Հայաստանի տարբեր մարզերից 500 ուսուցիչ արդեն պատրաստ է արհեստական բանականությունն(ԱԲ) ինտեգրել իր ամենօրյա աշխատանքում։
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը 2024 թվականի նոյեմբերից իրականացնում է AI4ALL նախաձեռնությունը և տարբեր նեղ մասնագետների համար կազմակերպում ԱԲ-ի ոլորտային վերապատրաստման դասընթացներ։
AI4ALL նախագծի համակարգող Գրետա Խաչատրյանը պատմում է, որ «Արհեստական բանականության գործիքները մանկավարժների համար» ծրագրի թիրախում հատկապես մարզաբնակ մանկավարժներն էին։
Սկզբնական փուլում ծրագիրն իրականացվել է USAID-ի՝ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ։ ԱՄՆ-ի արտաքին օգնության դադարեցումից հետո նախագծի հեղինակները որոշել են արդեն գրանցված և դասընթացին մասնակցելու իրենց հերթին սպասող մանկավարժների վերապատրաստումը կազմակերպել սեփական միջոցներով։
«Ուսուցիչները մեզ համար մշտապես շատ կարևոր թիրախային խումբ են եղել։ Կարևոր է, որ նրանք հետ չմնան տեխնոլոգիական ոլորտում տեղի ունեցող փոփոխություններից և կարողանան համաքայլ առաջ գնալ ժամանակի ու իրենց աշակերտների հետ միասին։ Բացի այդ հին մեթոդաբանությամբ, ոչ ինտերակտիվ, ոչ հետաքրքիր ձևաչափով իրականացվող դասապրոցեսն այլևս ակտուալ չէ»,- ասում է Գրետան։
Տարիներ շարունակ երիտասարդների համար կրթական ծրագրեր իրականացնելով՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ում հասկացել են, որ ցանկալի արդյունքին հասնելու համար կրթության շղթայում ներգրավված բոլոր օղակները պետք է համակարգված աշխատեն։ Գրետան ասում է, որ հաջողության հասնելու համար ֆորմալ կրթությունը և ոչ ֆորմալ կրթական նախաձեռնությունները պետք է կարողանան ճշգրտորեն իրար շարունակել ու իրար հաջորդել։
«Օրինակ երիտասարդը մասնակցում է մեր ամառային ճամբարին, սովորում է նոր գիտելիքներ, նոր հմտություններ․ սա, իհարկե, շատ լավ է, բայց երբ այդ օղակը շարունակվում է, և ճամբարից հետո սովորողը գնում է դպրոց ու շարունակում է ստանալ նմանատիպ կրթություն, աշխատում է տեխնոլոգիական տարբեր գործիքների տիրապետող ուսուցիչների հետ, այդ շղթան տրամաբանական կերպով զարգանում է և չի առաջանում անդունդ ուսուցիչների ու սովորողների միջև, ոչ ֆորմալ կրթական նախաձեռնությունների ու դպրոցի ֆորմալ կրթության միջև, որն այսօր ցավոք որոշ դեպքերում նկատելի է»,-ասում է AI4ALL նախագծի համակարգողը։
Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Նաիրա Մալխասյանը առաջիններից էր, որ հայտագրվեց ու մասնակցեց դասընթացին։
38 տարվա մանկավարժն ասում է, որ վերջին շրջանում հաճախ էին լինում դեպքեր, երբ տեխնոլոգիական որոշ գործիքներից օգտվելու համար դիմում էր աշակերտներին։ Նա սեփական փորձով գիտի, որ այսօր սովորողների ուշադրությունը գրավելն ու նրանց հետաքրքիր լինելն այնքան էլ հեշտ գործ չէ և առանց նոր հմտությունների հնարավոր չէ հաջողել։
«Ես հաճախ կատակով ասում եմ, որ մենք մրցում ենք Մարկ Ցուկերբերգի, Իլոն Մասկի հետ։ Աշակերտներն ամբողջ օրը սոցիալական ցանցերում են։ Նրանց տեխնոլոգիական հմտությունները շատ բարձր են։ Եվ երբ ուսուցիչը կոպիտ ասած միայն չոր ու ցամաք կերպով հաղորդում է նյութը, դա շատ քիչ է, որ սովորողները ոգևորվեն ու հետաքրքրվեն թեմայով։ Այլ պատկեր է, երբ նույն բովանդակությունը ներկայացնում ես վիզուալ կերպով՝ սահիկաշարի կամ քուիզների միջոցով։ Իսկ այդ ամենի համար ուսուցչին նոր գիտելիքներ ու հմտություններ են հարկավոր։ Հենց դա էր պատճառը, որ ես դիմեցի այս վերապատրաստման ծրագրին»,- ասում է Նաիրա Մալխասյանը։

Նաիրա Մալխասյան։ Լուսանկարը՝ © Sputnik / Aram Nersesyan
Ուսուցչուհին սովորած ԱԲ գործիքները նմանեցնում է կախարդական փայտիկի, որի օգնությամբ դասին պատրաստվելն ավելի հեշտ է դառնում։ Տարատեսակ ֆորմալ աշխատանքները՝ թեմատիկ պլանները, դասի պլանները շատ ավելի հեշտ ու արագ են ստացվում և ուսուցիչը բավարար ժամանակ է ունենում բուն դասի բովանդակային մասի վրա աշխատելու համար։
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի կրթական ծրագրերի մասնագետ Անի Դերձյանն ասում է, որ դասընթացը մշակելիս նպատակ են ունեցել նաև չեզոքացնել ուսուցիչների մոտ առկա անորոշությունն ու վախը, դեմոնիզացված այն պատկերացումները, որ ԱԲ-ն փոխարինելու է իրենց։ Օգնել են գիտակցել, որ ԱԲ-ն իրենց օգնականն է դառնալու։
«Դասընթացի ժամանակ ուսումնասիրել ենք կոնկրետ գործիքներ, որոնք ըստ նպատակի բաժանվում են պլանավորման, գնահատման, դիդակտիկ նյութերի ստեղծմանը նպաստող խմբերի։ Նաև իրականացրել ենք փրոմփթների մշակման վարժություններ, որոնք շատ կարևոր են AI-ը ճիշտ օգտագործելու, որակյալ վերլուծական աշխատանք ստանալու համար։ Ուսուցիչներից շատերը ԱԲ-ի օգնությամբ մշակել են իրենց դասաժամերի համար նյութեր և անմիջապես փորձարկել դրանք դասարանում։»,-ասում է ԱԲ մասնագետը։
Կասկածել ու նորից վերլուծել ԱԲ-ի գեներացրած պատասխանները, ճանաչել ԱԲ-ի միջոցով ստեղծված ապատեղեկատվական հոսքերը, ստուգել դրանք այլ ԱԲ գործիքների միջոցով․ այս սկզբունքների միջոցով նախաձեռնության անդամները փորձել են զարգացնել նաև ուսուցիչների քննադատական մտածողությունը։
Անին ասում է՝ այսօր, առավել քան երբևէ շատ կարևոր է, որ ուսուցիչները լինեն մեդիագրագետ, տիրապետեն նորագույն գործիքներին, հասկանան, թե այս կամ այն կեղծ տեսանյութը կամ ձայնագրությունը ինչպե՞ս կարող է պատրաստվել։ Այդ ամենի մասին նաև խոսեն իրենց աշակերտների հետ՝ ապատեղեկատվություններով լի այս թվային դարաշրջանում դարձնելով նրանց ավելի պատասխանատու և ավելի մեդիատոկուն։