Հայաստանում երկրորդ անգամ անցկացվեց Բաց տվյալների օրը։ Բաց գիտելիքի հիմնադրամի (Open Knowledge Foundation) կողմից կազմակերպվող միջազգային այս միջոցառմանը մենք միացել ենք նախորդ տարվանից՝ «Open Data Armenia» կազմակերպության նախաձեռնությամբ։
Մարտի առաջին շաբաթվա ընթացքում աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են միջոցառումներ, որնց նպատակն է ևս մեկ անգամ խոսել բաց տվյալների կարևորության մասին։
«Open Data Armenia»-ի ղեկավար, տվյալների որոնման փորձագետ Իվան Բեգտինի գնահատմամբ Հայաստանում տվյալների բազաների մեծ քանակություն կա, սակայն միշտ չէ, որ դրանք ամբողջական են և բաց։ Դա է պատճառը, որ կազմակերպության առաջնահերթություններից է բաց տվյալների հրապարակման և օգտագործման կայուն էկոհամակարգի ստեղծումը։
Նախորդ տարվա համեմատ «Բաց տվյալների օր Հայաստան»-ն այս անգամ ընդլայնել էր միջոցառումների շարքը։ Ամենամյա դարձած բաց տվյալների վրա հիմնված նախագծերի մրցույթից բացի, այս անգամ շեշտը դրված էր ոլորտում առկա խնդիրները բարձրաձայնելու ու դրանց լուծման ճանապարհները գտնելու վրա։ Միջոցառման կազմակերպիչները նաև մի քանի աշխատարաններ էին կազմակերպել տվյալների վիզուալացմամբ հետաքրքրվողների համար։
Ի՞նչ խնդիրների է բախվում տվյալահեն լրագրությունը Հայաստանում
«Բաց տվյալների օր Հայաստան» միջոցառման ընթացքում տվյալների լրագրողները քննարկեցին նաև այն խնդիրները, որոնք խոչընդոտում են Հայաստանում տվյալահեն լրագրության զարգացմանը։
Լրագրողներն ասում են, որ պետական գերատեսչությունները միշտ չէ, որ ունենում են անհրաժեշտ տվյալները։ Երբեմն էլ գերատեսչություններից ստացված ինֆորմացիան անհնար է օգտագործել, որովհետև կամ կիսատ է, կամ չի համապատասխանում նույն խնդրով զբաղվող մեկ այլ պետական կառույցի ներկայացրած տվյալներին։
Tvyal.com-ի հիմնադիր Աղասի Թավադյանն ասում է, որ թեև Հայաստանում կան տվյալների տարբեր բազաներ, որոնք բաց են և հնարավոր է դրանցից օգտվել, բայց լուրջ խնդիր կա հատկապես մարզերին և համայնքներին վերաբերող տվյալների առումով։
«Մարզերին վերաբերող տվյալները, եթե անգամ հասանելի են, ապա մեկ երկու տարի ուշացմամբ են հասանելի։ Դրանք հրապարակված են ինչ-որ խառը տեղերում, նույնիսկ գտնելն է բարդ։ Համայնքների մասով ավելի լուրջ խնդիր կա։ Եվ դա է պատճառը, որ մենք չենք կարողանում օրինակ գնահատել սուբվենցիոն ծրագրերը որքանով են արդյունավետ կամ չենք կարողանում մի շարք այլ թեմաների մասին ուսումնասիրություններ ու վերլուծություններ անել»,- ասում է Աղասի Թավադյանը։
Տվյալների լրագրողների աշխատանքը բարդացնում է նաև այն փաստը, որ չկա տվյալների տրամադրման մեկ միասնական սկզբունք։ «Հետք»-ի տվյալների լրագրող Նարե Պետրոսյանն ասում է, որ հաճախ պետական գերատեսչություններից ստացած պատասխանները տվյալ դարձնելու համար ստիպված են լինում շատ աշխատել։
«Մի նախագծի օրինակով պատմեմ, մենք հարցումներ էինք ուղարկել 71 համայնքների։ Նախ այդ 71-ից շատ քչերը պատասխանեցին, իսկ այն պատասխաններն էլ, այն տվյալներն էլ, որոնք ստացանք այն ֆորմատով չէին, որ կարողանայինք օգտագործել։ Մենք մեր հարցումներում նշում ենք, որ օրինակ csv ֆայլի տեսքով ենք խնդրում տրամադրել, բայց, ցավոք միշտ չէ, որ ստացվում է անհրաժեշտ ֆորմատով տվյալներ ստանալ»,- ասում է Նարե Պետրոսյանը։
Տվյալների լրագրությունը շատ կարևոր է ժողովրդավարության զարգացման համար։ Տվյալները թույլ են տալիս հստակ ցույց տալ խնդիրները։ Ampop.am-ի խմբագիր Սուրեն Դեհերյանն ասում է, որ լրագրության այս տեսակը թույլ է տալիս կարծիքահեն մոտեցումներից անցնել տվյալահեն մոտեցման։
«Տվյալներով խոսելը չի սիրում ստել, այն օգնում է փաստերով ներկայացնել խնդիրները։ Պետական գերատեսչությունները, քաղաքական որոշումներ կայացնողները չեն սիրում տվյալներով աշխատող լրագրողներին, որովհետև տվյալները անմիջապես խոցում են ցավոտ տեղերը»,-ասում է Սուրեն Դեհերյանը։
«Open Data Armenia»-ում որոշել են այս տարվա ընթացքում կազմակերպել նաև տարբեր ոչ ֆորմալ հանդիպումներ, քննարկել խնդիրներն ու զարգացման հնարավորությունները, նպաստել տվյալներով աշխատող մասնագիտական համայնքի կայացմանը։
Բաց տվյալներ Հայաստան մրցույթ
Հայաստանում բաց տվյալներն ավելի շատ կիրառելու, դրանց օգնությամբ տարբեր ծրագրեր ու հետազոտություներ իրականացնելու մշակույթը զարգացնելու համար «Open Data Armenia»-ն այս տարի ևս կազմակերպել էր բաց տվյալների վրա հիմնված նախագծերի մրցույթ։
«Open Data Armenia»-ի համահիմնադիր Վասիլի Բուրովն ասում է, որ ներկայացված աշխատանքներն էլ այս անգամ ավելի մշակված ու ավելի ավարտուն տեսք ունեին։ Մրցույթն այս տարի ևս իրականացվել է երկու անվանակարգում՝ մշակութային հավելվածներ և տվյալների վիզուալիզացիա։
Մշակութային հավելված անվանակարգում հաղթող ճանաչվեց ArmAQI նախագիծը։ Այն օդի որակի մոնիթորինգի քաղաքացիական տեխնոլոգիական ցանց է։ Բախվելով Հայաստանում օդի խիստ աղտոտվածության և տվյալների բացակայության խնդրին՝ նախագծի հեղինակները որոշել էին բաց համայնքի օգնությամբ ստեղծել օդի որակի չափման անկախ համակարգ։ Բնակիչներն իրենց պատուհանների վրա սենսորներ են տեղադրում, որոնք չափում են օդի աղտոտվածության մակարդակը: Բոլոր սենսորները միավորված են բաց ցանցին և իրական ժամանակում տվյալներ են ուղարկում: Որքան շատ սենսորներ տեղադրվեն մեկ տարածքում, այնքան ավելի ճշգրիտ կարող են որոշել աղտոտվածության մակարդակը։

Լուսանկարը՝ opendata.am կայքից
Վասիլի Բուրովն ասում է, թեև առաջին հայացքից նախագիծը կապ չունի մշակույթի հետ, բայց իրենք այն դիտարկել են հենց մշակութային հավելվածների անվանակարգում, որովհետև այս նախաձեռնությունը հասարակական ընկալում ու նոր մշակույթ կարող է ձևավորել։
Տվյալների վիզուալիզացիա անվանակարգում հաղթող նախագծերը երկուսն էին։
Հաղթած նախագծերից մեկը Տիգրան Մեծի մասին պատմող ինտերակտիվ հարթակն էր։ Այն ներկայացնում է Տիգրան Մեծի և նրա գահակալության պատմությունը։ Կայքում առկա ինտերակտիվ քարտեզներն էլ թույլ են տալիս տեսնել հայկական կայսրության ստեղծման, ընդլայնման ու կործանման պատմությունը։

Լուսանկարը՝ opendata.am կայքից
Հաղթած երկրորդ նախագիծը Birdwatching in Armenia-ն էր։ Թռչուններին դիտել սիրողների համայնքն ամբողջ աշարհում ուսումնասիրում է նրանց տեսակներն և վարքագիծը։ Իրենց դիտարկումների արդյունքները թռչնասերները գրանցում են ebird.org համաշխարհային տվյալների բազայում: Օգտագործելով այդ տվյալները՝ Birdwatching in Armenia նախագծի հեղինակները ներկայացրել էին այս ուղղության զարգացման պատկերը Հայաստանում ու քարտեզագրել այն վայրերը, որտեղ կարելի է դիտել տարբեր թռչնատեսակների: