2024.04.08,

Նյուսրում

Ֆինանսավորման ու գովազդի տեսակները մեդիայում․ հետազոտություն   

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Կարևորել ֆինանսական կայունությու՞նը, թե՞ պահպանել խմբագրական անկախությունը։ Հայաստանյան մեդիայի համար այս երկու երևույթները հավասարակշռելը բավականին բարդ խնդիր է։  

Այս եզրակացությանն են եկել «Ջեյնոմիքսը» և Զինք Նեթվորքը՝ ուսումնասիրելով և վերլուծելով Հայաստանյան մեդիա շուկան։ 

Մեդիայի բևեռացվածության, նրա նկատմամբ վստահության և ազդեցության խնդիրներին զուգահեռ՝ ուսումնասիրության թիրախում է եղել  նաև ֆինանսավորման աղբյուրների և եկամտի դիվերսիֆիկացիայի թեման։  

Հետազոտության ընթացքում օգտագործվել են բաց աղբյուրների վրա հիմնված ուսումնասիրություններ, լրատվամիջոցների ներկայացուցիչների և ոլորտի փորձագետների հետ հարցազրույցներ։  

Ֆինանսավորման տեսակները

Հայաստանում անկախ լրատվամիջոցները հիմնականում գործում են  արտաքին աջակցության շնորհիվ և դոնորները նրանց առաջին սատարողներն են։ Տարբեր նախագծերի և թեմատիկ բովանդակության համար  դոնորները տրամադրում են անհրաժեշտ ֆինանսական աջակցություն։ Սակայն երկարաժամկետ, ռազմավարական ինստիտուցիոնալ աջակցության ընդհանուր բացակայությունը խոցելի է դարձնում այս մեդիաներին։ 

Դոնոր կազմակերպությունների աջակցությունը հիմնականում լինում է նախագծային ֆինանսավորման տեսքով, ինչը խանգարում է երկարաժամկետ զարգացմանը, քանի որ պետք է կենտրոնանալ ծրագրի իրականացման և ոչ թե կազմակերպության զարգացման ռազմավարության վրա:  

Պետական ֆինանսավորում ստացող լրատվամիջոցներում կարող են խնդիրներ առաջանալ մեդիաների խմբագրական անկախության ոլորտում։ Պետությունը, ֆինանսական միջոցներ տրամադրելով, կարող է մեդիաներին կախվածության մեջ գցել կառավարության օրակարգից։   

Հետազոտության մեջ նշվում է, որ երբեմն օլիգարխներն ու գործարարներն են մասնակցում որոշ մեդիաների ֆինանսավորմանը, ինչն էլ հանգեցնում է մեդիաների քաղաքականացմանը: 

Այս ամենից բացի մեդիայի ֆինանսավորման հետ կապված մեծագույն խնդիրներից մեկն էլ այն է, որ լսարանը չի ցանկանում վճարել բովանդակության համար։  

2023 թվականին Ինտերնյուս Նեթվորք-ի իրականացրած հետազոտության համաձայն՝  հարցվածների ընդամենը 1%-ն է տվյալ պահին ֆինանսապես աջակցել մեդիային և միայն 17%-ն է պատրաստակամություն հայտնել վճարել նորությունների համար։  

 

 

 

Հարցվածների 57%-ը, որն այդ պահին կամ վճարում էր լրատվամիջոցների համար, կամ պատրաստ էր եղել վճարել, որպես առավելագույն ներդրում նշել էր մոտ 2000 դրամը (մոտ 5 ԱՄՆ դոլար): 10,000 դրամ և ավելի պատրաստ էր եղել վճարել հարցվածների 3%-ը։  

Մեդիա մենեջերները «Ջեյնոմիքսի» և Զինք Նեթվորքի հետազոտող թիմի հետ զրույցում, վերլուծելով իրավիճակը, երկու հիմնական պատճառ են նշել։ 

Ըստ անկախ մեդիաներից մեկի ներկայացուցչի՝ 2018 թվականի հեղափոխությանը նախորդող շրջանում մարդիկ պատրաստ էին ներդրում կատարել այն մեդիաներում, որոնք կհետաքննեին կոռուպցիայի դեպքերը, որն արտացոլում էր այդ ժամանակվա ոգին։ Ներկայում, սակայն, սրված բևեռացման պատճառով նվազել է անկախ մեդիաների հանդեպ հետաքրքրությունն ու աջակցությունը:   

Մյուս պատճառը, թե ինչո՞ւ են հայաստանցիները երկմտում մեդիային աջակցություն ցուցաբերելու հարցում, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետևանքով սրված տնտեսական բարդ իրավիճակն է։ 

Հայաստանյան մեդիա շուկայում ընթերցողների աջակցությամբ եկամուտների ստացմանն ուղղված լուծումները դեռևս զարգացման փուլում են: Հետազոտության ընթացքում ուսումնասիրված 35 լրատվամիջոցներից միայն վեցն են առաջարկում բաժանորդագրության, անդամակցության կամ քրաուդֆանդինգի տարբերակներ:   

Գովազդի շուկա  

Փոփոխական ու անկայուն է նաև գովազդաի շուկան։ Հետազոտությանը մասնակցած մեդիափորձագետներն ասել են, որ գովազդատուները հիմնականում ձգտում են աշխատել անմիջապես մեդիա հարթակների և ժամանցային կոնտենտ ապահովող կարծիքի առաջատարների հետ։ Մեդիայի եկամուտների վրա խիստ  բացասաբար է ազդել նաև 2022 թվականին ուժի մեջ մտած շահումով խաղերի գովազդն արգելող օրենքը։  

Հետազոտության հեղինակները հղում անելով Statista Market Insights ընկերության կատարած ուսումնասիրությանը նշում են, որ Հայաստանում թվային գովազդի ոլորտում գերիշխում են բաներային գովազդները, վիդեո գովազդները և որոնման գովազդները:  

Գովազդի այս տեսակները կայուն աճում են 2018 թվականից ի վեր, ինչը վկայում է շուկայում դրանց տարածվածության և արդյունավետության մասին: Statista-ի տվյալները ցույց են տալիս, որ սոցիալական մեդիայի կարծիքի առաջատարների միջոցով գովազդը շուկայի փոքր, բայց աճող մասն է։ Կարծիքի առաջատարների հետ աշխատելը ծախսարդյունավետ է, քանի որ գովազդատուներին հարկավոր չէ գումար ծախսել արտադրության վրա, դրա փոխարեն կարելի է փոքր գումար ծախսել կարծիքի առաջատարների սոցիալական մեդիայի էջերում գովազդի տեղադրման վրա։ 

Գովազդի այս տեսակը կարող է էապես ազդել մեդիա շուկայի վրա: Բիզնեսները հարմարվում են սպառողների փոփոխվող վարքագծին և նախասիրություններին, իսկ կարծիքի առաջատարների միջոցով գովազդի աճը վկայում է այս տեսակի գովազդի արդյունավետությունը: Գովազդային շուկայում նկատվող այս փոփոխությունը նոր մարտահրավերներ է ստեղծում մեդիա ոլորտի համար։ 

Մեդիան գովազդի ոլորտում մրցակցում է նաև սոցիալական մեդիա հարթակների հետ։ Հաճախ գովազդատուները նախընտրում են անմիջապես դիմել Facebook-ին կամ YouTube-ին՝ առանց մեդիաներին այդ գործընթացում ներառելու:  

Ֆինանսական կայունության հասնելու համար հայկական մեդիայի ներկայացուցիչներն այսօր փորձում են զարգացնել իրենց գործունեությունը հետևյալ ուղղություններով․ 

  • Գրավել ավելի երիտասարդ լսարանի։ Ստեղծում են կարճ տեսահոլովակներ՝ շեշտը դնելով նորարարության և վիզուալ կոնտենտի վրա։  
  • Ընդլայնել լսարանը՝ դիվերսիֆիկացնում են հարթակները։  
  • Հայկական տեսակետները ներկայացնել Սփյուռքում՝ զարգացնելով լրատվամիջոցների անգլալեզու էջերը։  


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *