Տիգրանուհի Մարտիրոսյան
Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Սոցիալական ցանցերում ահազանգեր ու մտահոգություններ կան մասնավորապես դեռահասների ծնողների կողմից «Կարմիր դուռ, դեղին դուռ» (Red door, Yellow door) անվամբ խաղի շուրջ։  

Խաղը, որը հայտնի է նաև որպես «Մտքի դռներ», խաղացվում է մութ սենյակում, որտեղ մասնակիցներից մեկը պառկած է մեջքի վրա՝ ձեռքերը կրծքին դրած, իսկ մյուս անձը նրան տրանսի վիճակի մեջ է գցում՝ կրկնելով հիպնոսային արտահայտություններ. «Կարմիր դուռ, դեղին դուռ, ցանկացած այլ գունավոր դռներ»։ Մասնակիցը աստիճանաբար մտնում է գիտակցության փոփոխված վիճակի մեջ և սկսում է «տեսնել» երևակայական դռներ: Երեխան անցնում է դրանց միջով և պատմում, թե ինչ է կատարվում յուրաքանչյուրի հետևում։ 

Աղմուկը խաղի շուրջ ավելի մեծացավ, երբ հայտնի դարձավ, որ Երևանի դպրոցներից մեկում 7-րդ դասարանի աշակերտները փորձել են խաղալ խաղն ու աշակերտներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։  

Խնդիրը քննարկվում է անգամ բարձր մակարդակով։ Ինչպես հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ստեղծվել է աշխատանքային հանձնաժողով խնդիրն ուսումնասիրելու համար։ Նա նշել է, որ դպրոցներին զգուշացրել են, որպեսզի երեխաներին խաղալիս տեսնելիս համապատասխան քայլեր ձեռնարկեն։  

Շատ մասնագետներ, սակայն, նշում են, որ խաղի շուրջ աղմուկը փոքր ինչ չափազանցված է։ Միաժամանակ շեշտում են, որ չնայած խաղը կարող է անվնաս թվալ, այն կարող է ուժեղ հոգեէմոցիոնալ ռեակցիաներ առաջացնել նրանց մոտ, ովքեր ունեն խանգարումներ, թույլ հոգեկան առողջություն կամ թաքնված հոգեբանական տրավմա։  

«Առհասարակ, խաղը ցանկացած երեխայի համար բնական պահանջ է: Սա գործունեության առաջին տեսակն է, որը երեխան ծավալում է ծնված օրվանից: Մի շարք կարևոր գործողություններ երեխան սովորում է խաղի միջոցով, այնպես որ այն կարևոր է երեխայի բնականոն զարգացման համար: Օնլայն խաղերը ևս կարող են զարգացնող ազդեցություն ունենալ, եթե բնույթով այդպիսին են ու ընտրված են երեխայի տարիքին համապատասխան: Հենց այստեղ է խնդիրը: Որքանո՞վ է խաղը ճիշտ ընտրված երեխայի տարիքին համապատասխան և որքան շատ է օրվա մեջ երեխան խաղում այդ խաղը»,- media.am-ի հետ զրույցում ասաց դեռահասների հետ աշխատող հոգեբան Հայկ Խաչիկյանը։ 

Նա նշեց, որ յուրաքանչյուր երեխայի հոգեկերտված տարբեր է՝ մեկի մոտ այն կարող է հետևանքներ չառաջացնել կամ առաջացնել շատ քիչ, իսկ մյուսի մոտ ստեղծել վարքային խանգարումներ։  

Հայկ Խաչիկյանի խոսքով՝ խաղերը կարող են դառնալ ինչպես լարվածությունը թոթափելու, այնպես էլ լարվածությունը կուտակելու միջոցներ։  

«Երեխան կարող է դպրոցից հոգնած տուն գալ, մի ժամ խաղ խաղալ, այդպիսով լարվածությունը հանել, ցրվել, հետո անցնել իր գործերին: Բայց եթե մեկ ժամվա փոխարեն 5-6 ժամ խաղա, սա կդառնա լարվածությունը կուտակելու միջոց։ Երեխայի վրա կարող է ազդեցություն ունենալ նաև սխալ ընտրված խաղը։ 5-6 տարեկան երեխան, օրինակ, չպետք է խաղա խաղեր, որտեղ կան արյունոտ տեսարաններ կամ բռնության տեսարաններ։ Այդպիսի երեխայի նյարդային համակարգը կդառնա գերզգայուն և չի բացառվում, որ առաջացնի վարքային դժվարություններ»,- մանրամասնեց Հայկ Խաչիկյանը։ 

Հոգեբանը շեշտեց ևս մեկ կարևոր հանգամանք՝ երեխայի կապը ծնողի հետ։ Խաչիկյանն ասաց, որ եթե երեխայի ու ծնողի հարաբերություններն առողջ են, ապա երեխան իր տարիքին չհամապատասխանող տեսարանի ականատես լինելու պարագայում օգնություն կխնդրի ծնողից, հարցեր կուղի և նրանց օգնությամբ կհաղթահարի այդ մարտահրավերը։  

«Ծնողը, լավատեղյակը լինելով իր երեխայի հոգեկերտվածքին, դիմադրողականությանը, ինքը պետք է սահմանափակումներ դնի։ Խաղի տևողությունն ու ինտենսիվությունը պետք է վերահսկվեն ծնողի կողմից, որովհետև երեխան չունի դրանց զգացողությունը, չունի ինքնակարգավորման մեխանիզմներ։ Ծնողը պետք է իմանա, թե ինչով է զբաղված իր երեխան, պետք է ներգրավված լինի երեխայի հետաքրքրություններում, ինքը խաղա, օրինակ, այն խաղերը, որոնք խաղում է երեխան, որպեսզի ավելի ճանաչի թե երեխային, թե հասկանա՝ ինչով են այդ խաղերը վնաս կամ օգուտ նրա համար»,- ասաց Խաչիկյանը։  

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը հորդորեց «Կարմիր դուռ, դեղին դուռ»-ը չանվանել խաղ։ Նա ասաց, որ սա «հորինված դմբոյություն է և նման դմբոյություններ բոլոր ժամանակներում եղել են ու լինելու են մի տարբերությամբ․ դրանք հիմա ավելի հեշտ ու արագ են տարածվում սոցիալական ցանցերով»։  

«Միշտ եղել են սարսափելի պատմություններ, վախ ներշնչող լեգենդներ, որոնք երեխաները միմյանց պատմում են։ Փոխվել են՝ դրանք տարածելու հարթակները, փոխվել է դրանց տարածման ինտեսիվությունը, երբ ստեղծվել են սոցիալական ցանցերը»,- նշեց մեդիափորձագետը։

Մարտիրոսյանն ասաց, որ եթե երեխան կարող է ազդվել մուլտֆիլմից, պատմությունից կամ համակարգչային խաղից, սա ահազանգ է փխրուն հոգեկերտվածքի, իսկ նման երեխային պետք է պահել ուշադրության կենտրոնում, վերահսկել նրա մուտքերը համացանց։  

Մեդիափորձագետը նաև հորդորեց այս և այլ «դմբոյությունների» շուրջ մեծ մեդիաաղմուկ չբարձրացնել։ Ըստ նրա՝ անգամ այս հոդվածը կարող է ևս մեկ խթան հանդիսանալ, որ խաղի մասին ինֆորմացիան տարածվի, դրա մասին ավելի շատ երեխաներ իմանան և ցանկանան փորձել։ 

«Շատ մարդիկ կան, ովքեր, չունենալով տեղեկատվություն, խոսում են այս մասին, կիսամիստիկ, առեղծվածային շղարշ են ստեղծում այս ամենի շուրջ, ինչն ավելի գայթակղիչ է դառնում երեխայի համար: Ինքնաներշնչման պատճառով երեխան իսկապես սկսում է ինչ-որ բաներ տեսնել»,- ասաց Մարտիրոսյանը: 

Մեդիափորձագետի դիտարկմամբ, ամեն անգամ, երբ նման աղմուկ է բարձրանոմ որևէ օնլայն խաղի կամ համացանցային բովանդակության շուրջ, հայտնվում են մարդիկ, ովքեր խոսում են վերահսկման ու արգելափակման մասին: «Ո՞վ պետք է վերահսկի, ո՞վ արգելափակի․․․ Ինչ-որ մասոնական, կիսաԱԱԾ-ական մեկին են տեսնում դրա հետևում: Ինչպե՞ս արգելափակել համացանցը: Ո՞ր հարթակը արգելափակել: Երեխաները համացանցով պարզապես տեսնում են, թե ինչպես են մյուսները դա խաղում։ Համացանցը փակենք, իրար կպատմեն։ Դրա փոխարեն երեխաների համար ապահովեք զբաղմունք»,- նշեց Սամվել Մարտիրոսյանը: 

Մասնավորապես ՏիկՏոկում շատ են նման տեսանյութերը, որտեղ երեխաները իրար հետ խաղում են այս խաղը։ Բայց դրանցում բացակայում են շատ նրբություններ ու դետալներ։ Ամենայն հավանականությամբ այդ բացը լրացնելու համար Միկա Թանգյան անունով բլոգերը, ով Յություբում 144.000 բաժանորդ  ունի, ինչպես ինքն է ասում, առաջիններից է, ով համացանցի հայաստանյան տիրույթում խաղացել է խաղը։  

«Համացանցը պայթեցնելու և 20.000 լայք հավաքելու» ցանկություն ունեցող բլոգերը իր ընկերոջ հետ մանրամասն ցույց է տալիս, թե ինչպես այն պետք է խաղալ: Թանգյանի ընկերը ասում է, որ չի հավատում, թե խաղը կարող է կոմայի մեջ գցել որևէ մեկին, բայց դժվար է պատկերացնել, որ առնվազն 160.000 մարդ, ովքեր նայել են այս տեսանյութը, լսել են այդ փոքր հատվածը։ Հաղորդման 10-րդ րոպեին բլոգերի ընկերը «մնում է խաղի մեջ», Թանգյանը նրան արթնացնում է, ասում է, որ պետք է խաղը վերահսկել: Հետո հենց ինքը՝ Թանգյանն է խաղում ու ավելի դժվար է արթնանում, նրա վրա ջուր են լցնում։  

Հաղորդման 20-րդ րոպեին, երբ շատ երեխաներ արդեն հավատացել ու վազել են փորձելու այն, հաղորդավարը խոստովանում է, որ դա իրենց դերասանական խաղն էր, հորդորում է «չհավատալ» դրան, ինչն էլ զայրացրել է շատերին ու մեկնաբանություններում պահանջել են ջնջել տեսանյութը։ 

Հայկ Խաչիկյանն ասում է, որ համացանցը արգելափակելը կամ երեխային արգելելը օգտվել դրանից չի կարող օգնել իրավիճակին, դա միայն կխանգարի։ Ըստ նրա՝ ծնողը պետք է պարզապես սովորեցնի երեխային գրագետ օգտվելու ձևը, պարբերաբար բացատրական աշխատանքներ տանի, աշխատի իրենց հարաբերությունների վստահելիության վրա, որպեսզի երեխան պատմի իր տեսածի ու իր հետ կատարվածի մասին։