2023.11.10,

Նյուսրում

Քննադատական մտածողությունը՝ հեքիաթների միջոցով

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Երեխաներին մեդիագրագիտություն և թվային անվտանգության կաննոներ սովորացնելու ձևաչափերն ընդլյայնվում են։ Հայաստանում արդեն երկրորդ անգամ այդ նպատակով բեմադրվել է հեքիաթ։ 

Նորություններ լսելիս և լուրեր տարածելիս զգույշ լինելու և ապատեղեկատվությունը տարբերակելու մասին երեխաներին պատմում են Կորնեյ Չուկովսկու «Գողացված արևը» հեքիաթի հերոսները։ 

Սա մեդիագրագիտության մասին պատմող բեմադրված երկրորդ հեքիաթն է՝ «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի և «Հեքիաթերեն» ինտերակտիվ թատրոնի համագործակցության արդյունքում։  

«Գողացված արևը»-ը պատմում է այն մասին, որ անտառում տարածվում են լուրեր, թե կոկորդիլոսը «կուլ է տվել» արևը, ինչը խառնաշփոթ է առաջացնում անտառի բնակիչների և մանկապարտեզի երեխաների շրջանում։  

Ո՞ւր է անհետացել լույսը, ո՞վ է մեղավոր, ի՞նչպես կարելի է պարզել ճշմարտությունը․ այս հարցերի պատասխանները երեխաները բացահայտում են միասին ներկայացման ողջ ընթացքում։ Անտառային լրատվամիջոցներով շրջանառվող ապատեղեկատվության հետքերով՝ երեխաներն իրականացնում եմ փոքրիկ հետաքննություն և փորձում պարզել իրողությունը։ Սցենարային և խաղարկայնացված դատն օգնում է լսել բոլոր կողմերին, դիտարկել փաստերը, համադրել ու կայացնել վճիռ։  

«Գողացված արևը» հեքիաթի բեմադրությունից։ Լուսանկարը՝ ՀԼԱ-ի

Հանրային լրագրության ակումբ» ՀԿ ղեկավար Սեդա Մուրադյանն ասում է, որ պարբերաբար փնտրում էին այս բարդ հարցերի շուրջ երեխաների հետ պարզ բառամթերքով զրուցելու արտահայտչամիջոցներ ու ընտրեցին հեքիաթը, որը մանուկների հետ շփման լավագույն միջոցն է։  

«Սա շատ շատերին ծանոթ հեքիաթ է։ Մենք վերցրինք ընդհանուր գիծը ու պատմությունը հարմարեցրինք մեր ժամանակներին, թվային տեխնոլոգիաներ ավելացրինք՝ հեռուստացույց, նոր հերոսներ՝ լրագրող, թղթակից, ու երեխաներին պատմեցինք, թե ինչպես է լուրը փոխանցվում մեկից մյուսին ու փոփոխության ենթարկվում այդ ընթացքում։ Քանի որ ներկայացումը ինտերակտիվ է, իրենք մասնակցում են, հեշտ ընկալելի է դառնում թեման»,- նշում է Սեդա Մուրադյանը։ 

Ըստ նրա՝ կարևոր է վաղ տարիքից երեխաների մեջ զարգացնել վերլուծական, քննադատողական մտածողությունը, հարցեր տալու կարողությունը, որպեսզի կարողանան կողմնորոշվել թվային միջավայրերի հետ։ 

«Հեքիաթերեն» ինտերակտիվ տիկնիկային թատրոնի հիմնադիրներից Անի Ամսեյանը ևս կարծում է, որ շատ կարևոր է, որ երեխաները վաղ տարիքից հասկանան, թե ինչպես է տեղեկությունը դառնում ապատեղեկատվություն ու ձնագնդի էֆեկտով տարածվում հանրության մեջ։ 

«Երեխաները ներկայացման ժամանակ մեկնաբանություններ են անում, վերլուծում են, հարցեր են տալիս ու հենց իրենք են գալիս այն եզրահանգման, որ հեշտ է մանիպուլացվելը, հեշտ է դառնալ այդ մեխանիզմի գործիքը։ Կարևոր է, որ ուսուցիչները, մանկավարժները ևս հետաքրքրվում են թեմայով։ Երբ իրենց հետ խոսում էինք, ասում էին, որ փորձում են այս թեմաներով զրուցել երեխաների հետ, բայց չգիտեն՝ ինչպես։ Եվ սա իրենց համար օրինակ է, թե ինչպես կարելի է դա անել։ Մենք գործիք ենք փոխանցում նրանց, թե ինչ բառերով խոսել երեխաների հետ ու որ դիտանկյունից նայել հարցին»,- մանրամասնում է Անի Ամսեյանը։  

Կազմակերպիչները հույս են հայտնում, որ առաջիկայում կբեմադրեն նոր ներկայացումներ։  

Տիգրանուհի Մարտիրոսյան  


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *