2022.06.10,

Նյուսրում

Թվային եթերից զրկված մարզային հեռուստաընկերությունների բան ու գործը

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Հայաստանի յուրաքանչյուր մարզում կա հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող մեկ հեռուստաընկերություն, մնացածները լսարանին են հասնում իրենց կայքերի, սոցցանցային էջերի, յություբյան ալիքների, կաբելային ցանցերի միջոցով։

Մարզային հեռուստաընկերություններն ավելի շատ լոկալ թեմաներ են լուսաբանում, սակայն քանի որ դիտողներ ունեն նաև համայնքից ու մարզից դուրս, աշխատում են բովանդակությունը դարձնել ավելի բազմազան։

Media.am-ը խոսել է նրանցից երեքի հետ՝ հասկանալու ինչ բովանդակություն են ստեղծում և, ամենակարևորն, ինչպես են հասցնում այն իրենց լսարանին։

Անժելա Ստեփանյան, Արտ հեռուստաընկերության խմբագիր

Մենք զրկվել ենք թվային հեռարձակումից, սակայն ոչ մի պահ չենք դադարեցրել մեր գործունեությունը։ Փոխարենը ակտիվ ենք օնլայն տիրույթում, ուժեղացրել ենք կայքը, լրատվական բլոկին համապատասխան ռեպորտաժներ ենք պատրաստում, հոդվածներ գրում։ Ունենք նաև կաբելային հեռաձակում։

Աշխատում ենք լավ տեխնիկայով, ֆինանսական հարցերն էլ հոգում ենք դրամաշնորհներով և գովազդներով։ Հիմնական աշխատակազմում յոթ աշխատակիցներ են, դրամաշնորհային մեծ ծրագրերի դեպքում ներգրավում ենք պայմանագրային թղթակիցների։ 

Հեռուստաընկերության կայքէջը

Թեմատիկ սահմանափակվածություն չունենք, սակայն գյուղատնտեսությունը, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը և նրանց կողմից տնօրինվող բյուջեի ծախսերը մեր նյութերում մեծ տեղ ունեն։

Վերջին շրջանում ավելի շատ հետաքննություններ  ենք անում մուլտիմեդիա և լոնգրիդ (Long Read) ձևաչափերով։ Մենք առաջիններից էինք, որ սկսեցինք այս ֆորմատով աշխատել։ Օրինակ, արտեզյան ջրային պաշարների մասին մեծ հետաքննություն ենք անում, որը շատ լուրջ և խորքային խնդիրներ է վեր բարձրացնում։ 

Թեման դժվարամարս է, երկար և կարող է քիչ հետաքրքիր լինել երևանաբնակ մարդու համար։ Հետևաբար մշակում ենք բովանդակությունն այնպես, որ հետաքրքիր լինի և՛ մեր համայքնից դուրս ապրողների, և՛ համայնքի բնակիչների, և՛ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների համար։

Թեման փոքր մասերի ենք բաժանում՝ առանձին տեսանյութերով և անոնսներով, ու դրանք հարմարեցնում տարբեր լսարանների։ Մշտական ընթերցողներին պահելու և նորերին գրավելու  տարբեր մոտեցումներ ունենք, տարբեր են նաև նրանց հետ աշխատելու սոցցանցային հարթակները։

Շոշափելի արդյունքներ ունենք, եթե 2018-2019թթ-ին ունեինք 2500 ընթերցող, հիմա ընդհանուր դիմումները հասնում են մինչև 200-250 հազարի։ Նորագույն վերլուծական գործիքներն օգնում են հասկանալ ոչ միայն դիմումների քանակը, այլ նաև ավելի խորքային տվյալներ ստանալ, օրինակ թե ինչքան ժամանակ են տրամադրել կոնկրետ նյութի դիտմանը կամ թե ինչ գործիքով են մուտք գործել կայք և այլն։

Նարինե Ավետիսյան, «Լոռի» հեռուստաընկերության տնօրեն, գլխավոր խմբագիր

Թվային հեռարձակումից մենք զրկվեցինք ապօրինաբար, դա դանդաղեցրեց մեր զարգացումը, բայց նաև բացեց նոր հնարավորություններ։ Այսօր շարունակում ենք աշխատել, ստեղծել բովանդակություն և տարածել դա կաբելային ալիքներով՝ Վանաձորում և  հարակից համայնքներում։

Այժմ եթեր ունենք Յուքոմի և տեղական մի քանի կաբելային ցանցերում, պատրաստվում ենք աշխատել Թիմի եթերային ցանցում։

Հեռուստաընկերության կայքէջն է

Եթե անկեղծ, շատ բան չենք կորցրել թվային հեռարձակումից զրկվելով, որովհետև  վերջերս հարցմամբ պարզեցինք, որ Վանաձորում թվային հեռուստաընկերությունների դիտելիությունը նվազել է, որովհետև մարդկանց չի բավարարում 7 ալիքը։ Այսօր քաղաքում հնարավոր է 2000 դրամ ամսական վճարի դիմաց օգտվել 70 ալիքից։

