2018.09.28,

Նյուսրում

News.am VS լրագրող Սոնա Հարությունյան և «Հայկական ժամանակ»

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

News.am լրատվական կայքը դատական հայց է ներկայացրել 1in.am-ի լրագրող Սոնա Հարությունյանի դեմ իր ֆեյսբուքյան գրառման  և «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ՝ «Արարատ, Արմնյուզ, Հ2, News.am, Երկիր Մեդիա, ֆեյքեր. որ լրատվամիջոցներն է «առել» Քոչարյանը» հոդվածի համար:

Լրատվամիջոցը կարծում է, որ լրագրողը զրպարտություն է տարածել և վիրավորել իր գործարար համբավը: Սոնան մոտ մեկ ամիս առաջ սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ վերջին շրջանի փոփոխությունները չեն շրջանցել լրագրողներին ու լրագրողական համերաշխություն ասվածը:

«Ուրեմն երեկ News.am կայքը իր էջում տեղադրել է ՀՅԴ-ի տարածած հայտարարությունը, որը վերաբերում է իմ նյութին։ Նախ՝ նկատենք, որ այս կայքը իր պատմության մեջ գործընկեր լրատվամիջոցի վերաբերյալ որևէ հայտարարություն, հերքման տեքստ երբեք չի հրապարակել։ Դա իրենք էլ կարող են փաստել։ Բայց դե այս անգամ չեն կարողացել դեմ չգնալ իրենց սկզբունքներին, քանի որ պատվերը տվել է ԳՆՈՐԴԸ», – գրել է լրագրողը:

Այս կոնֆլիկտը նախապատմություն ունի և կապված է լրագրողի՝ «Երևանի քաղաքապետի ՀՅԴ թեկնածուն նախկինում մեղադրվել է Երևանի առաջին քաղաքապետի սպանության մեջ» հրապարկման հետ: Մեկ օր անց News.am կայքը տեղադրում է այս նյութի հետ կապված ՀՅԴ-ի պարզաբանումը, որտեղ նշվում է, որ ակնհայտ կեղծ և արժանապատվությունը վիրավորող տեղեկություններ են հրապարկվել և գնահատականներ են տրվել 1in.am-ի նյութում:

Սոնան զարմացել է News.am-ի այս հրապարակումից, քանի որ նախկինում երբեք լրատվամիջոցը գործընկերներին ուղղված նման բովանդակությամբ հայտարարություններ կամ հերքումներ չի արել:

«Լրատվամիջոցն ուզում է դատական կարգով պարտավորեցնել ինձ 100 հազար դրամ վճարել գործարար համբավն արատավորելու և ևս 100 հազար դրամ վիրավորանքի համար, ինչպես նաև հերքում տպագրել, հրապարակային ներողություն խնդրել, իմ ֆեյսբուքյան էջում հրապարակել նաև դատարանի վճիռը», – նշում է լրագրողը՝ հավելելով, որ իր համար մեծ անակնկալ էր News.am-ի հայցը, իրականում դատական գործ սպասում էր այլ նյութի հետ կապված:

Սոնան ասում է, որ դատական հայցն աննախադեպ է, քանի որ իր դեմ գործ է հարուցել ոչ թե անհատ կամ կազմակերպություն, այլ՝ լրատվամիջոց. «սա խոսքի ազատության սահմանափակման փորձ է և հատուկ է երկրորդ նախագահի պաշտոնավարման տարիների խոսքի ազատության ճնշումներին»:

Այս գործն, ըստ նրա, խոցելի է, քանի որ ֆեյսբուքյան գրառումը դատական գործի հիմք դառնալ չի կարող: Սոնայի խոսքով, ոչ թե իր գրառումն է լրատվամիջոցի գործարար համբավը վնասել, այլ հենց իրենց հայցադիմումը, քանի որ հայցադիմումից հետո լրատվական դաշտում, սոցցանցերում առկա արձագանքը դրա մասին է վկայում։

News.am-ը դատական հայց է ներկայացրել նաև «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ՝ պահանջելով  200 հազար դրամ փոխհատուցում իր գործարար համբավն արատավորելու համար:

«Արարատ, Արմնյուզ, Հ2, News.am, Երկիր Մեդիա, ֆեյքեր. որ լրատվամիջոցներն է «առել» Քոչարյանը» հոդվածում լրագրող Նարեկ Կիրակոսյանը թվարկում է մի քանի լրատվամիջոցներ, հղում անելով սոցիալական ցանցերին, որոնց միջոցով Ռոբերտ Քոչարյանը հայտ է ներկայացնում դառնալ մեդիամագնատ:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *