացուն հասկանալի դարձնելու համար անհրաժեշտ է լրագրողական լուրջ աշխատանք. հենց սա է պատճառը, որ մենք ամեն տարի առանձնացնում ենք տվյալների վիզուալիզացիայի անվանակարգը՝ խրախուսելով տվյալների լրագրության զարգացումը։ Մեր մյուս առաջնահերթությունը մշակութային ոլորտն է. հայկական մշակույթը դեռևս բավական թույլ է ներկայացված թվային տիրույթում, ուստի մենք ձգտում ենք խթանել այն նախագծերը, որոնք տվյալների լեզվով նորովի են պատմում հայկակական մշակութային ժառանգության մասին»,- ասում է Վասիլի Բուրովը։

Մրցույթի մրցանակային ֆոնդը 3000 ԱՄՆ դոլար է, որն այս անգամ բաժանվել է վեց մասնակիցների միջև։ 

Մշակութային հավելվածներ անվանակարգի հաղթողը Գևորգ Ծատուրյանն էր ԱրիՊարի հանրագիտարանով։ Այն հայկական ազգագրական պարերի տեսանյութերի, տեսադասերի, երաժշտությունների եռալեզու շտերամարան է, որի նպատակն է պահպանել ու տարածել հայկական պարարվեստը:

Գևորգ Ծատուրյանը մրցույթի կազմակերպիչների հետ։ Լուսանկարը՝ Open Data Armenia-ի ՖԲ էջից

«Մենք բոլոր տվյալները հավաքագրել ենք «ԱրիՊարի»-ի հիմնադրամի աջակցությամբ։ Կարծում եմ այս հարթակի միջոցով ավելի հեշտ կլինի գտնել տեղեկատվություն հայկական պարերի, դրանց պատմության, նշանակության և առանձնահատկությունների մասին։ Այն ներառում է առկա պարերի բոլոր երաժշտական ձայնագրություններն ու երգերի խոսքերը։ Օգտատերերը հնարավորություն կունենան տեսադասերի միջոցով տանը սովորել մի շարք պարեր։ Կայքը եռալեզու է և թույլ կտա աշխարհին ներկայացնել հայկական ազգային պարը»,- ասում է Գևորգը։

Մշակութային հավելվածների երկրորդ տեղը զբաղեցրած երկու աշխատանքներից մեկը Անի Թադևոսյանի «Արևանք», երկրորդը՝ Անի Հովհաննիսյանի՝ Հայաստանի թագավորական դինաստիաները և առանձին թագավորների պատմությունները ներկայացնող նախագծերն էին։

«Արևավանքը» հայկական կրոնական ճարտարապետության շտեմարան է, որը վիճակագրության և ժամանակագրության միջոցով, ցույց է տալիս, թե որտեղ են գտնվում այդ հուշարձանները, ե՞րբ են կառուցվել և ի՞նչ վիճակում են այսօր: 

Անի Թադևոսյանը և Վասիլի Բուրովը։ Լուսանկարը՝ Open Data Armenia-ի ՖԲ էջից

Հայաստանի թագավորական դինաստիաների մասին պատմող նախագծում էլ կարելի է տեսնել Բագրատունյաց թագավորության պատմական ու մշակութային ժառանգությունը։ Վիզուալիզացման արդյունքում տեղեկատվությունը ավելի հասկանալի ու հեշտ ընկալելի է դարձել։ 

Էկրանապատկերը՝ «Հայաստանի թագավորական դինաստիաները» նախագծից

Open Data 2026 մրցույթի՝ «Տվյալների ներկայացում և վիզուալիզացիա» անվանակարգի հաղթողը Հետքի լրագրող Արեն Նազարյանն էր։ Նա ներկայացրել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքից տվյալների ավտոմատացված արտահանման գործիք, որը թույլ է տալիս արագացված ստուգել և համադրել պաշտոնյաների հայտարարագրերում առկա եկամուտների և ունեցվածքի մասին տեղեկությունները։

Արեն Նազարյանը մրցույթի կազմակերպիչների հետ։ Լուսանկարը՝ Open Data Armenia-ի ՖԲ էջից

«Իմ նպատակն էր ստեղծել բոլորի համար հասանելի մի հարթակ, որի տրամադրած տվյալները նոր հնարավորություններ կբացեին հատկապես տվյալների լրագրողների համար։ Հարթակը թույլ է տալիս իրականացնել ծավալուն վերլուծություն, քանի որ եթե առանձին հայտարարագիրն արտացոլում է միայն մեկ անձի մասին ինֆորմացիա, ապա ամբողջական գերատեսչությունների տվյալների համադրումը թույլ է տալիս վեր հանել համակարգային միտումներ ու օրինաչափություններ»,- ասում է Արենը։ 

Էկրանապատկերը՝ ԿԿՀ ավյալների արտահանման պորտալից

Հարթակում ներկայացված են օգտագործման հակիրճ կանոնները։ Օգտատերը կարող է զտիչների (filters) միջոցով արտահանել անհրաժեշտ տեղեկատվությունը։ Համակարգը թույլ է տալիս ընտրել կոնկրետ պետական մարմինը, պաշտոնյաների շրջանակը կամ հայտարարատուի կարգավիճակը (պաշտոնատար անձ կամ ընտանիքի անդամ)։ Առանցքային գործիքն այստեղ հայտարարագրի կոնկրետ տողերով (օրինակ՝ անշարժ գույք, դրամական միջոցներ կամ կրիպտոարժույթ) որոնումն է։ Հավաքագրված տվյալները հասանելի են ներբեռնման համար՝ CSV ձևաչափով։

Այս անվանակարգում երկրորդ տեղը զբաղեցրած երկու աշխատանքներն էլ հավասար միավորներ են ստացել։ Նրանցից մեկը Տիգրան Շահվերդյանի ներկայացրած Բյուջետային գործիքն է, որը համադրում է ՀՀ 2019-2025 թթ բյուջեների թվային տվյալները, թույլ է տալիս արագ համեմատություններ ու վերլուծություն իրականացնել։

«Նախագծի նպատակն է բյուջետային տվյալները դարձնել ավելի հեշտ կիրառելի։ Ֆինանսների նախարարության պաշտոնական ֆայլերը դժվար է գտնել, դրանք հաճախ թաքնված են արխիվներում և հրապարակված են որպես բազմամակարդակ հաշվետվություններ, որտեղ տողերը տարբեր նպատակների են ծառայում։ Նախագիծը վերածում է այդ ֆայլերը տվյալների հավաքածուների, որտեղ յուրաքանչյուր տող նույն տեսակի գրառում է պարունակում, վավերացնում է արդյունքները՝ համեմատելով աղբյուրի տվյալների հետ և ԱԲ-ի օգնությամբ թույլ է տալիս տվյալների հիման վրա փաստահեն վերլուծություններ և վիզուալիզացիաներ իրականացնել»,-ասում է Տիգրանը։

Տիգրան Շահվերդյանը մրցույթի կազմակերպիչների հետ։ Լուսանկարը՝ Open Data Armenia-ի ՖԲ էջից

Նախագծի հեղինակը հույս ունի, որ գործիքը հնարավորություն կտա խնայել օգտատերերի ժամանակը, նրանք ստիպված չեն լինի տարբեր արխիվներից տվյալներ հավաքել, ձեռքով վերականգնել բյուջետային աղյուսակները։ Փոխարենը կարող են միանգամից սկսել աշխատել համադրելի տվյալների հետ՝ համեմատել տարբեր տարիների, ծրագրերի ու միջոցառումների բյուջետային տվյալները։ 

Մյուս մրցանակակիր աշխատանքը Աստղիկ Պետրոսյանի ներկայացրած Բուհական ընդունելության ատլասն է, որը մեկ տեղում է հավաքել Հայաստանի 13 բուհերի դիմումների ներկայացման, մրցութային բալերի, պահանջվող քննությունների մասին տեղեկությունները։

էկրանապատկերը՝ Բուհական ընդունելության ատլասից

Աստղիկը պատմում է, որ հարթակն ամբողջությամբ ստեղծվել է արհեստական բանականության (ԱԲ) գործիքների միջոցով ընդամենը 4 օրում։ Այն համախմբում է տվյալներ ավելի քան 20 պաշտոնական աղբյուրներից՝ բուհերի կայքերից, dimord.am-ից և Կրթության նախարարության հրապարակումներից՝ վերածելով դրանք մեկ ընդհանուր ինտերակտիվ վիզուալիզացիայի: 

Բաց տվյալների օրվան նվիրված միջոցառումների շարքում, Open Data 2026 մրցույթին զուգահեռ, Open Data Armenia-ն ներկայացրեց բաց տվյալների հիման վրա մշակված «Հայաստանի մարզերի բարեկեցության ինդեքսը»։ 

Գարիկ Հարությունյան։ Լուսանկարը՝ Open Data Armenia-ի ՖԲ էջից

Հետազոտության ներկայացման ժամանակ կազմակերպության համակարգող Գարիկ Հարությունյանն ասաց, որ Հայաստանում տվյալների համակարգվածության պակասը շարունակում է մնալ լուրջ խոչընդոտ վերլուծաբանների և լրագրողների համար։

Որպես ոլորտի առաջխաղացմամբ և կրթական ծրագրերով զբաղվող կառույց՝ Open Data Armenia-ն առաջարկում է իր մասնագիտական աջակցությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին՝ շտեմարանների արդիականացման և տվյալների կիրառելիության բարձրացման հարցում։