2020.01.25,

Նյուսրում

Փաշինյանը՝ իր դեմ մեդիայով ծախսվող միլիոնավոր դոլարների մասին

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կապանում կայացած ասուլիսի ժամանակ ստիպված է եղել պարզաբանել վերջերս Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ լրատվամիջոցներում հայտնված այն հայտարարությունը, թե պետական հեղաշրջման փորձ է նախապատրաստվել։

Վարչապետի խոսքով՝ Արմեն Գրիգորյանը նման հայտարարություն չի արել, այլ «տվել է ձևակերպումներ, որոնք լրագրողին բերել են այդպիսի եզրակացության»։

«Հեղաշրջում, պատերազմ, այս կարգի հասկացությունները ժամանակի ընթացքում շատ լուրջ փոփոխություններ են կրում։ Ժամանակակից աշխարհում կա հիբրիդային պատերազմ տերմինը, որի ամբողջ իմաստը այն է, որ իրականում պատերազմ ընթանում է, բայց մարդիկ չեն նկատում»,-նշել է վարչապետը։

Շարունակելով թեման՝ նա ասել է, որ եթե այդպես ձևակերպենք, ապա Գրիգորյանի հայտարարությունները, կարելի է ասել, հիբրիդային ինչ-որ երևույթի նկարագրություն են. «Կարող ենք համարել հիբրիդային հեղաշրջման հիբրիդային նախապատրաստություններ։ Այդ պրոցեսը լիարժեքորեն պարտված է և ջախջախված»։

Վարչապետի խոսքով՝ գործընթացի «անբաժանելի մասն է այն, որ տասնյակ միլիոնավոր դոլարներ էր ծախսվում լրատվամիջոցներով և սոցցանցերով Հայաստանի ղեկավարի, նրա ընտանիքի անդամների և բարձրաստիճան պաշտոնյաների մասին սուտ տեղեկություններ տարածելու համար։ Ընդ որում դա արվում էր՝ ներգրավելով քրեական աշխարհը, տարբեր ուժեր, կոռումպացված դեմքերի»։

Ասուլիսի մասնակից լրագրողներից մեկը դժգոհել է, թե ինչու պետության աջակցությամբ չի կազմակերպվել լրագրողների այցը Կապան։ Ի պատասխան վարչապետն ասել է, որ լրագրողները միշտ մեղադրում են կառավարությանը՝ պետական բյուջեի միջոցները աննպատակ ծախսելու մեջ. «Սրանից հետո ավելի նպատակային ենք ծախսելու գումարները։ Որոշ լրատվամիջոցներ կոռումպացված շրջանակներից բավարար գումարներ են ստանում, թող հինգ հազար դրամ ավել ծախսեն ու գան վարչապետի ասուլիսին։ Ինչո՞ւ պետք է պետբյուջեով վճարենք դրա համար»։

Նիկոլ Փաշինյանը ավելացրել է, որ ասուլիսներ կանցկացվեն բոլոր մարզկենտրոններում, որի նպատակը «մարզերի, բնաշխարհի, մարզկենտրոնների տեսանելիությունը Հայաստանի ու Սփյուռքի համար բարձրացնելն է»։

Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվել է վարչապետի մամուլի խոսնակի մասին, որին վարչապետը պատասխանել է, որ դեռ չի որոշել, թե ով է լինելու իր մամուլի խոսնակը։

Անահիտ Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *