Պատկերը գեներացվել է ChatGPT-ի կիրառությամբ

Արդարադատության նախարարության առաջարկած «տեղեկատվության հեռացման պահանջ» -ի մասին օրինագծերի փաթեթի հանրային քննարկմանը e-draft.am հարթակում մասնակցել է տասներեք հոգի։ Նրանցից յոթը կողմ է քվեարկել նախագծին, վեցը՝ դեմ։ 

Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Զանգվածային լրատվության մասին» և «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքներում։  

Առաջարկվող փոփոխությունների առանցքում երկու նորամուծություն է. տեղեկատվության հեռացման իրավունքի ներդրումը և այդ իրավունքի կիրառումը լրատվական գործունեություն չիրականացնող անձի՝ առցանց հարթակի օգտատիրոջ էջում հրապարակված առանձին միավոր (ոչ մեկնաբանություն) հանդիսացող գրառման դեպքում։ 

Ըստ Արդարադատության նախարարության՝ օրենսդրական փոփոխությունները նպատակ ունեն ամրապնդել քաղաքացիների իրավունքները վիրավորանքի և զրպարտության դեմ՝ հատկապես թվային հարթակներում:  

Այս փոփոխությունները բխում են Սահմանադրական դատարանի 2024 թվականի հոկտեմբերի 1-ի որոշումից, որը հակասահմանադրական է ճանաչել գործող օրենսդրության մի շարք նորմեր: 

Գործող օրենսդրության համաձայն՝ զրպարտություն համարվող տվյալների հերքումը, դրանց վերաբերյալ պատասխանի հրապարակումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության շրջանակներում: Սակայն, եթե այդ տեղեկությունը տարածվել է լրատվական գործունեություն չիրականացնող անձի օգտահաշվի միջոցով, ապա առկա չէ իրավական հնարավորություն զրպարտության հերքման համար: 

Բացի այդ, գործող օրենսդրությունը բացարձակապես չի նախատեսում տարածված տեղեկատվության մեջ տեղ գտած վիրավորանքը կամ զրպարտությունը հեռացնելու հնարավորություն: 

Ըստ նախագծի՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում հերքման և պատասխանի իրավունք հասկացություններին ավելացվում է նոր տերմին՝ հեռացման իրավունք։ Այսպիսով, եթե որևէ անձ իրեն համարում է զրպարտության կամ վիրավորանքի զոհ, ապա հերքման և պատասխանի իրավունքի պահանջ ներկայացնելուց բացի, կարող է ներկայացնել նաև տեղեկատվության հեռացման պահանջ։ Կարելի է պահանջել, որ հրապարակումից հեռացվեն առանձին արտահայտություններ ու նախադասություններ կամ էլ հրապարակումն ամբողջությամբ։  

Նախագիծը սահմանում է, որ հերքման և հեռացման պահանջները չեն կարող ներկայացվել միաժամանակ։ Հերքման պահանջը կատարելու դեպքում հեռացման պահանջը ենթակա է մերժման և հակառակը։  

«Զանգվածային լրատվության մասին» օրենքի փոփոխություններով նախատեսվում է սահմանել հստակ ժամկետներ հեռացման պահանջի կատարման համար: Եթե լրատվական գործունեություն իրականացնողը հրաժարվում է հեռացնել հրապարակումը կամ խախտում է օրենքով սահմանված կարգն ու ժամկետները, ապա անձն իրավունք ունի դիմել դատարան և պահանջել 3 մլն դրամ փոխհատուցում։ 

Առաջարկվող նոր կարգավորումները կընդգրկեն հետևյալ տիրույթը․ 

  • Լրատվական գործունեություն իրականացնողների առցանց հարթակները 
  • Վերջիններիս հարթակների օգտատերերի մեկնաբանությունները 
  • Լրատվական գործունեություն չիրականացնող անձանց անձնական օգտահաշիվները 
  • Ցանկացած առցանց հարթակում հրապարակված առանձին գրառումները 

Փորձագիտական կարծիք 

Թեև նախագծի հիմնավորումը ներկայացվում է որպես Սահմանադրական դատարանի որոշման կատարում՝ մարդու և ընտանեկան իրավունքների պաշտպանության համատեքստում, սակայն լրագրողական համայնքը մտահոգված է։ Փորձագետները նշում են, որ իրավական դաշտում նման փոփոխությունները կարող են հակառակ ազդեցությունն ունենալ՝ սահմանափակելով խոսքի ազատության իրացման հնարավորությունները։ 

Հակոբ Կարապետյան, մեդիափորձագետ 

Չեմ կարծում, որ այս դրույթի ավելացումը նպաստելու է, որ հայաստանյան լրագրությունը դառնա ավելի որակյալ։ Մենք գիտենք, որ զրպարտության և վիրավորանքի դեպքում գոյություն ունի հերքման և պատասխանի իրավունք, և հեռացման պահանջը իմ կարծիքով դառնում է անիմաստ։ Երբ մենք պահանջում ենք հեռացնել խնդրահարույց բովանդակությունը, մենք խաթարում ենք այդ թեմայի հետ կապված բանավեճը։ Այս փոփոխությունը կարող է ունենալ խոսքի ազատությանը սպառնացող որոշակի դրսևորումներ և նպաստել ինքնագրաքննության զարգացմանը։  

Կարող են լինել բացառություններր, օրինակ՝ երբ հրապարակումը վերաբերում է  ազգային անվտանգությանը, ահաբեկչության կանխատեսմանը, եթե կա մարդու կյանքին կամ ֆիզիկական անվտանգությանը սպառնացող վտանգ։ Նմանատիպ դեպքերում արժե հեռացնել։ Բացի այդ եթե հայաստանյան իրավակիրառ պրակտիկան ընդհանուր գծերով պատկերացնելու լինենք, կարող ենք ասել, որ այն կարող է կիրառվել ընտրողաբար, կողմնակալ կերպով, ոչ համատարած ու համաչափ։ Մենք տեսնում ենք, որ խտրականության կամ ատելության խոսքի կանխարգելման հիմքով կարող են վարույթներ, այդ թվում քրեական վարույթներ հարուցվել ընդդիմադիր շրջանակների նկատմամբ, բայց օրինակ այն բլոգերները կամ կարծիքի առաջատարները, որոնք կրկնում են, տարածում են իշխանության նարատիվները և ատելության խոսք են տարածում օրինակ արցախցիների հասցեին, նրանք ոչ միայն չեն պատժվում, չեն ենթարկվում պատասխանատվության, այլև խրախուսվում են։  

Եթե պետությունը կամ կառավարող քաղաքական ուժը ունի կամք նվազեցնելու ատելություն խթանող խոսքը կամ վիրավորական խոսքը, մենք է պետք է նաև տեսնենք համապատասխան մթնոլորտ, համապատասխան կոնյուկտուրա։ Ցավոք, մենք հենց այս օրերին ականատես ենք լինում մի աննախադեպ երևույթի․ հանրապետության վարչապետի տիկինը, որը հանրային դեմք է և շատ ծանրակշիռ ներկայություն ունի հայաստանյան մեդիայում, վերջին մի քանի օրերին ակնհայտ, անթաքույց վիրավորանք ու ատելության խոսքը է հնչեցնում իր ընդդիմախոսների վերաբերյալ։  

Եվ հավատալ, որ այս օրենսդրական նախաձեռնությունը նպատակ ունի և կարող է նվազեցնել ատելության խոսքը և կանխել հանրային խոսքում վիրավորանքի դրսևորումները, մեղմ ասած կասկածելի է։  

Ես ավելի հակված են մտածելու, որ փորձ է արվելու այս փոփոխությունը կիրառել ավելի շատ պատժի տեսքով, ընդդիմախոսներին լռեցնելու նպատակով։  

Գրիշա Բալասանյան, փաստաբան, լրագրող, hetq.am 

Այսօր բոլորի թիրախում հենց լրագրողն է։ Լրագրողն անընդհատ թիրախավորովում է թե՛ իշխանական ճամբարից, թե՛ ընդդիմադիր ճամբարից, ինչպես նաև նրանց կողմնակից շարքային քաղաքացիների կողմից։ Պաշտոնյաներն իրենց հանրային խոսույթում թիրախավորելով լրագրողին ասում են, որ լրագրողը ստում է, պատվեր է կատարում և այս ամենի արդյունքում ձևավորվում է լրագրողի նկատմամբ հանրային ընկալումը։  

Վիրավորանքի վերաբերյալ սուբյեկտիվ ընկալման խնդիր կա։ Մի դեպքում դատարանը կարող է նույն արտահայտությունը դիտարկել վիրավորանք, մյուս դեպքում՝ ոչ, և հաշվի առնելով, որ մեր դատական իշխանությունը այդքան էլ անկախ չէ, որքան էլ բարեփոխումներ իրականացվեցին, սերնդափոխություն իրականացվեց, միևնույն է հանրային ընկալման տեսանկյունից դատական համակարգը դեռ անկախ չէ։ Այդ պայմաններում ավելի խոցելի է դառնում նման կարգավորումը։ Մտավախություն կա, որ դատարանները կարող են բավարարել հրապարակումներից որոշակի արտահայտություններ կամ ամբողջ նյութը հեռացնելու պահանջները, ինչը շատ վտանգավոր կլինի։ 

Տեսեք, ներպետական ատյաններում վեճը սպառելուց հետո, քաղաքացին դիմում է Եվրոպական դատարան։ Եթե ՄԻԵԴ-ը քաղաքացու օգտին վճիռ է կայացնում, նա կարող է նոր երևան եկած հանգամանքով գործը վերանորոգել, այսինքն՝ նորից դիմել դատարան, և փորձել ներպետական ատյանում՝ ՄԻԵԴ-ի մեկնաբանությունների շրջանակում, արդարադատություն գտնել։  

Պատկերացնո՞ւմ եք, եթե նյութը հեռացված լինի։ Անգամ եթե, գործը վերանորոգվի և ներպետական ատյանները նույն լրատվամիջոցի կամ լրագրողի օգտին որոշում կայացնեն, միևնույն է տվյալ նյութն այլևս ջնջված է և ստացվում է, որ տվյալ վեճն այլևս իմաստ չի ունենում։  

Բնական է, որ պաշտոնյաներին միշտ չէ, որ դուր են գալիս լրագրողների հրապարակումները, որոնք կարող են լինել սուր, ցնցող, երբեմն էլ անհանգստացնող։ Բայց, դա չի նշանակում, որ պաշտոնյան, օգտվելով իր դիրքից և հնարավորություններից, պետք է կարողանա ազդեցություն