2020.06.12,

Նյուսրում

Փաշինյանը հանձնարարել է ուսումնասիրել ապատեղեկատվության աղբյուրները

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

Հայաստանում արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու հարցով իրավունքի ուժով գումարված Ազգային ժողովի այսօր կայացած հատուկ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կորոնավիրուսի մասին տարածվող ապատեղեկատվությանն ու մանիպուլյացիաներին։ 

«Ապատեղեկատվություն կա ոչ միայն բուն հիվանդության, այլև ուղեկցվող երևույթների մասին։ Օրինակ ձեզ հայտնի շրջանակների կողմից այսպիսի թեզ է դրվում շրջանառության մեջ՝ ասում են, որ կրոնավիրուսից ավելի շատ զոհ ունեցանք, քան քառօրյա պատերազմի ընթացքում։ Թվում է՝ այս ինչ խփող փաստարկ է և մեղադրանք, բայց ուզում եմ ասել, որ օրինակ Միացյալ նահանգները կորոնավիրուսից ավելի շատ զոհ են ունեցել, քան Իրաքի և Քուվեյթի պատերազմները միասին վերցրած»,-նշել է վարչապետը։ 

Նույն հաջողությամբ, ըստ նրա, կարելի է պայմանականորեն վերցնել 4 օր 2019թ․ կամ 2017թ, երբ տարբեր հիվանդություններից ավելի շատ զոհ ենք ունեցել, քան քառօրյա պատերազմում։ 

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է խումբ ձևավորել, որը կուսումնասիրի ապատեղեկատվության աղբյուրները«Արդյոք կարող է այստեղ օտարերկրյա հատուկ ծառայությունները կապ ունեն, կամ այդ հատուկ ծառայությունների հետ կապ ունեցող շրջանակներ և ուժեր գոյություն ունեն և, արդյոք, կարող են լինել քաղաքական շրջանակներ կամ ոչ քաղաքական, կրիմինալ շրջանակներ, որոնք իրենց նեղ շահերից ելնելով կարող են փողեր ծախսել այդպիսի ապատեղեկատվություն տարածելու համար»։

Խումբը կփորձի այդ հարցերի պատասխանը գտնել։ Վարչապետը խնդրել է դրանից սենսացիա չսարքել, քանի որ «դա աշխատանքային սովորական հանձնարարություն է»։

Հայաստանում այսօր վստահության ճգնաժամ ստեղծելու խնդիր կա,-ասել է նա ու պատմել այսօր իմացած մի դեպքի մասին․ մի կին տաքսի է նստել ու զանգահարել ինչ-որ մեկին, ներկայանալով իբր վարչապետի աշխատակազմի աշխատակից, ասելով՝ «ժամացույցը, որ վարչապետը պատվիրել է, եկե՞լ է։ ․․․ իսկ ինչքա՞ն պիտի տանք՝ 35 հազար դոլա՞ր, թե՞ եվրո»։ Նա նաև ասել է, որ մարդ կուղարկի ժամացույցը վերցնելու համար։ Տաքսիստին տարօրինակ է թվացել զրույցը ու նա հետևել է կնոջը՝ պարզելու, թե ուր է գնում։ Նա նստել է ուրիշ տաքսի։ 

«Պարզ է չէ, որ դա կազմակերպված գործողություն է, ու պետք է հասկանալ, ով է կազմակերպում, և դա օրենսդրությամբ ինչ որակման է արժանի»,-ասել է վարչապետը՝ հավելելով՝ «իսկ որ հիբրիդային պատերազմի էլեմենտներ կան այս ամեն ինչի մեջ՝ դա ակնհայտ է»։

Անահիտ Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *