Գեղամ Վարդանյան
Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:
hzh-black1

«Հայկական Ժամանակ» օրաթերթի 2015թ.-ի հունվարի 20-ի համարը լույս է տեսել առանց լուսանկարների, գովազդի եւ խաչբառի: Լուսանկարների փոխարեն թերթի էջերում սեւ պատկերներ են:

Սեւ պատկերներ հրապարակելով` «Հայկական Ժամանակը» միացել է Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի վերջին ներկայացուցչի՝ 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի մահվանից հետո Հայաստանում սգո օր հայտարարելու պահանջին:

Սեւ պատկերներով համարի մասին լուրում «Հայկական Ժամանակը» գրում է. «Անկախ նրանից իշխանությունը որեւէ պաշտոնական որոշում կկայացնի, թե ոչ, այսօր Հայաստանում սուգ է»:

Գյումրիի Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը բնակվող Ավետիսյանների ընտանիքի 6 անդամները սպանվել էին հունվարի 12-ին: Ընտանիքից կենդանի էր մնացել միայն 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, ով կրծքի շրջանում կտրող, ծակող գործիքով ծանր վնասվածք ուներ: Փոքրիկ Սերյոժային տեղափոխել էին Երեւան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Մոտ մեկ շաբաթ բժիշկները պայքարում էին երեխայի կյանքի համար, սակայն հունվարի 19-ին նա մահացավ:

Ավետիսյանների ընտանիքի սպանության գլխավոր կասկածյալը Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովն է, ով կալանքի տակ է:

Գեղամ Վարդանյան