Հայաստանում հանրային մուլտիպլեքսում ռուսական ալիքների հեռարձակման դադարեցման խնդիրը կրկին օրակարգային է դարձել։

Այս շաբաթ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել էր վերջերս «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի ընթացքում Սոլովյովի հնչեցրած վիրավորական արտահայտություններին ու որակումներին՝ ուղղված Հայաստանի իշխանությունների, պետության ու ժողովրդի հասցեին։ 
 
Վրդովվելով Երևանում «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի ձերբակալման փաստից՝ Սոլովյովը, Հայաստանի իշխանություններին, մասնավորապես վարչապետին, անվանել էր սրիկա, ծախու, «թուրքոլ» (թուրքամետ)։ 
 
Թեև Սոլովյովի հաղորդման հեռարձակումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում արգելափակված է դեռևս անցած տարվանից, բայց հաղորդման այդ հատվածը լայնորեն տարածվել էր համացանցում։ 
 
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գնահատմամբ ռուսական նմանատիպ հաղորդումները վնաս են պատճառում երկու երկրների հարաբերություններին։  
 
«Համարում եմ, որ մենք շատ լրջորեն այս ամենից հետևություն պետք է անենք և քննարկենք ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցը ՀՀ-ում։ Եթե ռուսական պետական ալիքները թույլ են տալիս իրենց խառնվել ՀՀ ներքին գործերին, միգուցե մենք էլ առնվազն պետք է փակենք իրենց մուտքը մեր հանրության բնակարաններ»,- ասել էր ԱԺ նախագահը։ 

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից մեզ չհաջողվեց պարզել կա՞ արդյոք հանրային մուլտիպլեքսում ռուսական «Առաջին ալիք» և «ՌՏՌ Պլանետա» ալիքները եթերազրկելու մասին հստակ որոշում։ Կամ 2020 թվականին երկու երկրների կողմից կնքված միջկառավարական համաձայնագիրը լուծարելու գործընթաց նախատեսվո՞ւմ է, թե՞ ոչ։ 
 
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը բազմաթիվ անգամներ արտահայտվել է Հայաստանում ռուսական ալիքների հեռարձակման թեմայով։ Նրա կարծիքով Հայաստանն ունի անհարժեշտ ամբողջ գործիքակազմը ռուսական ալիքների գործունեությունը հանրային մուլտիպլեքսում դադարեցնելու կամ հստակ հավաստիացումներ ու երաշխիքներ պահանջելու, որ խնդրահարույց բովանդակություն եթեր չհեռարձակվի։  
 
«Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև 2020 թվականին կնքված համաձայնագրում հստակ նշված է, որ արգելվում է ժողովուրդների և ազգային արժեքների նկատմամբ վիրավորական հաղորդումների հեռարձակումը, ինչպես նաև անթույլատրելի է համարվում ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակությունը։ Ստացվում է՝ իրավական բազան կա, բայց մենք տեսնում ենք, որ այդ անթույլատրելի բովանդակությունը եթեր է գնում։ Իմ կարծիքով և մեր հանձնաժողովի դիտարկմամբ այդ ալիքները վաղուց չպետք է հեռարձակվեին հանրային մուլտիպլեքսում»,- ասում է Տիգրան Հակոբյանը։  
 
Ըստ ՀՌՀ նախագահի Հայաստանը այն շատ քիչ երկրներից է, որտեղ թույլատրվում է, որ օտարերկրյա հեռարձակողները հանրային մուլտիպլեքսում ներկայացնեն քաղաքական, գաղափարական բովանդակություն։
«Օրինակ՝ հետխորհրդային տարածքի բոլոր երկրները օրենսդրորեն սահմանափակել են արտասահմանյան հեռուստաընկերությունների հեռարձակումը իրենց տարածքում։ Հայաստանից բացի, նախկին ԽՍՀՄ որևէ այլ երկրի հանրային մուլտիպլեքսում չկան ռուսական ծրագրեր։ Սլոթերի քանակը թվային մուլտիպլեքսներում տեխնիկապես սահմանափակ է։ Հետևաբար, յուրաքանչյուր օտարերկրյա հեռուստածրագրին սլոթ հատկացնելը նշանակում է հայկական հեռուստաալիքներից մեկին զրկել այդ հարթակում գործելու հնարավորությունից։ Այդպես էլ եղավ 2021 թվականին, երբ Հայաստանի և Ռուսաստանի միջև միջկառավարական պայմանագիր կնքելու հետևանքով հայկական որոշ հեռուստաընկերություններ զրկվեցին մուլտիպլեքսում տեղ զբաղեցնելու հնարավորությունից»,- ասում է Հակոբյանը։

Ըստ միջազգային պրակտիկայի՝ միջպետական պայմանագրերով գործող օտարերկրյա հեռուստածրագրերի թույլ տված իրավախախտումների դեպքում կարգավորող մարմինը իրավասու չէ միջոցներ ձեռնարկել։ Հանձնաժողովը իրավասու է միայն մշտադիտարկում իրականացնել ու գույքագրել խնդիրները, հետագա որոշումները պետք է կայացնի արդեն ոլորտը կարգավորող գերատեսչությունը։  

Ռուսական ալիքները հասանելի են ոչ միայն Հանրային մուլտիպլեքսում։ Դրանք  անխոչընդոտ ցուցադրվում են մալուխային ցանցերում։ 

«Միջազգային ընդունված պրակտիկա է, որ մալուխային ցանցերով որևէ օտարերկրյա ծրագիր ցուցադրելու համար պետք է ունենալ կարգավորող մարմնի թույլտվությունն ու համաձայնությունը։ Եվ ցանկացած խախտման դեպքում կարգավորող մարմինը կարող է կասեցնել այդ ծրագրի հեռարձակումը մալուխային ցանցում։ Հայաստանի կաբելային ցանցերով հեռարձակվում են կասկածելի որակի և բովանդակության, պատերազմ հրահրող, բռնություն, ազգային և կրոնական խտրականություն քարոզող, ոչ հայերեն լեզվով տասնյակ հեռուստածրագրեր։ Սակայն կարգավորող մարմինը որևէ լիազորություն չունի արգելելու վնասակար բովանդակությամբ օտարերկրյա ծրագրերի ցուցադրումը»,- ասում է Հակոբյանը։ 
 
Ազգային ժողովում ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը շաբաթներ առաջ էր հայտարարել որ արդեն պատրաստ է «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նոր փաթեթը, որով նախատեսվում է ընդլայնել հեռուստաբովանդակության նկատմամբ վերահսկողությունը։ Այն կտարածվի նաև ցանցային հեռուստատեսությամբ հեռարձակվող հաղորդումների վրա։ 

Փորձագիտական կարծիք 

Բորիս Նավասարդյան՝ Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ, ԶԼՄ-ների ինքնակարգավորման Դիտորդ մարմնի նախագահ 

Ռուսական հեռուստաընկերությունների գործունեությունը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, և դրանից բխող միակ հետևանքը` օրինական ճանապարհը, պետք է լինի նրանցից հրաժարվելը։ 

Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված միջկառավարական համաձայնագիրը, որով գործում են այդ հեռուստաընկերությունները պետք է վերանայ ու խզվի։ Հայաստանի կառավարության կողմից այս ընթացքում ձեռնարկվել են տարբեր միջոցներ՝ ժամանակավոր դադարեցում և զգուշացում, առանձին հաղորդումների արգելափակում, որոնք որևէ արդյունք չեն տվել: Այդ հեռուստաընկերությունները շարունակում են ատելության խոսք տարածել, շարունակում են խախտել միջկառավարական համաձայնագրի կետերը։ Եվ ստացվում է, որ խզելուց բացի, որևէ այլ տարբերակ չի մնում և դա բոլորովին չպետք է դիտարկվի որպես տեղեկատվության տարածման խոչընդոտում կամ արգելափակում։ Կան բազմաթիվ այլ հարթակներ, որոնց միջոցով ռուսական հեռուստաալիքները կարող են տարածել իրենց բովանդակությունը։  

Պետք է այն սահմանափակ ռեսուրսը` ի դեմս հանրային մուլտիպլեքսի սլոթների, որ այդ հեռուստաընկերությունները օգտագործում են, նրանցից վերցնել և տալ հայաստանյան հեռուստաալիքներին, որոնցից շատերը զրկված են այդ հնարավորությունից։ Լրագրողական կազմակերպությունները այս մասին խոսում են դեռևս 2014 թվականից սկսած։  

Մեր իշխանությունները պետք է վերջնական կերպով լուծեն այդ խնդիրը։ Անկախ արտաքին քաղաքական նպատակահարմարություններից, անկախ տարբեր փուլերում Ռուսաստանի հետ հարաբերությունների ջերմանալուց կամ սրվելուց պետք է այս խնդիրը կարգավորել։ Ես կառաջարկեի, որպեսզի մենք առանձնացնենք արտաքին քաղաքական առաջնահերթությունները իրավական պետություն լինելու հանգամանքից։