Պատկերը՝ Նորա Գալֆայանի

Հայաստանում՝ հատկապես մարզային բնակավայրերում, հաճախ կարելի է հանդիպել կանանց, որոնք իրենց մասին պատմելիս ասում են, որ չեն աշխատում։ Մինչդեռ, նրանց օրը սկսվում է լուսաբացին ու ավարտվում կեսգիշերին։ Անասնապահություն, հողագործություն, երեխաների ու ընտանիքի տարեց անդամների խնամք․ սա չաշխատող կնոջ առօրյան է։ 

Իրենց կատարած ֆիզիկական ծանր աշխատանքը որպես զբաղվածություն չհամարելը աղքատության գենդերային ասպեկտի մասին պատմող կարևոր գործոներից է։

Եթե վիճակագրությունը չոր թվերով արձանագրում է աղքատության աճ կամ նվազում, ապա «Սոցիոսկոպ» հասարակական կազմակերպության՝ «Հայաստանում աղքատության գենդերային ասպեկտը բազմակի ճգնաժամերից հետո» հետազոտությունը փորձել է ցույց տալ, թե թվերից այն կողմ ի՞նչ է կատարվում ընտանիքների ներսում և կանանց անձնական կյանքում։ 

«Կանանց ռեսուրսային կենտրոնի» նախաձեռնությամբ և «Հայաստանում կանանց հիմնադրամի» ու Շվեդիայի աջակցությամբ իրականացված այս ուսումնասիրության նպատակն է ցույց տալ այն խնդիրները, որոնք թույլ չեն տալիս, որ  կանայք կարողանան հաղթահարել աղքատությունը։

Հետազոտության հեղինակները նախ ուսումնասիրել են պետական ծրագրերը, սոցիալական աջակցության կարգերն ու  թեմային առնչվող քաղաքական դիսկուրսը, ապա զրուցել 16 կանանց հետ, ու ներկայացրել նրանց անձնական փորձառություններն ու աղքատությունը հաղթահարելու փորձերը։ «Սոցիոսկոպ» հասարական կազմակերպոթյան հետազոտողներ Մարիամ Խալաթյանը և Արփի Մանուսյանը նշում են, որ հետազոտության արդյունքները ներկայացվել են նաև պետական քաղաքականություն մշակողներին։ Նրանք հույս ունեն, որ համակարգային շատ խնդիրներ կլուծվեն, ինչի արդյունքում աղքատության հաղթահարումը կանանց համար ավելի իրատեսական կդառնա։  

Մարիամ Խալաթյան, հետազոտող

«Կանանց աղքատության բարձր մակարդակը պայմանավորված է տնտեսական, մշակութային, սոցիալական մի շարք գործոններով»։ 

Աղքատության, զբաղված աղքատության և աշխատանքային իրավունքի մասին թեմայով հետազոտություններ նախկինում էլ էինք իրականացրել,  և այդ ժամանակ էլ նկատել էինք, որ կանայք ահռելի աշխատանք են անում, բայց չեն ընկալում, որ իրենք աշխատում են։ Օրինակ՝ ձուկ մաքրելը կամ ամուսնու բիզնեսին օգնելը նրանք զբաղվածություն չեն համարում, բայց դա ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածություն է։ 

Այս հետազոտության առաջարկը ստացանք «Կանանց ռեսուրսային կենտրոնից», մեզ աջակցել է նաև «Հայաստանում կանանց հիմնադրամը»։ Նպատակն էր բազմակի ճգնաժամերից հետո՝ COVID-19 համավարակ (2020-2021 թթ.), Ղարաբաղյան երկրորդ պատերազմ (2020 թ.), ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային տեղահանություն(2023 թ.), հասկանալ աղքատության գենդերային ասպեկտը։

Հետազոտությունն իրականացրել ենք երկու փուլով. նախ կատարել ենք առկա քաղաքականությունների ու ծրագրերի, տվյալների երկրորդային ուսումնասիրություն և քաղաքական դիսկուրսի վերլուծություն։ Առանձնացրել ենք այն կանանց խմբերը, որոնք առավել խոցելի են աղքատության տեսանկյունից, մասնավորապես՝ 30–45 տարեկան միայնակ մայրերը, տնտեսությունը միայնակ վարող (ում ամուսինները արտերկրում են), ՄԻԱՎ-ով ապրող և տեղահանված կանայք և զրուցել ենք նրանց հետ։ Ընդհանուր 16 խորքային հարցազրույց ենք արել։

Այս տարիքային խումբն ընտրվել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ հենց այդ ընթացքում կանայք  վերարտադրողական տարիքում են, ամուսնանում են, երեխա ունենում ու հետո շատ դժվար են վերադառնում աշխատաշուկա, որովհետև շուկան բավարար ճկուն չէ նրանց նորից ներգրավելու համար։

Հետազոտությունն արվել է Շիրակի մարզում (որպես ամենաաղքատ մարզ) և Կոտայքում (Հրազդանում), որտեղ «Կանանց ռեսուրսային կենտրոնը» 2025 թվականի աշնանը իրականացրել էր  քայլարշավ՝ կանանց խնդիրների վերհանման և հասցեագրման նպատակով ու հետաքրքիր էին փոփոխություններն ու արդյունքները։ 

Հայաստանում աղքատությունը ցիկլիկ բնույթ ունի, դա մի շղթա է, որից դուրս գալը շատ բարդ է։ Կանանց աղքատության բարձր մակարդակը պայմանավորված է տնտեսական, մշակութային, սոցիալական մի շարք գործոններով։ 

Մարիամ Խալաթյան

Քաղաքական դիսկուրսի մակարդակում անընդհատ լսում ենք, որ «կրթությունն է բարեկեցության հիմքը, աղքատությունը մեր գլխում է» և այլն։ Այս հետազոտությունը դրա հակառակն է ցույց տալիս. այդ կանայք աշխատում են օր ու գիշեր։ Երբ խնդրում էինք պատմել իրենց օրվա մասին, տեսնում էինք, որ այդ աղքատությունը իրենց գլխում չէր, այլ համակարգային էր։ Նրանք փորձում էին ամեն քայլ անել հաղթահարելու համար, բայց սոցիալ-մշակութային կոնտեքստը թույլ չէր տալիս։ Քաղաքական դիսկուրսում անընդհատ քննարկվում է կրթության կարևորությունը,  բայց այս կանանցից շատերը հնարավորություն չէին էլ ունեցել շարունակելու կրթությունը՝ վաղ ամուսնությունների կամ բռնության պատճառով։ Բոլոր հարցազրույցները սկսվում էին 17-18 տարեկանում ամուսնանալու պատմություններով, որը ոչ միշտ է եղել կանանց ցանկությամբ։ Կրթության հարցում էլ է եղել տարբերակում։ Եթե ընտանիքում ռեսուրս է եղել, այն ծախսվել է տղա երեխայի կրթության վրա։ Շատ աղջիկներ էլ ստիպված են եղել ամուսնությունից հետո կիսատ թողնել իրենց կրթությունը, զբաղվել աշխատանքներով, որոնք ընդհանրապես իրենց ստացած կրթության հետ որևէ աղերս չեն ունեցել։ Կանանց աղքատության հարցում շատ մեծ է համակարգային խնդիրը։ Ինչպե՞ս կարող է միայնակ մայրը, որն ունի  մանկապարտեզ և դպրոց հաճախող երեք անչափահաս երեխա, չլինել աղքատ, եթե դպրոցներում ու մանկապարտեզներում կրթական օրը շատ ավելի շուտ է ավարտվում, քան կնողջ աշխատանքը։ Այդ պատճառով շատ հաճախ կանայք աշխատում են խանութներում, այն էլ կես դրույքով կամ էլ ընդհանրապես չեն կարողանում համապատասխան աշխատանք գտնել։ Կամ ի՞նչ կարող է անել կինը, որը փախել է բռնարար ամուսնուց, չունի սոցիալական աջակցություն, հասարակությունն էլ  պիտակվորում է թե՛ նրան, թե՛ նրա երեխաներին։

Ցավալի է, բայց փաստ է, որ աղքատ կանանց երեխաները դպրոցներում բուլինգի են ենթարկվում թե՛ հասակակիցների, թե՛ մեծահասակների ու ուսուցիչների կողմից։ Նրանց պիտակավորում են, ճնշում, ինչը երեխայի հոգեբանության վրա մեծ հետք է թողնում։ Պետական աջակցության ծրագրերն էլ հաճախ չեն համապատասխանում  կանանց իրական կարիքներին. առաջարկում են կարել կամ ձեռագործ սովորել, որը կնոջը կարող է պետք չլինել։ Կոտայքի համեմատ Շիրակում իրավիճակն ավելի բարդ է։  

Շիրակում աշխատավարձերը կրկնակի ցածր են։ Նույն աշխատանքի համար Կոտայքում ստանում են 10,000 դրամ, Շիրակում՝ 5,000 դրամ։ Դրան գումարվում է նաև Շիրակի ավելի կոնսերվատիվ, հայրիշխանական միջավայրը, ինչ շատ ավելի է սահմանափակում կնոջը։ 

Պատկերն այլ է տեղահանված կանանց դեպքում։  Արցախում նրանք հիմնականում չեն աշխատել, զբաղվել են տնային տնտեսությամբ, բայց դրա տակ թաքնված է եղել տնտեսական բռնությունը՝ նրանց թույլ չեն տվել աշխատել։  Այստեղի աշխատանքային միջավայրն ու 70-80 հազար դրամ աշխատավարձը նրանց համար խորթ է։ Սա նաև մշակութային տարբերություն է։

Մենք հետազոտության արդյունքները ներկայացրել ենք նաև որոշում կայացնողներին և հույս ունենք, որ պետական մակարդակով կլինի ընկալում, որ աղքատությունը միայն անհատի «գլխում» չէ, այլ համակարգային խնդիր է։ Մեդիան ևս պետք է հետաքրքրված լինի այս սոցիալական թեմաներով, քանի որ մեր մեդիա դաշտը չափազանց քաղաքականացված է, և իրական խնդիրներ ունեցող շատ մարդիկ ու նրանց պատմությունները հաճախ մնում են ստվերում։ Հանրային մտածողության փոփոխության համար սա օրակարգային հարց է։

Արփի Մանուսյան, հետազոտող

«Կինը պատրաստ է ցանկացած ծանր աշխատանք անել աղքատությունը հաղթահարելու համար, բայց հասարակույթունը շատ անողոք է կանանց նկատմամբ»։ 

Աղքատությունը սոցիալական և հանրային խնդիր է, որը վերաբերում է բոլորին, բայց տղամարդիկ և կանայք տարբեր կերպ են փորձառում այն։ Աղքատ կանայք և աղքատ տղամարդիկ տարբեր աղքատ խմբեր են։ Այստեղ կա գենդերային շերտը, և այս հետազոտության նպատակն էր հասկանալ այդ տարբերությունները։

Առաջին շերտը կանանց վրա եղած խնամքի և կենցաղային աշխատանքի մեծ բեռն է, որը չենք կարող ասել, որ տղամարդկանց պարագայում ևս կա։ Սա կանանց սահմանափակում է իրենց ուզած աշխատանքն անելու հարցում։ Հաճախ նրանք ընտրում են ցածր վարձատրվող աշխատանքներ, որպեսզի համատեղեն խնամքն ու աշխատանքը։

Մյուս կողմից շատ հաճախ ամուսինները, հայրերը, մայրերը կամ սկեսուր-սկեսրայրները կանանց ուղղակի թույլ չեն տալիս աշխատել, կամ եթե կանայք աշխատում են, վերահսկում են նրանց վաստակած նյութական միջոցները։ 

Միայնակ մայրերը ամենախոցելի խմբերից են, հատկապես, երբ չունեն աջակից ընտանիք։ Նրանք պետք է և՛ աշխատեն, և՛ խնամքի բեռը տանեն, և՛ բախվեն հասարակական խարանին։ Իրավիճակը սրվում է, երբ առաջ է գալիս տուն վարձակալելու խնդիրը, համարելով նրանց անհուսալի վարձակալներ, հաճախ տուն չեն տալիս։

Պետական աջակցություն ստանալու հետ կապված էլ կանայք շատ խնդիրների են բախվում։ Հաճախ անարդարության զոհ են դառնում, երբ ավելի բարեկեցիկ պայամաններում ապրող ընտանիքները ինչ-ինչ կերպ կարողանում են ընդգրկվել աջակցության ծրագրերում իրենք՝ ոչ։ Մյուս կողմից էլ նշում էին, որ այդ ծրագրերում ընդգրկվելու գնահատման գործընթացը այդքան էլ ճկուն չէ․ օրինակ՝ տաք ջուր ունենալը համարվում է բարեկեցության նշան, բայց կինն ասում է՝ «ես հաշմանդամություն ունեցող երեխա ունեմ, չպիտի՞ գոնե տաք ջուր ունենամ, որ կարողանամ նրա խնամքը իրականացնել»։

Արփի Մանուսյան

Մեր հասարակության մեջ կարծրացած մի ստերիոտիպ կա, ըստ որի աղքատ մարդիկ  ֆինանսական գրագիտության նրբություններին այդքան էլ լավ չեն տիրապետում։ Մեր 16 հարցազրույցներից և ոչ մեկում նման բան չկար. կանայք հրաշալի պլանավորում էին իրենց բյուջեն, գիտեին ամեն 100 դրամի արժեքը։ Խնդիրն այն է, որ շատերի հաշիվների վրա ԴԱՀԿ կալանքներ կան ամուսինների վերցրած ու չվճարած վարկերի պատճառով (երբեմն մեկ միլիոն դրամի չափով)։ Այդ պատճառով նրանք չէին կարողանում գրանցվել որպես աշխատող, որպեսզի աշխատավարձերից այդ գումարները չպահվեին։ Սա անելանելի փակ շղթա է։ 

Նաև կային կանայք, որոնք ունենալով սեփականություն, օրինակ՝ հող,  չէին տնօրինում այն ներքնայնացված կարծրատիպերի պատճառով, թե ամոթ է, որ կինը դաշտում լինի կամ տրակտորիստի հետ խոսի։  Սպասում էին մինչև տղա երեխան մեծանա և զբաղվի այդ գործերով։ Արմատացած կարծրատիպերից մեկն էլ, որը էլի դժվարություններ է ստեղծում կանանց համար այն է, որ հայրական տունը առանց որևէ խոսքի ու քննարկման համարվում է տղայինը։ Օրինակ, միայնակ մայրը, որն իր երեխաների հետ ապրում է իր հայրական տանը եղբոր հետ, մտահոգվում էր, որ եղբոր ամուսնությունից հետո  պետք է դուրս գա տանից։ Ու այս ելքը անգամ չէր հարցականացվում։

Կինը պատրաստ է ցանկացած ծանր աշխատանք անել աղքատությունը հաղթահարելու համար, բայց հասարակույթունը շատ անողոք է կանանց նկատմամբ։  Եթե կինը տուն է մաքրում, նա փորձում է դա թաքցնել, որ չիմանան, որպեսզի ավելորդ խոսակցություններ ու քննարկումներ չլինեն։ Կանայք նշում էին, որ երբեմն անհարգալից վերաբերմունք, անվայելուչ առաջարկություններ են ստացել նաև այդ տներում բնակվող տղմարդկանցից։

Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ կանայք ունեն սուբյեկտայնություն։ Այս դժվար պայմաններում փորձում են դիմակայել, իրենց կյանքը լավացնել, ինչ-որ բան սովորել՝ լինի դա մատնահարդարում, թե համակարգչային դասեր, որ հետո կարողանան ավելի լավ վարձատրվող աշխատանք գտնել։

Աշխատանքը միակ պանացեան չէ աղքատությունից դուրս գալու համար։ Կանայք աշխատում են շատ ավելի շատ, քան տղամարդիկ՝ հաշվի առնելով չվարձատրվող խնամքը։ Քաղաքական նարատիվը շատ անհատակենտրոն է. «դու ես մեղավոր, որ աղքատ ես»։ Սա մարդկանց մոտ անկարողության ու միայնակության զգացում է առաջացնում, մինչդեռ խնդիրը համակարգային է։ Կանայք շատ լավ ձևակերպում են իրենց կարիքները,  նրանք գիտեն իրենց իրավունքները, բայց համակարգի դեմ միայնակ մնալու վախն է մեծ։