2021.01.26,

Նյուսրում

ԽԱՊԿ-ը եզրակացնում է՝ 2020-ը մեդիայի համար բարվոք չէր

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է տարեկան զեկույց, որտեղ ամփոփոված է 2020 թվականը՝ խոսքի ազատության, լրատվամիջոցների, լրագրողների իրավունքների խախտումների տեսակետից։

Զեկույցում ասվում է, որ անցյալ տարին հայաստանյան լրատվամիջոցների ու լրագրողների համար լարված ու բարդ ժամանակաշրջանն էր։ Տարվա սկզբում կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ականատես եղանք խոսքի ազատության «անհիմն սահմանափակումների» (ըստ ԽԱՊԿ-ի ձևակերպման), իսկ հետո արցախյան երկրորդ պատերազմն էր, որը բերեց լուսաբանման դժվարություններ։

Արտակարգ, այնուհետև ռազմական դրությունը պարտադրեց, որ լրատվամիջոցներում ու սոցցանցերում հրապարակվեն միայն պաշտոնական տեղեկություններ։

«Ընդ որում՝ մտահոգիչ էր, որ այդ որոշումների իրականացումը վերահսկում էին ուժային կառույցները, որոնք կոշտ միջամտություն էին ցուցաբերում լրատվամիջոցների գործունեությանը` հաճախ սուբյեկտիվ ու կամայական մոտեցումներով»,- հայտարարել է ԽԱՊԿ-ը։

Այդ եզրակացությունը կառույցն արել է՝ ուսումնասիրելով իր «թեժ գծով» ստացված ահազանգերը, փորձագետների ու լրատվամիջոցների աշխատակիցների հետ զրույցները, դատական գործերի նյութերն ու մեդիայի հրապարակումները։

Այսպիսով արձանագրվեց, որ կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության ընթացքում եղավ 32 դեպք, երբ ոստիկանությունը լրատվամիջոցներից ու լրագրողներից պահանջեց հեռացնել իրենց հրապարակումներն ու գրառումները (տուգանքներ չկիրառվեցին, թեև նախատեսված էին)։ 

Կառավարությունը հետագայում զգալիորեն մեղմեց լրատվամիջոցների գործունեությանը վերաբերող դրույթները, ապա ամբողջությամբ չեղարկեց դրանք։ 

Իսկ ռազմական դրությամբ պայմանավորված սահմանափակումները ամրագրվեցին ՀՀ կառավարության որոշմամբ, ապա օրենսդրական փոփոխություններով խստացվեցին պատժաչափերը։

ԽԱՊԿ-ի տվյալներով՝ տարբեր տուգանքների ենթարկվեցին 13 զանգվածային լրատվական միջոցներ։ 

Ոստիկանությունը չհայտնեց դրանց անունները՝ պատճառաբանելով, որ այդ տեղեկությունները անձնական տվյալներ են, որոնք պաշտպանված են օրենքով։ 

«Իրականում, տրամադրելով տուգանված ԶԼՄ-ների ցանկը՝ ոստիկանությունը որևէ անձնական տվյալ չէր բացահայտելու, և դրա անհրաժեշտությունը չկար»,- հայտարարել է ԽԱՊԿ-ը։

Ըստ ԽԱՊԿ-ի՝ 2020-ի ընթացքում արձանագրվել է տարատեսակ ճնշումների է 273 դեպք։ 

  1. Ֆիզիկական բռնություններ՝ 6 դեպք՝ 11 տուժողով (թեև հարուցվել են քրեական գործեր, դրանցից ոչ մեկը դատարան չի հասել, և մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել), 
  2. տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքի խախտում (90 դեպք),
  3. Ճնշումներ լրատվամիջոցների և դրանց աշխատակիցների նկատմամբ (117 դեպք)։

Բացի դրանից, լրատվամիջոցների ներկայացուցիչները ներգրավվել են նոր դատական գործերում (74 դեպք)։ Գործերի մեծ մասը վիրավորանքի և զրպարտության հիմքով էին, ավելի փոքր տոկոսը՝ աշխատանքային վեճեր։

ԽԱՊԿ-ը վերապահում է անում, որ խոչընդոտների դեպքերը կարող են չլինել ամբողջական, քանի որ «ԶԼՄ-ների ներկայացուցիչները երբեմն հարկ չեն համարում հրապարակայնացնել իրենց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստերը, անտեսում են իրենց ուղղված տարաբնույթ սպառնալիքները կամ նախընտրում են ինքնուրույն լուծել ծագած խնդիրներն ու հաղթահարել ապօրինի սահմանափակումները»: 

ԽԱՊԿ-ը նաև հիշատակում է, որ ՀՀ կառավարությունն ու ԱԺ-ն 2020-ին հանդես են եկել մեդիա դաշտին վերաբերող տարբեր նախաձեռնություններով, «որոնք միշտ չէ, որ ընդունելի էին լրագրողական հանրության համար»։ 

ԽԱՊԿ-ի կարծիքով՝ թեև մամուլի ազատության միջազգային վարկանիշում Հայաստանը 2020-ին հրապարակված զեկույցների համաձայն՝ պահպանել է իր դիրքերը, սակայն լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների առումով «երկրում իրավիճակը բարվոք չէ»։

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *