2020.09.27,

Նյուսրում

Հետևելով ռազմական գործողությունների լրահոսին

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի կողմից ձեռնարկվեցին լայնածավալ ռազմական գործողություններ հայ-ադրբեջանական սահմանում: Ադրբեջանական զինուժի հարձակումների պատճառով ավերածություն և մարդկային զոհեր կան:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը և ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնեցին. «Վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը»: 

Կոչ արվեց բնակչությանը պատսպարվել, պահպանել հանգստությունը և մնալ թաքստոցներում: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրեց հրամանագիր, որի համաձայն՝ Արցախի Հանրապետության ողջ տարածքում հայտարարվել է ընդհանուր զորահավաք:

Ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք հայտարարվեց նաև Հայաստանի Հանրապետությունում՝ կառավարության որոշմամբ և Անվտանգության խորհրդի նիստից հետո, այդ մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հայտնեց նաև, որ «իրավիճակը օպերատիվ զարգացման մեջ է, տեղեկությունները ըստ անհրաժեշտության կամփոփվեն և կհաղորդվեն»: «Կոչ եմ անում վստահել միայն պաշտոնական աղբյուրներին եւ զգոն լինել թշնամական տեղեկատվական հոսանքներին տրվելուց»,- գրեց նա:

Ռազմական գործողությունների ինտեսիվությունն ու մասշտաբը միանգամից կարևորեց իրադարձությունների մասին արագ և ճշտված տեղեկություն ստանալու պահանջը: 

Սեպտեմբերի 27-ին արագորեն ձևավորվեց Արցախի տեղեկատվական շտաբը, կրկին ակտիվ աշխատում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը, որը զարգացող իրավիճակի մասին տեղեկացնող պետական հարթակ է՝ արտակարգ իրավիճակներում:

Այդտեղ պարբերաբար կազմակերպվելու են ճեպազրույցներ Արցախում ստեղծված իրավիճակի մասին և փոխանցվելու է տեղեկություն՝ ըստ զարգացումների ընթացքի: 

Լարված իրավիճակներում, այդ թվում նաև՝ տեղեկատվական պատերազմներում հաճախ են հնչում հորդորներ լրատվամիջոցներին, սոցցանցերի օգտատերերին՝ բացի պաշտոնական տեղեկատվությունից այլ աղբյուրի հղում չտալ:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի առաջին ասուլիսի  ժամանակ՝ կազմակերպած ժամը 13:00-ին, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ ադրբեջանական կողմը նախօրոք պատրաստվել էր մարտական գործողություններին նաև ինֆորմացիոն տարածքում: 

Օրինակ, Ադրբեջանը պնդում է, որ իրենց հարձակումը «իբրև թե հայկական կողմի սադրանքի պատասխան էր», մինչդեռ Հայաստանը հետևելով ադրբեջանական-թուրքական հաղորդկացությանը և ադրբեջանական լրահոսին, եզրակացրել է, որ սեպտեմբերի 27-ին սկսած գործողությունները «մանկրակրկիտ պլանավորված էին նախապես»:

Ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ այդ մասին են փաստում նաև մարտական գործողություններից ընդամենը վայրկյաններ անց սկսված ադրբեջանական և թուրքական մամուլի ինտեսիվ անդրադարձները՝ հենց մարտական գործողությունների շրջանից: Իսկ դա նշանակում է, որ սահմանին նաև լրագրողներն էին հավաքված:

Հովհաննիսյանը դիմեց լրագրողներին. «Խնդրում եմ, աղաչում եմ, չշտապեք որևէ բան հրապարակել: Թեկուց ոգևորող կամ բուռն էմոցիաներով նյութեր: Կամ զոհերի ու կորուստների մասին…»: Որ չստացվի, թե գործողությունների մասին տեղեկություն հաղորդվում մինչ բուն գործողությունը:

Շտապելը, ըստ Արծրուն Հովհաննիսյանի, ազդում է թե՛ մեր տրամադրությունների վրա, թե՛ օգնում հակառակորդին ուղղորդել և կառավարել թիրախավորումը: Նա հատկապես խնդրեց զգոն լինել և զերծ մնալ օնլայն ռեժիմով տեսանյութեր փոխանցելուց՝ թեժ կետերից:

Էթիկական ու իրավական կանոններով աշխատող, ապատեղեկատվության դեմ բազմակի ֆիլտրեր կիրառող, պրոֆեսիոնալ լրատվամիջոցների համար ինքնագրաքննությունը բնական պայման է լարված իրավիճակներում: 

Եվ բոլոր ժամանակներում էլ նրանց հրապարակումները ամենապահանջվածն են, քանի որ նրանց համար պաշտոնական տեղեկատվությունը թեև առանցքային, բայց միակը չէ:

Այս սեպտեմբերյան մարտերին լրագրողները նույնպես սահմանին են: 

Եվ ոչ պակաս կարևոր է, որ շատ լրագրողներ և լրատվամիջոցներ իրենք են դառնում աղբյուր միջազգային անդրադարձների համար: Եվ խաղաղության պարտադրումը տեղի է ունենում բոլոր լծակներով ու հարթակներով:

Սեպտեմբերի 27-ին, 16:00-ին, Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ուղերձով, հիշեցրեց այդ մասին ու ընդգծեց իրավիճակի վտանգը:

Իսկ ռազմական դրությունը նաև սահմանափակումներ մտցրեց լրատվամիջոցների աշխատանքում՝ պարտադրելով հրապարակել միայն պաշտոնական տեղեկատվություն (առանց խմագրման):

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *