2022.04.26,

Նյուսրում

Հանրայինի լրատվականը երկու օր անց է անդրադարձել ջահերով երթին

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը՝ «Լուրեր» գլխավոր թողարկման ընթացքում չի լուսաբանել Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեի երեկոյան ավանդաբար անցկացվող ջահերով երթը։

Ապրիլի 23-ին անցկացվող երթն ամենամյա արարողություն է, որը կազմակերպում է Հայ Յեղափոխական Դաշնակցության երիտասարդական միությունը՝ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության հետ։

Սակայն կարևորը դա չէ, երթը արդեն վաղուց չի նույնացվում Դաշնակցության հետ, այլ ձեռք է բերել զանգվածային հանրային միջոցառման բնույթ։

Այս տարի այն տեղի ունեցավ շաբաթ օրը։ Հանրայինի «Լուրերի» խմբագիր Լուսինե Բարսեղյանը Media.am-ին ասել է, որ խնդիր են ունեցել և միջոցառումը լուսաբանել են ապրիլի 25-ին։

Հեռուստաընկերության գրավոր պարզաբանման մեջ նշվում է, որ երթին անդրադարձ չի եղել մարդկային ռեսուրսի սակավության պատճառով։

«Առաջինի լրատվական կայքում լուսաբանման ենթակա իրադարձությունները պլանավորվում են ըստ նկարահանող խմբերի ծանրաբեռնվածության։ Երթին անդրադարձ չի եղել մարդկային ռեսուրսների սակավության պատճառով, քանի որ հանգստյան օրը (ապրիլի 23) լրատվական ծառայությունն աշխատում է մասնակի ծանրաբեռնվածության։ Այնուամենայնիվ, ապրիլի 25-ին Լուրերի թողարկումների ընթացքում անդրադարձ է եղել երթին համապատասխան ռեպորատաժով»,-ասում են Հանրային հեռուստաընկերությունից։

Ռեպորտաժը եթեր է հեռարձակվել լուրերի ոչ հիմնական թողարկմանը (22:25 րոպեից կարող եք դիտել )։ Ջահերով երթը ներկայացվել է նախօրեին անցկացվող ոգեկոչման միջոցառումների շարքում։ Մասնավորապես, որ անցկացվել է ջահերով երթ, մասնակիցները այրել են Թուքիայի և Ադրբեջանի դրոշները, Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում հնչել է Մոցարտի «Ռեքվիեմը» Ֆիլարմոնիկ նվագախմբի և Ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ և այլն։ Ռեպորտաժում երթի մասին խոսվում է մոտ 7 վայրկյան։

Հեռուստաընկերությունը չի նշել, որ նախկին տարիների համեմատ այն ավելի մարդաշատ էր, մասնակցել են նաև Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Բուն երթից գրեթե կադրեր չկան, ուղիղ խոսք օգտագործված չէ։

Անցած տարիներին, որպես կանոն, Հանրային հեռուստաընկերությունը երթը միշտ լուսաբանել է առանձին ռեպորտաժով։

Իսկ 2022թ-ին որոշել են, որ դա անելու կարիք չկա, քանի որ հանգստյան օրերին մարդկային ու տեխնիկական ռեսուրսը մասնակի են ներգրավվում լուրերի ստեղծմանը։

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *