2018.12.08,

Նյուսրում

Մեդիա փորձագետ. «Ոստիկանության այցը News.am ճնշում է լրատվամիջոցի վրա»

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Դեկտեմբերի 7-ին Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցն այցելել է News.am լրատվական կայքի խմբագրություն: Այս մասին հանրությանն առաջինը շտապեց տեղյակ պահել կայքի գլխավոր խմբագիր Արմենիկա Կիվիրյանն իր ֆեյսբուքյան գրառման միջոցով:

Ժամեր անց եղավ Ոստիկանության պարզաբանումը: Ըստ որի, իրավապահի այցի նպատակը գլխավոր դատախազությունից փոխանցված տեղեկության հիման վրա պատրաստված գրությունը հանձնելն էր: 

Մինչ լրագրողական համայնքն անհանգիստ էր, թե ինչ է իրականում կատարվում News.am-ի խմբագրությունում (աչքի տակ ունենալով Yerevan-Today-ի փորձը), ոստիկանության լրատվական վարչությունը կապ էր փնտրում կայքի խմբագրության հետ:

«Հայտարարություն տարածելով, ոստիկանության լրատվության վարչության զանգերը անտեսելով, լրատվամիջոցների հարցերին խորհրդավոր լռությամբ «պատասխանելով» չարժեր անիմաստ աղմուկ բարձրացնել` ի սկզբանե իմանալով, որ տեղի ունեցածը «իրադարձություն» չէ և որևէ աղմուկի հիմք դառնալ չի կարող»,- նշված է պարզաբանման մեջ:

Ի դեպ, նշված գրությունը, ըստ ոստիկանության, փոխանցվել է նաև այլ լրատվամիջոցի:

«Ի՞նչ է Ոստիկանությունը պահանջում NEWS.am–ից» լրատվամիջոցի հայտարարության մեջ ասվում է, որ  իրենցից պահանջել են տրամադրել ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղիղ միացումների, այդ թվում` «Արդեն սկսել են մարդիկ փնտրել, որոնք ցուցմունք կտան մեր թեկնածուների դեմ. Շարմազանովն անուն տվեց» , «ՀՀԿ-ի աջակիցներին հրավիրում են ոստիկանություն՝ բացատրական զրույցների․ Շարմազանով» հրապարակումների բովանդակությունը հաստատող ապացույցներ։

Ոստիկանությունը փաստորեն լրատվամիջոցից պահանջել է վերոգրյալը հաստատող կոնկրետ կամ լրացուցիչ այլ փաստեր:

News.am-ը գրում է, որ նախընտրական քարոզարշավի շրջանակում հրապարակել են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների ֆեյսբուքյան ուղիղ միացումները  և գրառումները` նպատակ ունենալով ապահովել ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի հավասար պայմաններում լուսաբանվելու հնարավորությունը։  

Կայքի հայտարարության մեջ նշված է, որ գրությունների բովանդակությունից ակնհայտ է, որ հարցում կատարողները գիտակցել են, որ խոսքը Շարմազանովի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութերի սղագրության մասին է և, բնականաբար, խմբագրությունում չէին կարող լինել ապացույցներ:

«Իրեն ժողովրդավարական և իրավական պետություն հռչակած երկրում նման գործելաոճն անընդունելի է և վտանգում է երկրում խոսքի ազատությունը»,- ասվում է լրատվամիջոցի հայտարարության մեջ։

Ըստ News.am-ի, ոստիկանության աշխատակիցը հայտնել է նաև, որ սա իր վերջին այցը չէ և պարբերաբար տարբեր հրապարակումների հետ կապված այցելելու են խմբագրություն` պահանջելով նմանատիպ ապացույցներ։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասում է, որ ոստիկանության այցը խմբագրություն մասնագիտական և իրավական հիմք չունի և, ըստ էության, ճնշում է լրատվամիջոցի վրա:

«Տեղի ունեցածը վկայում է այն մասին, որ հրաման տվողն ու այն կատարողը վատ պատկերացում ունեն օնլայն լրատվամիջոցի աշխատանքի մասին, քանի որ ուղիղ միացման սղագրության դեպքում լրատվամիջոցը չէր կարող ապացույցներ ունենալ»,- նշում է Մելիքյանը:

Ըստ նրա, Հայաստանում լրավամիջոցները բաժանված են քաղաքական ու տնտեսական ճամբարների սպասարկման, որն ավելի ակներև դարձավ թավշյա հեղափոխությունից հետո.

«Անգամ սա թույլ չի տալիս ոստիկանությանն այցելել խմբագրություններ, հրապարակումների հիմնավորումներ պահանջել և աղբյուր բացահայտել»:

Մելիքյանն ասում է, որ լրատվամիջոցից աղբյուրի բացահայտում կարող է պահանջել միայն դատարանը՝ այն էլ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման համար:

Կոմիտեի նախագահը կարծում է, որ ոստիկանության այս և նման այցերի հետ կապված պետք է քննություն ընթանա, և օրենք խախտողները իրենց պատիժները ստանան:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *