2022.05.18,

Նյուսրում

Լրագրողի անվտանգությունը հանուն լավ կադրի ու լավ պատմության

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Լրագրողի համար լավ պատմությունը՝ տպավորիչ ու օրիգինալ կադրերով, կարևոր ու կենսական պահանջ է։ Ստեղծագործական կիրքը կարող է երբեմն արկածախնդրության տանել։ 

Իհարկե, լրագրողի աշխատանքն ունի բազմաթիվ ռիսկեր։ Ու թեև ընդունված է լրագրողների անվտանգության մասին ավելի շատ խոսել պատերազմների, բողոքի ակցիաների, համավարակների լուսաբանման ժամանակ, սակայն ոչ պակաս կարևոր են բնական վտանգները։ Այսինքն, ոչ միայն ճշգնաժամային պահերին, այլև առօրյայում։

Լրագրությունը գրասենյակային աշխատանք չէ, քանի դեռ իրադարձությունների կենտրոնում ես և մարդկանց հետ շփումների մեջ։ 

Այս ամիս Դեբեդ գետում նկարահանումների ժամանակ մահացավ հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանը։ 

Այս միջադեպը ստիպում է կանգ առնել, մտածել ու հիշել ֆիզիկական անվտանգության, պատրաստվածության, մասնագիտական կոլեկտիվ որոշումների մասին։

Լրագրողները զոհվում են պատերազմների, զինված բախումների ժամանակ, սակայն 2005 թվականից մինչև 2016 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում 40 լրագրող ամբողջ աշխարհում մահացել է բնական աղետների պատճառով։ Այդ թիվն ավելի մեծ է, քան Աֆղանստանում ԱՄՆ-ի պատերազմը լուսաբանող լրագրողների մահերի քանակը:

Բարձր վտանգավորություն ունեն հատկապես բնական աղետների, քիմիական և կենսաբանական նյութերով աշխատող գործարանների ու արտադրությունների, շրջակա միջավայրի խնդիրների լուսաբանումը (բնապահպանություն, գյուղատնտեսություն, տուրիզմ և այլն)։

Այս վայրերում աշխատանքը լրագրողների համար ասուլիսի լուսաբանում կամ տաղավարային հարցազրույց չեն, այստեղ սովորաբար աշխատում են  վերապատրաստված, նման դեպքերի փորձառությամբ մասնագետները՝ այդ ոլորտներում հմտացած լրագրող, օպերատոր, օգնական, պրոդյուսեր, վարորդ և այլն։

Լրագրողներին ֆիզիկապես վնասելու ամենատարածված ձևը բռնություն է ոչ միայն ուժային կառույցների, պաշտոնյաների, գործարարների, այլև հենց նյութի հերոսների կողմից։ Պատմության ցանկացած հերոս կարող է որևէ փուլում իրեն չհասկացված զգալ, չարանալ խոսելիս, միտումնավոր կամ ոչ միտումնավոր վնասելու ցանկության ունենալ։ 

Նկարահանող խմբի ցանցկացած անդամ (վարորդը ներառյալ) պետք է հասկանան թեմայի նրբությունները, մարդկանց հետ հարաբերվելու ձևերը, միշտ աչքի առաջ ունենան վատ սցենարները։

Վտանգավոր տարածքներում լրագրողների ու նկարահանման խմբերի աշխատանքը հեշտացնելու, ռիսկերը շրջանցելու համար առանձնացրել ենք որոշ կարևոր խորհուրդներ և դրանք խմբավորել ենթավերնագրերում։

Լրագրողն ու խմբագրությունը

Կարևոր է, որ լրագրողն ու խմբագրությունը երկար քննարկումներ ունենան նախքան նկարահանումներ սկսելը, մանրամասն պատկերացնեն խնդիրները, դրանք լուծելու պլան մշակեն, անհրաժեշտության դեպքում այլ մասնագետների դիմեն։ 

Թե՛ լրագրողի, թե՛ խմբագրության համար պետք է պարզ լինի, թե կոնկրետ ինչ վտանգներ կան այն տարածքում, որտեղ նկարահանումներ են իրականացնելու։ Այդ մարտահրավերներին կարևոր է պատրաստ լինել ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես։ Եթե լրագրողը կամ նկարահանող խմբի այլ անդամ ամբողջապես պատրաստ չէ այդ աշխատանքին, նրան պետք է փոխարինել այլ աշխատակցով։ Կամ էլ վերանայել տարածքի ընտրության հարցը և այլ տարբերակներ քննարկել։

Խմբագրությունը պատասխանատու է, թե ում և երբ է ուղարկում դեպքի վայր՝ հաշվի առնելով վայրի վտանգները և փորձելով ապահովել անվտանգության անհրաժեշտ միջոցներով ու տեղեկությամբ և այլն։

Սա նշանակում է, որ լրագրողները պետք է իրազեկված լինեն տեղանքի նրբությունների մասին (վարորդը հատկապես)։ Նման դեպքերում լրագրողական խմբերը համագործակցում են ֆիքսերների հետ։ Նրանք ուղեկցում են լրագրողներին տարածքում՝ տրամադրելով տեղեկություններ ֆիզիկական տարածքի, տեղի ունեցած կամ ունեցող իրադարձության մասին (պատերազմ, բողոքի ակցիաներ, բնական աղետներ և այլն)։ Հաճախ նաև ապահովում են թարգմանություն։

Ֆիքսերներն օգնում են լրագրողներին եթե ոչ լիովին խուսափել վտանգներից, ապա գոնե նվազեցնել դրանք, վնասվելու դեպքում ճիշտ կողմնորոշվել ու կառավարել իրավիճակը։

Նախքան դեպքի վայր մեկնելը կարևոր է ունենալ այս հարցերի պատասխանները

Տարիների փորձ և ֆիզիկապես լավ վիճակում գտնվող լրագրողին անգամ նոր առաջադրանքը կարող է շփոթեցնել ու հարցեր առաջացնել։ Առանց այդ հարցերի պատասխաններն ունենալու ճանապարհ ընկնել հաստատ չարժե։ Հիմնական հարցերը կարող են ունենալ հետևյալ տեսքը

  • Արդյո՞ք ես ունեմ բավարար գիտելիքներ տեղանքի կամ բնակչության մասին, օրինակ, տեղյա՞կ եմ, թե ինչպես են նրանք վարվում կանանց, տարբեր սոցիալական կամ էթնիկ խմբերի նկատմամբ և այլն։
  • Տեղանքում աշխատելիս ի՞նչ խնդիրներ կարող եմ ունենալ (հոգեբանական, եղանակային, տեխնիկայի, գիշերակացի, կապի և այլն) և որքանո՞վ եմ պատրաստ դրանց:
  • Արդյո՞ք մշակել եմ իմ լրատվամիջոցի (տնօրենի, խմբագրի, կոորդինատորի) և ընտանիքի հետ կապի մեջ մնալու ձևերը (հեռախոսազանգեր, նամակագրություն, տեսակապ և այլն):
  • Կարևոր է ճանաչել սեփական թերությունները, սթափ գիտակցել պատրաստվածության աստիճանը, մոտիվացիան։ Հետո հարցնել ինքդ քեզ՝ իսկապե՞ս ուզում եմ գնալ, ֆիզիկապես ու հոգեբանորեն պատրա՞ստ եմ այդ հանձնարարությանը:
  • Եթե առաջադրանքը դժվար է թվում, և իսկապես չեք ցանկանում գնալ, խոսեք ձեր ղեկավարի կամ ընտանիքի անդամի հետ: Գուցե հետաձգեք կամ խնդրեք ձեզ փոխարինել։
  • Լսեք ձեր բնազդներին, որոնց դեմ գնալը երբեմն վատ հետևանքներ է թողնում:

Իմացեք որքան հնարավոր է շատ տվյալ աղետի տեսակի մասին (փոթորիկ, երկրաշարժ, ցունամի, քիմիական արտահոսք և այլն), որը պատրաստվում եք լուսաբանել:

Կարող են լինել վտանգներ, որոնք կանխատեսելի չեն, այլ հիմնականում կախված են առողջության, կլիմայի, ենթակառուցվածքների, զինված բախումների, առևանգման վտանգի, ահաբեկչության և այլնի հետ:

Ընդհանրապես ճանապարհորդող լրագրողները պետք է ամուր առողջություն ունենան, պատրաստ թռիչքների, մեքենայով հարյուրավոր կիլոմետրեր անցնելու, նավարկելու, քայլելու, մագլցելու։ Նրանց գործը մեծապես կախված է լավ պլանավորման հետ: 

Նախքան ճանապարհ ընկնելը երկրի տարածքում կամ դրանից դուրս կարևոր է

  • Այցելել բժշկի առողջության ամբողջական ստուգման համար: Տեղեկացրել բժշկին, թե նախկինում ինչ առողջական խնդիրներ եք ունեցել և ինչ դեղորայք եք ընդունում: Հնարավոր է նոր նշանակումներ արվեն։
  • Այցելել ատամնաբույժի։ Լավ գաղափար է խուսափել ատամի ցավից, երբ գտնվում եք պատերազմական կամ աղետի գոտում: 
  • Տեղյակ եղեք ձեր արյան խմբի և ցանկացած ալերգիայի մասին: Նշեք դրանք ձեր անձը հաստատող որևէ փաստաթղթում։
  • Թարմացրեք պատվաստումները և նշեք դրանք ձեր միջազգային պատվաստման քարտում: 
  • Որոշ պատվաստումներ պետք է իրականացվեն մեկնելուց երեք շաբաթ առաջ։
  • Կարևոր է տիրապետել առաջին օգնության կանոններին, օրինակ, իմանալ ինչպես վարվել ստորին վերջույթի ծանր արյունահոսության կամ կրծքավանդակի բաց վերքի հետ և այլն։
  • Թողեք հնարավորինս «մաքուր» թվային ինքնություն՝ սոցցանցերում, ինչպես նաև ձեր նոութբուքի և սմարթֆոնի վրա: Ցանցային հաշիվներից դուրս եկեք, անձնական բնույթի նամակագրությունները, խոսակցությունները, լուսանկարները փակ պահեք՝ ծածկագրերով, կամ ունեցեք այլ կրիչների վրա։
  • Ձեզ հետ ընտանեկան լուսանկարներ մի վերցրեք:
  • Տեղադրեք թվային անվտանգության գործիքներ և սովորեք դրանք օգտագործել։

Հատկապես բարդ առաջադրանքների ժամանակ կարևոր են գրավոր պայմանավորվածությունները խմբագրության հետ՝ առողջապահական ապահովագրության, անվտանգության պահպանության և դրանք ապահովող գործիքների համար։

Թվում է շատ տարօրինակ կետ է, բայց կարևոր է լրագրողները նախքան նկարահանման մեկնելը փորձեն հարթել ցանկացած վեճ ընտանիքի կամ ընկերների հետ, որ չլուծված վեճերը չազդեն տրամադրության կամ կենտրոնացման վրա:

Լրագրողի ուսապարկը խոսում է իր պատրաստվածության մասին

Լրագրողները պրակտիկ մարդիկ են, ուսապարկով գնում են գրասենյակ, պաշտոնական հարցազրույցների և իհարկե, ճանապարհորդում են։

Կախված նրանից, թե ուր է գնում լրագրողը, քանի հոգով, ինչ մարդիկ ու կադրեր գտնելու, իր ուսապարկում պետք է ունենա անհրաժեշտ որոշ իրեր։

  • Ուսապարկը պետք է լինի անջրանցիկ
  • Բջջային հեռախոս՝ լիցքավորիչներով
  • Մի քանի SIM քարտ տարբեր պրովայդերներից 
  • Առաջին օգնության տուփ՝ համապաստախան պարագաներով
  • Լապտեր
  • Հավելյալ տաք հագուստ, 
  • Ջուր,
  • Կողմնացույց
  • Ծալովի դանակ և սնունդ (էներգետիկ սալիկներ, չորացրած սնունդ և սառեցված չորացրած սնունդ)
  • Եվ այլ անհրաժեշտ իրեր

Մեկնելուց առաջ անպայման կարիք կա ստուգելու եղանակային պայմանները։ Ընտրեք համապատասխան պաշտպանիչ հագուստ և հանդերձանք։ Համոզվեք, որ դուք և ձեր անձնակազմը համապատասխան պատրաստվածություն ունեք այդ պայմաններում ապրելու և աշխատելու համար:

Զգուշավորության համար

  • Ծառերի տակ կամ մոտ մի կանգնեք կամ պատսպարվեք՝ կայծակի հարվածի, ընկնող ծառերի և ճյուղերի հարվածների վտանգի պատճառով:
  • Մի մոտեցեք և մի աշխատեք որևէ վայրում, որտեղ էլեկտրական մալուխները իջել են ներքև։
  • Մի ծխեք, եթե վնասված գազատարներ կան:
  • Ուրիշին մի թողեք ձեր մեքենան մտնի: Մի դիպչեք կենդանիներին, նույնիսկ ընտանի կենդանիներին: Մի վերցրեք որևէ բան, օրինակ՝ գրիչ կամ բջջային հեռախոս և մաքուր պահեք ձեր սեփական սարքավորումները:
  • Խուսափեք գերբնակեցված վայրերից և գիշերը դուրս մի՛ եկեք (որոշ վայրերում պարետային ժամ կարող է գործել) և նախընտրեք հյուրանոցի ռեստորանը մարդաշատ վայրերից:

Սոցիալական և շրջակա միջավայրի խնդիրներով մասնագիտացած լրագրողներն ավելի ռիսկային և սթրեսային իրավիճակներում կարող են հայտնվել քան այլ որոլտների լրագրողները, որովհետև նրանք մարդկանց տեղեկացնելու ավելի մեծ առաքելություն և պատասխանատվություն են զգում:

«Ընդհանուր առմամբ, լրագրողները բավականին դիմացկուն ցեղ են», – ասում է Կոլումբիայի համալսարանի լրագրության և տրավմաների Dart կենտրոնի գործադիր տնօրեն Բրյուս Շապիրոն:

Նյութի պատրաստման համար օգտագործված աղբյուրները․

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *