Վերջին մեկ տարվա ընթացքում մամուլը Հայաստանում դարձել է ավելի ազատ․ սա «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության (RSF) գնահատականն է։ 2025 թվականի արդյունքներով Հայաստանը 9 հորիզոնականով առաջընթաց է գրանցել և 2024-ի՝ 43-րդ հորիզոնականի փոխարեն, այժմ զբաղեցնում է 34-րդը։
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հրապարակած զեկույցում նշվում է, որ Հայաստանում լրատվամիջոցները շարունակում են մնալ բևեռացված։ Որպես լրջագույն խնդիր նրանք նշել են նաև աննախադեպ մակարդակի հասնող ապատեղեկատվությունը և ատելության խոսքը, որը կազմակերպության կարծիքով ներքաղաքական լարվածության, սահմանային անվտանգության և արտաքին քաղաքական վեկտորի ընտրության դժվարությունների հետ է կապված։
Զեկույցում ասվում է, որ լրատվամիջոցների բևեռացումն արտացոլում է քաղաքական դաշտի բևեռացումը։ Լրատվամիջոցների մի մասը հարում է գործող իշխանությանը, իսկ մյուս մասը շարունակում է գործել նախկին օլիգարխների հովանու ներքո։
Անդրադառնալով խմբագրական քաղաքականության անկախությանը՝ զեկույցում ասվում է, որ շատ լրատվամիջոցներ ստորադասում են այն՝ ելնելով քաղաքական կամ տնտեսական շահերից։
«Միայն մի քանի լրատվամիջոցներ են ցուցաբերում իրական խմբագրական անկախություն։ Լրատվամիջոցների մեծ մասը վերահսկվում է քաղաքական շարժումներին մոտ կանգնած անձանց կամ ազդեցիկ հասարակական գործիչների թիմակիցների կողմից։ Պետական լրատվամիջոցներն էլ ձեռնպահ են մնում կառավարությանն ուղղված որևէ քննադատությունից։ Թեմատիկ առումով հատկապես զգայուն են Ադրբեջանի հետ ընթացող բանակցություններին և Հայաստանի ու Ռուսաստանի միջև ավելի լարվող հարաբերություններին վերաբերող հարցերը։ Որոշ քաղաքական խմբավորումներ իրականացնում են ապատեղեկատվական արշավներ և թիրախավորում լրագրողներին»,- ասվում է զեկույցում։
Սակայն սրան զուգահեռ, միջազգային կազմակերպությունը նշում է, որ հայկական լրատվադաշտում առկա են նաև այնպիսի անկախ լրատվամիջոցներ, ինչպիսիք են hetq.am-ը, Civilnet.am-ը, Factor.am-ը և Azatutyun.am-ը, որոնք կատարում են ժողովրդավարության համար այդքան կարևոր անկախ վերահսկողի դերը։
Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ առկա վիճակի պատճառներից մեկն էլ լրատվամիջոցների ֆինանսական անկախության բացակայությունն է։ Նշվում է, որ գովազդի շուկան այնքան էլ զարգացած չէ, իսկ վճարովի բաժանորդագրության մոդելն էլ շատ քիչ լրատվամիջոցներ են որդեգրել։
«Չնայած զրպարտության ապաքրեականացմանը և լրատվամիջոցների սեփականության թափանցիկությունը երաշխավորող օրենսդրության ներդրմանը, ոլորտը կարգավորող իրավական շրջանակը բավարար պաշտպանություն չի ապահովում մամուլի ազատության համար և չի համապատասխանում եվրոպական չափանիշներին»,- ասվում է զեկույցում։ Ըստ Միջազգային կազմակերպության՝ վերջին բարեփոխումները չեն լուծել ապատեղեկատվության և տեղեկատվության հասանելիության խնդիրները։ Որպես օրինակ նշվում է, որ Կառավարությանը կամ պետական մարմիններին ուղղված լրագրողական հարցումների պատասխանները կամ ուշացվում են կամ թերի են լինում կամ էլ գերատեսչությունները հրաժարվում են պատասխանել։
Կազմակերպությունը նաև անդրադարձել է լրագրողների թիրախավորման խնդրին։
«Լրագրողներին անընդհատ վիրավորում են, մեղադրում «կաշառակերության» և իրենց հակառակորդներին ծառայելու մեջ, այս ամենը ստեղծում է անհանդուրժողականության մթնոլորտ, որը խոչընդոտում է լրագրողների աշխատանքը»,- ասվում է զեկույցում։
Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ զրպարտության կամ վիրավորանքի մեղադրանքով լրագրողների դեմ ներկայացված դատական հայցերն էլ մեծացնում են ինքնագրաքննությունը և սահմանափակում ազատ խոսքը։
Մամուլի ազատության մակարդակն աշխարհում։
Միջազգային կազմակերպությունն ահազանգում է, որ իրենց գործունեության ամբողջ ընթացքում առաջին անգամ է, որ լրագրողական աշխատանքի պայմանները վատացել են աշխարհի երկրների կեսում։
Վիճակի վատթարացման պատճառներից մեկն էլ ըստ զեկույցի՝ տնտեսական ճնշումն է, որը լրատվամիջոցներին դարձնում է խոցելի։ Սեփականության կենտրոնացում, գովազդատուների կամ հովանավորների ճնշում, պետական ֆինանսավորման բացակայություն, սահմանափակում կամ ոչ թափանցիկ բաշխում։ Այս ամենի արդյունքում լրատվամիջոցներն այսօր հայտնվել են խմբագրական անկախության երաշխիքի և տնտեսական գոյատևման միջև ընկած դժվարին իրավիճակում։
Զեկույցում նշվում է, որ 180 երկրներից 160-ում լրատվամիջոցները դժվարությամբ են հասնում ֆինանսական կայունության կամ ընդհանրապես չեն հասնում։ Երկրների մոտ մեկ երրորդում էլ լրատվամիջոցները փակվում են տնտեսական դժվարությունների պատճառով։
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության խմբագրական տնօրեն Աննա Բոկանդեի խոսքով այս իրավիճակը կարող է լրգաջույն հետևանքներ ունենալ։
«Բազմակարծիք, ազատ և անկախ լրատվամիջոցների ապահովման համար անհրաժեշտ են կայուն և թափանցիկ ֆինանսական պայմաններ։ Առանց տնտեսական անկախության չի կարող ազատ մամուլ գոյություն ունենալ։ Երբ լրատվամիջոցների տնտեսությունը թուլանում է, դրանք ենթարկվում են որակի վերահսկողության և կարող են դառնալ օլիգարխիայի և պետական որոշում կայացնողների զոհը։ Երբ լրագրողներն աղքատանում են, նրանք միջոցներ չունեն ապատեղեկատվության և քարոզչության պաշտպաններին հակազդելու համար։ Մենք պետք է վերականգնենք լրագրությանը նպաստող և հուսալի տեղեկատվության արտադրություն ապահովող մեդիատնտեսություն, որն անխուսափելիորեն պահանջում է զգալի ծախսեր,- ասել է Աննա Բոկանդեն։
Զեկույցում նաև նշվում է, որ Դոնալդ Թրամփի վերջին որոշումները նույնպես սրել են իրավիճակը։ Օրինակ՝ ԱՄՆ Գլոբալ լրատվամիջոցների գործակալության (USAGM) կողմից մի շարք լրատվական խմբագրությունների, այդ թվում՝ «Ամերիկայի ձայն»-ի և «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորման կրճատումը։ Կամ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցով միջազգային օգնության միջոցների սառեցումը հարյուրավոր երկրների համար ստեղծել է կրիտիկական տնտեսական իրավիճակ՝ ստիպելով շատ լրատվամիջոցների փակվել։
Սրան էլ զուգահեռ թվային հարթակներն են գրավում գովազդային եկամուտների մեծ բաժինը։ Լրատվամիջոցների համար նպաստավոր բիզնես կառուցակարգերը խաթարելուց բացի, թվային հարթակները նաև նպաստում են մանիպուլացնող, մոլորեցնող բովանդակության տարածմանը ու ապատեղեկատվական արշավների հաջող իրականացմանը։