Սեփական արտադրության տեսանյութեր, փոդքասթներ ու հարցազրույցներ․ Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում (ԲՊՀ) բացված «ՄեդիաԼաբ» ուսումնաարտադրական լաբորատորիան մասնագիտական խորացված կրթության նոր հնարավորություններ է ստեղծել ուսանողների համար։  

«ՄեդիաԼաբ» առցանց ու անցանց կրթության կենտրոնը ստեղծվել է Էրազմուս+ «Առցանց կրթության որակի բարելավում Մոլդովայի և Հայաստանի բուհերում» (MEDIA) ծրագրի շրջանակում։

Տեխնիկապես հագեցած լաբորատորիան ոչ միայն կօգնի, որ լրագրության բաժնի ուսանողներն իրենց գործնական աշխատանքներն իրականացնեն հենց բուհում, այլև կնպաստի Հայաստանում առցանց կրթության ներդմանը։  

Առցանց կրթություն ապահովելու առաջին և կարևոր նախապայմանը, որը ԲՊՀ-ում հաջողությամբ արդեն ավարտել են, անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումն է։ Առանց անհրաժեշտ տեխնիկական բոլոր սարքավորումներով հագեցած «ՄեդիաԼաբ»-ի անհնար կլիներ առցանց հանդիպումներ կազմակերպել ուսանողների հետ կամ ձայնագրություններ անել ու վիդեոդասեր պատրաստել։ 

Հայաստանն ու առցանց կրթությունը 

Հայաստանում բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքը թույլ չի տալիս բարձրագույն կրթական մակարդակում իրականացնել առցանց կրթություն։  

Մինչդեռ, «MEDIA» ծրագրի Հայաստանյան թիմի ներկայացուցիչներն ասում են, որ ըստ վերջին հետազոտությունների` հատկապես COVID-19-ից հետո, առցանց կրթության պահանջարկն աշխարհում մեծացել է։ Երիտասարդներն այսօր առավել շատ նախընտրում են առցանց կրթական ծրագրերը։  

«Առցանց կրթության իրականացման առումով Հայաստանը, հետ է մնում անգամ նախկին սովետական երկներից։ Օրինակ, այս ծրագրով մեր գործընկերը հանդիսացող Մոլդովայում առցանց կրթությանը վերաբերող կարգավորումներն ամրագրված են օրենքով և այնտեղ արդեն իրականացնում է առցանց կրթություն։ Մոլդովայում ուսանողները կարող են օրինակ առաջին կուրսն անցնել առցանց, ստանալ կրեդիտներ, հետո, դրանք օգտագործելով շարունակել իրենց կրթությունը մյուս կուրսերում, արդեն անցանց տարբերակով։ Մեզ մոտ այս հնարավորությունը չկա»,- ասում է Վ․ Բրյուսովի անվան համալսարանի դասախոս, ծրագրի համակարգող թիմի ներկայացուցիչ Գայանե Միրզոյանը։ 

Գայանե Միրզոյան

Հայաստանում առցանց կրթություն տրամադրելու համար բուհերը պետք է մշակեն դասընթացների մեթոդաբանություն, ունենան համապատասխան էթիկական կանոնագրեր և որ ամենակարևորն է  առցանց կրթությունը պետք է ամրագրվի օրենքով։ 

ԲՊՀ հանրային հաղորդակցության և լրագրության գիտաուսումնական կենտրոնի ղեկավար և «MEDIA» ծրագրի համակարգող Տատյանա Հովհաննիսյանն ասում է, որ այժմ աշխատում են ինստիտուցիոնալ մեթոդաբանության մշակման վրա։  

«Մենք արդեն մի քանի փաստաթուղթ մշակել ենք և պատրաստվում ենք դրանք ներկայացնել ԿԳՄՍ նախարարությանը։ Այս պահին Հայաստանում բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագիծը քննարկման փուլում է։ Հուսով ենք, որ մեր առաջարկությունները կմշակվեն և կներառվեն նոր օրենքում, ինչը թույլ կտա ֆորմալացնել առցանց կրթությունը բարձրագույն կրթության մակարդակում: Սա կնպաստի, որ ապագայում այս տիպի կրթությունը լայն տարածում գտնի Հայաստանում և դառնա ավելի հասանելի բոլորի համար»,- ասում է Տատյանա Հովհաննիսյանը: 

Փորձարկման ու լրամշակման փուլ  

Առցանց կրթության մշակվող մոդելը գործնականում փորձարկելու և ռիսկերը  գնահատելու համար ԲՊՀ-ն այս փուլում իրականացնում է  միկրոորակավորման «Թվային մեդիա» կոչվող առցանց դասընթացը, որը բաղկացած է չորս մոդուլից՝ «Թվային պատումը մեդիայում», «Լուսանկարչություն», «Վիդեոպատում» և «Բովանդակության ստեղծման թվային գործիքներ»։ 

«Նախատեսվում է դասընթացներն անցկացնել երեք փուլով, այսինք երեք տարբեր խմբերի համար կհայտարարվի ընդունելություն: Յուրաքանչյուր փուլից հետո մենք կլրամշակենք առաջարկվող դասընթացները: Մեկ մոդուլը բաժանվում է տարբեր ենթաթեմաների, մոտավորապես երեք ենթաթեմայի, որոնցից յուրաքանչյուրն իր մեջ ևս երեք դաս է պարունակում: Յուրաքանչյուր դասի համար մենք ունենք վիդեոդաս, ընթերցանության նյութ և հանձնարարություններ»,- ասում է Տատյանա Հովհաննիսյանը: 

Տատյանա Հովհաննիսյան

Դասընթացների առաջին փուլն արդեն սկսվել է, առցանց ծրագրին արդեն միացել է 126 ուսանող։ Չորս մոդուլներն ավարտելու համար  նրանք մինչև հունիս ժամանակ ունեն։    

Դասընթացների երկրորդ փուլը հավանաբար կհայտարարվի  սեպտեմբերին, մինչև տարեվերջ էլ կսկեն երրորդ փուլը ու կամբողջացնեն արդյուքները։  

«Թվային մեդիա» առցանց դասընթացի առաջադրանքների 80%-ը հաղթահարելու դեպքում ուսանողները կստանան սերտիֆիկատ։  

Ամբողջական ծրագրի ներդրումից հետ, երբ Հայաստանում օրենքով ամրագրված կլինի առցանց կրթությունը, ուսանողները կստանան կրեդիտներ, որոնք էլ կկարողանան օգտագործել արդեն ֆորմալ բուհական կրթության շրջանակում: 

Լուսանկարները՝ ԲՊՀ-ի