Ըստ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության «Ազատությունն աշխարհում 2025» թվականի տարեկան զեկույցի՝ Հայաստանը կրկին «մասամբ ազատ» երկրների խմբում է։ Ինչպես անցած տարի, այս տարի էլ Հայաստանը ստացել է 100-ից 54 միավոր․ քաղաքական իրավունքների համար՝ 23, քաղաքացիական ազատությունների համար՝ 31 միավոր։ 

Անդրադառնալով հայաստանյան մեդիադաշտի ազատությանը՝ զեկույցում ասվում է, որ անկախ և հետաքննող լրատվամիջոցները, որոնք հիմնականում գործում են առցանց տիրույթում, համեմատաբար ազատ են։ Այդ լրատվամիջոցները, թեև իրենց փոքրաթիվ անձնակազմի ու սահմանափակ ռեսուրսների, հաճախ կարողանում են ապահովել որակյալ լուսաբանում՝ երբեմն հակադրվելով պետական կամ այլ հեղինակավոր լրատվամիջոցների կողմից ներկայացվող նարատիվներին։ Ըստ զեկույցի՝ հայաստանյան տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների մեծ մասը հետապնդում է քաղաքական կամ ավելի մեծ կոմերցիոն շահեր։ 

Հղում անելով Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեին՝ (ԽԱՊԿ) Freedom House-ը փաստում է, որ 2024 -ին արձանագրվել է լրագրողների ֆիզիկական բռնության 15 և նրանց նկատմամբ ճնշումների այլ ձևերի 71 դեպք։  

«Միջադեպերը կապված են եղել թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ներկայացուցիչների հետ։ Տվյալ դեպքերն արձանագրվել են ապրիլ-հունիս ամիսներին՝ Ադրբեջանի հետ Կառավարության սահմանազատման գործընթացի դեմ բողոքի զանգվածային ցույցերի ժամանակ, երբ ոստիկանությունը ճնշել է ցուցարարներին։ Առնվազն մեկ դեպք էլ գրանցվել է, երբ լրագրողներին հեռացրել են խորհրդարանի մամուլի սրահից»,- ասվում է զեկույցում։  

Զեկույցն արձանագրում է, որ բողոքի ակցիաների ընթացքում հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել, որոշ դեպքերում էլ ոստիկանությունը չափից ավելի ուժ է կիրառել: Հունիսի 12-ին խորհրդարանի շենքի մոտ ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել հենց այն ժամանակ, երբ Փաշինյանը պետք է ելույթ ունենար ԱԺ-ում։ Ոստիկանությունն աննախադեպ կերպով կիրառել է հզոր լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով ավելի քան 100 մարդ վնասվածքներ է ստացել։ 

Հաջորդ խնդիրը, որին անդրադարձել է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը լրագրողների դեմ պետական պաշտոնյաների և քաղաքական գործիչների կողմից ներկայացվող դատական հայցերն են։  

Զեկույցում որպես օրինակ ներկայացված է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի դատական հայցը ՍիվիլՆեթի դեմ։ Քաղաքապետը դատի էր տվել լրատվամիջոցին իր ընտանեկան բիզնեսի վերաբերյալ կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի հետաքննության համար։  

Մեկ այլ դրվագով էլ ներկայացվում է Գարեգին Խումարյանի հայցը՝ ընդդեմ Հանրային հեռարձակողի խորհուրդի։  

«2024 թվականի հուլիսին Հանրային հեռարձակողի խորհուրդը, հրաժարվելով երկարաձգել պայմանագիրը Հանրային ռադիոյի այդ ժամանակ գործող նախագահ Գարեգին Խումարյանի հետ, նոր տնօրեն է ընտրել։ Տարեսկզբին հրապարակված հոդվածում Խումարյանը քննադատել էր վարչապետ Փաշինյանին։ Դա է պատճառը, որ նա պնդում է, թե Հանրային հեռարձակողի խորհրդի որոշումը քաղաքական դրդապատճառներ ունի»,-ասվում է Freedom House-ի զեկույցում։  

Տեղեկատվության ազատությանը վերաբերող խնդիրները ևս չեն վրիպել միջազգային իրավապաշտպան կազմակերպության տեսադաշտից։ 

Հիմք ընդունելով ԽԱՊԿ-ի և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ներկայացրած տվյալները՝ Freedom House-ը խնդրահարույց է համարել, որ լրագրողների տեղեկատվության հարցումներին Կառավարությունը հաճախ պատասխանում է թերի կամ շատ ընդհանրական, ուշացմամբ կամ մերժում է դրանք։   

Զեկույցում նաև նշվում է, որը ըստ լրատվամիջոցների հրապարակումների՝ վերջին տարիներին ավելացել է Կառավարության՝ փակ կամ գաղտնի ռեժիմով քննարկվող նիստերի թիվը։ Դրան զուգահեռ նվազել են բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ ասուլիսների հաճախականությունը։