cameramen

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ)  ներկայացրել է 2018թ․ տարեկան զեկույցը։

Ըստ ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանի, 2018թ․ հայաստանյան լրատվամիջոցների համար բավականին բարդ ժամանակաշրջան էր՝ պայմանավորված հեղափոխության և հետագա մյուս քաղաքական գործընթացներով։

Տարվա ընթացքում զանգվածային ԶԼՄ ներկայացուցիչների իրավունքների խախտումների մեծ մասը տեղի է ունեցել ապրիլին՝ հեղափոխության ամենաթեժ շրջանում։

ԽԱՊԿ-ն ապրիլին արձանագրել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 18 և մասնագիտական գործունեության խոչընդոտումների 8 փաստ։

Աշոտ Մելիքյանի խոսքով՝ լրագրողների նկատմամբ հարձակումների ու ճնշումների ալիքը դադարեց վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո։

Ընդհանուր առմամբ 2018 թվականի ընթացքում ԽԱՊԿ-ն արձանագրել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների 21, ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ տարատեսակ այլ ճնշումների 67, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների 98 դեպք։

2017թ․ համեմատ 2018-ին աճել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների և տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների թիվը, նվազել են ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումները։  

Աշոտ Մելիքյանն ասում է, որ հետհեղափոխական շրջանում պակասել են ֆիզիկական բռնությունների և լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերը։

«Հեղափոխությունից հետո տեղի ունեցած երկու՝ տեղական ինքնակառավարման մարմինների և խորհրդարանական ընտրությունների ժամանակ ոչ մի բռնություն չի գրանցվել, սակայն դա չի նշանակում, որ նախորդ ընտրությունների ժամանակ բռնություն կատարողները չպիտի պատասխանատվության ենթարկվեն»,-ասում է նա։

Հետհեղափոխական շրջանում, սակայն, ըստ Մելիքյանի, մտահոգություն է առաջացրել իրավապահ մարմինների կողմից «Yerevan.today» լրատվական կայքի խմբագրությունում իրականացված խուզարկությունն ու սարքավորումների առգրավումը, իսկ նախընտրական ժամանակահատվածում՝ ապօրինի գործողությունները «News.am»-ում և «Aysor.am»-ում, որտեղ հրապարակված նյութերի «հիմքեր» և տեսագրություններ տրամադրելու պահանջներ են ներկայացվել։

ԽԱՊԿ-ը գործընկեր կազմակերպությունների հետ հանդես է եկել հայտարարություններով և կոչ արել նոր իշխանություններին՝ միջոցներ ձեռնարկել՝ ԶԼՄ-ներին զերծ պահելու ոստիկանական ապօրինի գործողություններից։

2018 թվականը հարուստ էր ընդդեմ լրատվամիջոցների և լրագրողների ներկայացված դատական հայցերով։ Ներկայացվել է 13 նոր դատական հայց՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված՝ վիրավորանքի եւ զրպարտության հիմքով։ Հայցվորների թվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Կան նաև դեպքեր, երբ ԶԼՄ-ին դատի է տվել ԶԼՄ-ն։

Անահիտ Դանիելյան