2020.06.17,

Նյուսրում

ԱԱԾ-ի դիմաց հրմշտոցից տուժած լրագրողների գործը կուսումնասիրվի

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Հունիսի 16-ին երեկոյան ԱԱԾ-ի շենքի մոտ ոստիկանության գործողությունների արդյունքում առաջացած հրմշտոցից տուժել են լրագրողներ: Նրանք լուսաբանում էին Գագիկ Ծառուկյանի աջակիցների բողոքի ակցիան ԱԱԾ շենքի դիմաց: 

Երբ ԲՀԿ առաջնորդ Ծառուկյանը հարցաքննությունից հետո դուրս եկավ փողոց, խառնաշփոթ ստեղծվեց։ Ծառուկյանը մոտենում էր իր մեքենային, լրագրողները գնում էին նրա հետևից՝ շարունակելով նկարահանել։ ԲՀԿ համակիրներն էլ իրենց հերթին էին փորձում մոտենալ իրենց առաջնորդին։ Ոստիկաններն էլ փորձում էին պահել հասարակական կարգը։  

Առցանց ռեժիմով աշխատող մի քանի կայքերի ու հեռուստաընկերությունների եթերով մարդիկ հետևում էին իրադարձությունների զարգացմանը և լրագրողների աշխատանքի խոչընդոտմանը։

«News.am» լրատվական կայքի թղթակից Լիանա Սարգսյանը, «Tert.am»-ի լրագրող Անի Գևորգյանը, «Yerkir.am»-ի թղթակից Տաթևիկ Կոստանդյանը, «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Արթուր Հակոբյանը, «MegaNews.am» կայքի խմբագիր Մարգարիտա Դավթյանը հաստատել են, որ վնասվածքներ են ստացել։

Tert.am-ի լրագրող Անի Գևորգյանը Ֆեյսբուքում գրեց, որ իրեն լավ է զգում, ոտքն է վնասել միայն և անհանգստանալու կարիք չկա:

Media.am-ի հետ զրույցում Անին ասաց, որ միջադեպի ժամանակ ինքը երկու հարված է կրել, մեկը ոտքի շրջանում և հատուկ թիրախավորված, իսկ մյուսը գլխին՝ հրմշտոցի ժամանակ անզգուշության հետևանքով:

«Մենք այդ ժամանակ Գագիկ Ծառուկյանի հետ հարցազրույց էինք անում ու հանկարծակ ոստիկանությունը գործողություն իրականացրեց: Լրագրողներով պարբերաբար կրկնում էինք, որ մենք լրագրողներ ենք, մեզ ինչու եք հրում: Լրագրող կար, որ վկայականն էր ցույց տալիս, իմը կախված էր և տեսանելի ոստիկանների համար: Տեսանելի էին նաև մեր միկրոֆոնները», – պատմում է Անին:

Նրա խոսքով, ինքն անձնամբ չի դիմել ոստիկանություն, որովհետև ոստիկանությունը դեպքից հետո հայտնել էր, որ միջադեպն ուսումնասիրվելու է․ «Բացի դա իմ հետ կապ են հաստատել տարբեր խմբակցությունների պատգամավորներ: Տեղի ունեցածը նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրության կենտրոնում է»:

Ոստիկանությունն իր հայտարարության մեջ նաև լրագրողներին հորդորել էր, որ նման միջոցառումների ժամանակ այնպիսի դիրք գրավեն, որ չխանգարեն ոստիկանության ու սեփական աշխատանքին: 

ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահմանյանը, որը երկար տարիների զբաղվել է լրագրությամբ, միջադեպի հետ կապված ներողություն խնդրեց լրագրողներից և ասաց, որ կդիմի ոստիկանություն` պարզելու բոլոր մանրամասները և ծառայողական քննություն անցկացնելու անհրաժեշտությունը:

Պատգամավորը ոստիկանությանը հորդորել է ցանկացած իրավիճակում, անգամ ամենալարված պայմաններում, չխոչընդոտել լրագրողների գործունեությունը, ավելին` պայմաններ ստեղծել լրագրողական ծառայությունն անվտանգ իրականացնելու համար։

Լրագրողական կազմակերպությունները միջադեպի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ «Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, դատապարտում ենք ցանկացած բռնություն՝ իրենց մասնագիտական պարտականությունները կատարող ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ, և պահանջում ենք ՀՀ ոստիկանությունից՝ ծառայողական օբյեկտիվ քննություն իրականացնել` տվյալ միջադեպը ուսումնասիրելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։

Միաժամանակ, հաշվի առնելով, որ այս իրադարձությունները տեղի են ունենում կորոնավիրուսի հետ կապված արտակարգ դրության պայմաններում, կոչ ենք անում ԶԼՄ-ների ղեկավարներին՝ զերծ պահել իրենց աշխատակիցներին զանգվածային հավաքները լուսաբանելիս մարդկային կուտակումների կիզակետում գտնվելուց, իսկ դրա անհնարինության դեպքում տալ անվտանգությունը պահպանելու հստակ հրահանգներ»։

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *