2024.02.17,

Նյուսրում

Նավալնիի մահվան մեդիա արձագանքը 

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Երեկ միջազգային լրահոսը ցնցված էր Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին լուրով։ Ռուսաստանում ընդդիմադիր գործիչը, ինչպես հաղորդել էր ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայությունը, մահացել էր ուղղիչ գաղութում, զբոսանքից հետո՝ կորցնելով գիտակցությունը։  

Լուրը շատ արագ հաղորդեցին ռուսական պետական ԶԼՄ-ները, պրոպագանդիստական ալիքները, որոնք տարիներ շարունակ հարթակ չէին տրամադրում ընդդիմադիր գործչին, նրան ու նրա թիմակիցներին հարցազրույցների չէին հրավիրում։ 

Մարգարիտա Սիմոնյանի կողմից ղեկավարվող պրոպագանդիստական Russia Today-ը լուրից րոպեներ անց, հղում անելով սեփական աղբյուրներին, գրեց, որ մահը վրա է հասել արենախիցքի (տրոմբ) պոկվելուց հետո։ Այս լուրը արագ տարածեց ավելի քան 1 միլիոն հետևորդ ունեցող հայտնի Baza տելեգրամյան ալիքը, որն էլ իր հերթին, հղում անելով սեփական աղբյուրներին, գրեց, որ տրոմբը պոկվել է ռուսական ժամով 13:00-ին, իսկ մահը արձանագրվել է 14:20-ին։  

Ռուսական «Առաջին ալիքը», ընդհատելով հաղորդումը, ընթերցեց այն, ինչ փոխանցել էր ՔԿԾ-n։ Չցուցադրվեց ոչ Նավալնիի լուսանկարը, ոչ էլ որևէ տեսանյութ նրա մասնակցությամբ, հաղորդավարը պարզապես կարդաց այն, ինչ գրված էր հաղորդագրության մեջ։  

Րոպեներ անց լուրը հաստատեց նաև ՌԴ նախագահի խոսնակը՝ Դմիտրի Պեսկովը, պրոիշխանական РИА Новости-ի հետ զրույցում՝ չմանրամասնելով, թե ինչից է վրա հասել մահը։ 

Ընդդիմադիր լրատվամիջոցներում, ինչպիսին «Дождь»-ն է, ուղիղ եթերներ էին անցկացնում Նավալնիի հիշատակին, որոնք շատ էմոցիոնալ էին։ Հաղորդավարները չէին կարողանում զսպել հուզմունքն ու լացը, արտասվում էին նաև հյուրերը։ 

Հատկանշական է, որ լուրը տարածվել էր նախքան նրա ընտանիքի անդամներին այդ մասին հաղորդելը։ 

Գործչի կինը՝ Յուլիա Նավալնայան, այդ ժամանակ մասնակցում էր Մյունխենի անվտանգության համաժողովին։ Նա ելույթ ունեցավ, որից պարզ դարձավ, որ ընտանիքը դեռևս չի ստացել որևէ նամակ կամ պաշտոնական գրություն այն մասին, որ ամուսինը մահացել է։ Նա հայտարարեց, որ եթե ամուսնու մահվան լուրը հաստատվի, Վլադիմիր Պուտինը պատասխանատվություն պիտի կրի։ 

Միջազգային մամուլը ևս արագ արձագանքեց՝ շեշտելով այն հանգամանքը, որ Վլադիմիր Պուտինն այլևս զրկված է թիվ մեկ ընդդիմախոսից։  

Ահա թե ինչպիսի վերնագրեր էին շրջանառվում միջազգային մամուլում՝ «Պուտինին մարտահրավեր նետած բանտարկված ակտիվիստ Ալեքսեյ Նավալնին մահացել է 47 տարեկան հասակում» (Bloomberg), «Ռուս ընդդիմադիր լիդերը մահացել է» (CNN), «Պուտինի թշնամուն մահացած են գտել չպարզված հանգամանքներում» (Bild): 

Ընդդիմադիր շրջանակները և միջազգային հանրությունը տեղի ունեցածը համարում են սպանություն։ Եթե անգամ դատաբժշկական փորձաքննությունը հաստատի, որ մահը վրա է հասել տրոմբը պոկվելուց հետո, Նավալնիին, ասում են նրանք, սպանել են դանդաղ։  

2020 թվականի մահափորձից հետո, երբ Ռուսաստանի հատուկ ծառայությունների աշխատակիցները նրան թույնել էին «նովիչոկ»-ով՝ ինքնաթիռում, Նավալնիին՝ կոմայի մեջ, տեղափոխել էին Գերմանիա։ Երկար բուժումից հետո, նա վերադարձել էր Ռուսաստան և անմիջապես ձերբակալվել։ Սկզբում նրան գումարներ շորթելու մեջ էին մեղադրում, հետո՝ վետերանին անարգելու, վերջում՝ արդեն նաև ծայահեղականության (էստրիմիզմի) մեջ։ 

Բանտում նրան պարբերաբար կտտանքների էին ենթարկում։ 

Նավալնիի գլխավոր բժիշկ Անաստասիա Վասիլևան ամիսներ շարունակ ահազանգում էր՝ նրա առողջական վիճակը կրիտիկական է, նա ճողվածքներ ու մեջքի սուր ցավեր ունի, վերջույթներն անզգայացել են, խնդիրներ կան սրտի աշխատանքի հետ։ Նրան ոչ միայն պատշաճ բուժօգնություն չէին տրամադրում, այլև թույլ չեն տալիս տեսակցել իր բժշկին։ Քաղբանտարկյալը հացադուլ էր հայտարարել՝ դեղերի ու բուժհետազոտության պահանջով։ Պահանջը մերժվել էր։  

Ակնհայտ է, որ Ալեքսեյ Նավալնիի մահը քաղաքական նոր լարում է բերելու Ռուսաստանի և Արևմուտքի միջև։  

ԵՄ պետությունների ղեկավարների հայտարարություններից հետո ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների ակնթարթային արձագանքը Նավալնու մահվանը՝ Ռուսաստանին ուղղված ուղղակի մեղադրանքների տեսքով, ինքնաբացահայտում է։ «Դեռևս դատաբժշկական փորձաքննություն չկա, բայց Արևմուտքի եզրակացություններն արդեն պատրաստ են»,- ասել է Զախարովան։ 

Տիգրանուհի Մարտիրոսյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *