Մայիսի 3-ի՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և Երևանի մամուլի ակումբը «Մամուլի ազատության մրցանակ» հանձնեցին Factor TV-ի գործադիր տնօրեն Արևիկ Սահակյանին։
Մայիսի 3-ը որպես Մամուլի ազատության համաշխարհային օր 1993թ․-ին հռչակել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ։ Այն նպատակ ունի հիշեցնել կառավարություններին իրենց պարտավորությունների մասին՝ ապահովելու խոսքի և մամուլի ազատությունը, ինչպես նաև հարգանքի տուրք մատուցել այն լրագրողներին, ովքեր զոհվել են իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս։
2025-ին Մամուլի ազատության համաշխարհային օրվա հիմնական թեման Արհեստական բանականության ժամանակներում լրագրողնեդրի աշխատանքն է։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ այս տոնը նշանավորող միջոցառումը կրելու է «Թղթակցելով նոր խիզախ աշխարհում․ արհեստական բանականության ազդեցությունը մամուլի ազատության և մեդիայի վրա» խորագիրը:
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանի կարծիքով միջազգայնորեն հաստատված այս օրը ևս մեկ անգամ առիթ է խոսելու լրագրողների աշխատանքի կարևորության ու այն մարտահրավերների մասին, որոնց նրանք բախվում են։
«Ես կարծում եմ, որ մենք այժմ ապրում ենք ոչ թե հետճշմարտության դարաշրջանում, այլ մի նոր իրականության մեջ։ Այսօր արհեստական բանականությունը դարձել է լրջագույն մարտահրավեր լրագրության համար։ Այն ոչ միայն նպաստում է լրագրության զարգացմանը, այլ նաև դառնում է ապատեղեկատվության գեներացման ու տարածման գործիք։ Այս ամենից բացի, այսօր հայաստանյան լրատվամիջոցների համար կարևորագույն խնդիր է նաև ֆինանսական ոչ կայուն վիճակը, որն էլ ավելի է բարդացնում ստեղծված իրավիճակը»,- ասաց Նունե Սարգսյանը։
Հաշվի առնելով ԱՄՆ-ի կողմից ստացվող ֆինանսավորման նվազումը կամ ընդհանրապես դադարեցումը՝ բարդանում է որակյալ ու անկախ լրատվամիջոցին բնորոշ մասնագիտական սկզբունքների պահպանումը։
Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ, ԶԼՄ-ների ինքնակարգավորման Դիտորդ մարմնի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով այս տարվա մրցանակակիրը և նրա ղեկավարած լրատվամիջոցը թույլ են տալիս նույնիսկ այս դժվարին իրավիճակում չկորցնել լավատեսությունը և իրենց կատարած աշխատանքով հույս են ներշնչում ու ոգևորում։
«Վերջին տարիներին, ստեղծվում են լրատվամիջոցներ, որոնք մենք համարում ենք որակյալ և անկախ, որոնք նույնիսկ այսօրվա բարդ պայմաններում կարողանում են աշխատել: Դրանցից մեկն էլ Factor TV-ն է: Լրատվամիջոցի ղեկավարին մենք գիտենք և՛ որպես լրագրող, և՛ որպես մենեջեր, որը կարողացել է կարճ ժամանակում այդ լրատվամիջոցը դարձնել մեր առաջատար լրատվամիջոցներից մեկը»,- ասաց Բորիս Նավասարդյանը:
Այս տարի հիմնադրման ութ տարին նշող Factor TV-ի գործադիր տնօրենն ասաց, որ սկզբում լրատվամիջոցը ստեղծվել էր հետաքննական, հետազոտական, բացատրական լրագրությամբ զբաղվելու համար։ Հետագայում 2018-ից հետո երկրում տեղի ունեցող իրադարձություններն ու ֆորս մաժորային իրավիճակները ցույց տվեցին, որ հասարակությունը կարիք ունի ամենօրյա որակյալ, ճշգրտված, փաստահեն լրագրության։
«Նման մրցանակները շատ կարևոր են, որովհետև ինչպես ասացի, դրանք ոգևորում են, մոտիվացնում են, դու հասկանում ես, որ քո աշխատանքը գնահատվում է։ Եվ չնայած բոլոր խնդիրներին ու փոփոխություններին, որ առկա են այսօր, որակյալ լրագրությունը այնուհանդերձ պահանջարկված է»,- ասաց Արևիկ Սահակյանը։
Լրատվամիջոցի տնօրենի կարծիքով որակյալ, փաստահեն, հստակ խնդիրներն ու բացերը մատնանշող լրագրողական աշխատանքն ունենում է իր ազդեցությունը, երբեմն մասնակի, բայց, այնուամենայնիվ փոխում է իրականությունը։