Վանաձորից դուրս մեզ հետևում են կայքի և սոցիալական ցանցերի միջոցով։ Սկսել ենք նաև գովազդ ներգրավել մարզից դուրս՝ առողջապահական, միգրացիոն թեմաներով։

Մեր համբերությունը, լրագրողական կազմակերպությունների աջակցությունը և միջազգային կազմակերպությունների ֆինանսավորումը օգնեցին հաղթահարել դժվար ժամանակները։ Հիմա մտածում ենք միայն առաջընթացի մասին։ Նպատակ ունենք ոչ թե ուղիղ ֆինանսավորում ստանալ, այլ ծախսերը կրճատել, օրինակ պատրաստվում ենք արևային պանելներ տեղադրել, դրանով փակել էլեկտրաէներգիայի ծախսերը, ավելցուկն էլ վաճառել։

Աշխատում ենք Եվրամիության և ԱՄՆ դեպանատան տարբեր ծրագրերի շրջանակներում, հիմնական ուղղվածությունը համայնքային կյանքի լուսաբանումն է՝ գրագետ ու խելացի գյուղատնտեսության ներկայացումը։ Մեր հարթակներում պատմում ենք հաջողության պատմություններ այն մարդկանց մասին, որոնք ապրում են գյուղում,  ստեղծում են բարիք ու ոգևորում մնացածներին։

Մեր այս հրապարակումներով նաև ուզում ենք կանխել գյուղական համայնքների միգրացիան դեպի Վանաձոր, Երևան և այլուր։

Հրաչյա Պապինյան, Անկյուն+3-ի տնօրեն, գլխավոր խմբագիր

Պատերազմից հետո խնդիրներ ունեինք, մի քանի ամիս դադարել էինք աշխատել։ Սեփականատերերի փոփոխություն եղավ, որոշակի ներդրումներից հետո կարողացանք շարունակել հեռարձակումը։

Գովազդ գրեթե չունենք, այն մեր ֆինանսների երևի 1%-ն է ապահովում, հիմնականում վճարովի ծառայություններ ենք մատուցում, ֆիլմեր և տեսանյութեր ենք պատրաստում համայքապետարանի, մասնավոր անձանց պատվերով, ինչպես նաև վարձակալության ենք տալիս սարքավորումներ։

Հեռուստաընկերության տաղավարն է

Եթերում ունենք լուրեր և թոք-շոուներ։ Անցած շաբաթ  ստացել ենք նորագույն սարքավորումներ, ինչը հնարավորություն կտա կաբելային ցանցի համար թվային եթեր ապահովել։ Պատրաստվում ենք համագործակցել մարզային Ֆորտունա հեռուստաընկերության հետ։

Հիմնական գործունեությունն առցանց հարթակում է,  ռեպորտաժները տեղադրվում են կայքում, Յություբում, սոցիալական ցանցերի մեր էջերում։ Հեռուստաընկերության ստեղծած բովանդակության հանդեպ հետաքրքրությունն օրեցօր մեծանում է, եթե երկու տարի առաջ 5600 դիմում ունեինք, հիմա արդեն հասել ենք 20 հազարի։

Հունիսի վերջում կապահովենք 24 ժամյա եթեր։ Այս պահին ունենք 15 աշխատող, աշխատավարձերը մարզի համար բավականին մրցունակ են՝ 200-250 հազար դրամ։

Թեմատիկ ուղղվածություն չունենք, գերակշռում են սոցիալական բնույթի ռեպորտաժները։ Քաղաքական սրացումների ժամանակ փորձում ենք այս թեման ևս ուշադրության կենտրոնում պահել։

Նկարահանումներ ենք իրականացնում տարածաշրջանի շատ բնակավայրերում՝ Ստեփանավանում, Թումանյանում, Ախթալայում և այլուր։ Մեր հիմնական խնդիրը փոխադրման հետ է կապված, դժվար է շատ համայնքներում լինել և Լոռու մարզի դուրս նկարահանումներ անել, քանի որ տաքսիներից ենք օգտվում։  Եթե կարողանանք մեքենա ձեռք բերել, աշխատանքի աշխարհագրությունը կմեծացնենք։

Նաև ռադիո ունենք, մեր ձայնը լսելի ենք դարձնում Միգ ռադիոկայանի եթերում։ Ըստ պայմանավորվածության, այժմ լրատվական ֆորմատով օրական երեք ժամ եթեր ենք ապահովում։ Վարորդներից ստանում ենք դրական արձագանքներ, ինչը ոգևորում է մեզ և պարտավորեցնում հետագայում դիմել մարզային ռադիոհաճախականության մրցույթին։

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *