2022.10.20,

Նյուսրում

Մարզային մեդիայի ֆինանսական հոսքերն ավելի ճկուն են

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Մարզային հեռուսաընկերությունների համար կայուն ֆինանսավորում ունենալն ավելի բարդ է, որովհետև սահմանափակված են ոչ միայն թեմաների, այլև տարածքի աշխարհագրությամբ։ Հովանավորներն ու գովազդը ևս ավելի քիչ են, քան մայրաքաղաքային մեդիայի դեպքում։ 

Շատ մարզային հեռուստաընկերություններ զրկվեցին թվային հեռարձակումից և ստիպված եղան համագործակցել տարբեր կաբելային ցանցերի հետ։ Նաև դադարեցին լինել մարզային թղթակցական կետեր՝ Երևանում աշխատող հեռուսաընկերությունների ֆինանսական խնդիրների և քաղաքական դիրքորոշումների պատճառով։ 

Համավարակի, 44-օրյա պատերազմի, ռազմական իրավիճակով պայմանավորված անորոշության պայմաններում նրանք շարունակում են գումար որոնել: Եվ գտնում են։ Ի տարբերություն հանրապետական և մայրաքաղաքային սփռման հեռուստաընկերությունների, մարզայիններն ավելի ճկուն են և գումար ներգրավելու տարբեր ճանապարհներ են ընտրում։ 

Գովազդային հոսքեր 

Մարզային հեռուստաընկերությունները գովազդատուների համար  հետաքրքիր են միայն այն դեպքերում, երբ գովազդատուի ծառայությունը կենտրոնացած է տվյալ մարզում կամ առաջարկում են ապրանք, որը  սպառելու են կոնկրետ այդ համայնքների բնակիչները։ 

Գյումրու «Ցայգ» հեռուստաընկերության գովազդային բյուջեն մեծապես տուժել է եթերում շահումով խաղերի գովազդի սահմանափակման հետևանքով։ Օրենքով շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, խաղատան, տոտալիզատորի, դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդ արգելված է մեդիայում։ 

Մրցութային հանձնաժողովին՝ ՀՌՀ-ին, ներկայացրած ծրագրի մեջ հեռուստաընկերությունը բյուջեն պլանավորել է մի քանի տարվա համար՝ տարբեր կանխատեսումներով, բայց խաղային ոլորտի գովազդի կամ օրենսդրական այլ փոփոխություններ դարձան լուրջ ֆինանսական հարված հեռուստաընկերության համար։   

Մարզային հեռուսաընկերություններից շատերը թեմատիկ բովանդակություն են ստեղծում, որ կարողանան գովազդ ներգրավել։ Օրինակ, Արմավիրի «ԱԼՏ» հեռուստաընկերությունը մասնագիտացել է գյուղատնտեսական, բնապահպանական, մարզային խնդիրների լուսաբանման և հետաքննությունների ոլորտում, Վանաձորի «Լոռի» հեռուստաընկերությունն էլ փորձում է գովազդատուներ գտնել մարզից դուրս՝ առողջապահական, միգրացիոն թեմաներով։ 

Գրեթե գովազդ չունի Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունը, այն իրենց ֆինանսների երևի 1%-ն է ապահովում գովազդով, հիմնականում մատուցում է վճարովի ծառայություններ, պատրաստում ֆիլմեր և տեսանյութեր համայնքապետարանի, մասնավոր անձանց պատվերով, ինչպես նաև վարձակալության են տալիս սարքավորումներ։ 

Վարձակալություն և կոմերցիոն պատվերներ 

Բացի «Անկյուն+3»-ից վարձակալությամբ և կոմերցիոն պատվերներով  զբաղվում են շատ մարզային հեռուստաընկերություններ՝ հատկապես ճգնաժամային իրավիճակներում։ 

«ԱԼՏ» հեռուստաընկերության ֆինանսական խնդիրները սկսվել են դեռևս 2016-ից, երբ Հայաստանը 100 տոկոսով անցավ թվային հեռարձակման։ «ԱԼՏ»-ն իր մեդիա արտադրանքը շարունակեց տարածել կաբելային հեռուստատեսության օպերատորների միջոցով։ Սկզբնական շրջանում ֆինանսական խնդիրները լուծելու նպատակով վարձակալության հանձնեցին հեռուստաաշտարակի սեփական տարածքները։ 

Հեռուստաընկերության ֆինանսական մուտքերը դժվար է կանխատեսել։ Իրենց համար շատ կարևոր է վարձակալության միջոցով ստացվող կայուն եկամուտները, ինչի շնորհիվ հնարավոր է հոգալ հեռուստաընկերության գոնե նվազագույն ծախսերը։   

Առաջիկայում փորձելու են թվայնացնել հեռուստաընկերության արխիվային նյութերը և վճարովի հիմունքներով ներբեռնելու հնարավորությամբ տրամադրել օգտատերերին։  

Բոլոր հեռուստաընկերությունները, այդ թվում նաև «Ցայգը», եթեր են հեռարձակում վճարովի հայտարարություններ, պատրաստում գովազդային հաղորդումներ և տեսանյութեր։ 

Ֆինանսապես ամենաապահով շրջանը մարզային հեռուստաընկերությունների համար նախընտրականն է։  

2020-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ նրանցից ամենաշատ գումարը քարոզարշավին աշխատել են «Ֆորտունան» և «Ցայգը»՝ մոտ 27 մլն դրամ։  

Վերջինս գումար է աշխատում ինչպես եթերաժամանակի վաճառքից, այնպես էլ նախընտրական շրջանում կողմերին հավասարապես եթերի հնարավորություն տալու համար դրամաշնորհային ծրագիր մշակելով։ Հաղորդումներում մասնակիցներին ներառում է անվճար սկզբունքով, իսկ նրանց ուղերձները, տեսանյութերը, քարոզչական և տեղեկատվական այլ նյութերը տեղադրում է վճարովի հիմունքներով։ 

Դրամաշնորհներ 

Դրամաշնորհային ծրագրեր ունեն մարզային շատ հեռուստաընկերություններ։ Օրինակ, «Ցայգի» դեպքում դա հիմնական ֆինանսավորումն է, եթերից զրկվելուց հետո «ԱԼՏ»-ը ևս կարողացել է մի շարք դրամաշնորհային ծրագրեր իրականացնել։ 

«Լոռի» հեռուստաընկերությունն, օրինակ, աշխատում է Եվրամիության և ԱՄՆ դեսպանատան տարբեր ծրագրերի շրջանակներում, հիմնական ուղղվածությունը համայնքային կյանքի լուսաբանումն է՝ գրագետ ու խելացի գյուղատնտեսության ներկայացումը։ Իրենց հարթակներում պատմում են հաջողության պատմություններ այն մարդկանց մասին, որոնք ապրում են գյուղում, ստեղծում են բարիք ու ոգևորում մնացածներին։ 

Մարզային հեռուստաընկերությունների դրամաշնորհային ծրագրերը հիմնականում թեմատիկ են։ 

Կաբելային ցանցեր և ինտերնետային հարթակներ 

Կաբելային ցանցերը լավ հնարավորություն են համայնքային հեռուստաընկերությունների համար իրենց արտադրանքը և՛ լսարանին հասցնելու, և՛ հասույթ ստանալու տեսանկյունից։ 

Օրինակ, «Լոռի» հեռուստաընկերությունն այժմ եթեր ունի Յուքոմի և Թիմի եթերային ցանցում, համագործակցում է տեղական մի քանի կաբելային ծառայությունների հետ։ 

«Անկյուն+3»-ը ևս եթեր է ապահովում կաբելային ցանցի համար, համագործակցում է մարզային «Ֆորտունա» հեռուստաընկերության հետ։

Մայրաքաղաքային և հանրապետական սփռում ունեցող հեռուստաընկերությունների հետ աշխատելու մեծ փորձառություն ունի «Ցայգ»-ը, երկար տարիներ եղել է թղթակցային կետ, հիմա այդ կապն ընդհատվել է, քանի որ համագործակցության բնույթն ավելի շատ քաղաքական ենթատեքստ ունի։  

Հեռուստաընկերությունը որոշակի հասույթ է ստանում նաև համացանցային ռեսուրսներից` Յություբից, Գուգլից։ Մնացած հեռուստաընկերությունները ևս աշխատում են ընդարձակել առցանց լսարանը։ 

Օրինակ, «Անկյուն+3»-ը երկու տարի առաջ ուներ 5600 դիտում, հիմա արդեն հասել է 20 հազարի։ «ԱԼՏ»-ը հեռուստաընկերությունը 2018-2019-ին ուներ 2500 ընթերցող, հիմա ընդհանուր դիտումները հասնում են մինչև 200-250 հազարի։ 

Բոլորը միակարծիք են, որ համացանցային մոնետիզացիան կարող է ոչ ամբողջական, բայց կայուն ֆինանսներ ապահովել։ 

Գայանե Ասրյան 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *