2014.10.30,

Նյուսրում

«Լրադադար»*. Սյունիքի լրատվամիջոցների խնդիրները

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

Կապանի «Սոսի»-ն Սյունիքի մարզի` եթերային հեռարձակման արտոնագիր ունեցող 3 հեռուստաընկերություններից միակն է, որը հանրային թվային ցանցով եթերում կլինի նաեւ 2015 թվականի հուլիսի 1-ից` թվային հեռարձակման անցնելուց հետո: Սիսիանի «Սյունի» եւ Գորիսի «Լաստ» հեռուստաընկերությունների ճակատագիրն առայժմ մնում է անորոշ. գործող օրենսդրական դաշտը չի հստակեցնում մարզային հեռուստաընկերությունների ապագան:
 
«Լաստ» հեռուստաընկերությունը, որը եթեր է հեռարձակվում օրական 8 ժամ` շաբաթական 2 ագամ թարմացվող 10-15 րոպե տեւողությամբ լուրերի թողարկմամբ, դեռեւս որեւէ լուծում չի գտնում: Հեռուստաընկերությունը ֆինանսական եւ մարդկային ռեսուրսների խնդրի առջեւ է կանգնած:
 
Գովազդից ստացվող չնչին եկամուտները թույլ չեն տալիս նաեւ մեծ աշխատակազմ ունենալ: «Լաստ»-ում գովազդի մեկ րոպեի արժեքը կազմում է 2000 դրամ, սակայն միանգամյա ցուցադրության փոխարեն այն ցուցադրվում է օրական 4 անգամ: Գովազդից ստացվող ամսական եկամուտը մոտ 50.000 դրամ է: Այդքան է նաեւ լրագրողների ամսական առավելագույն աշխատավարձը:
 
Գորիսի մամուլի ակումբի նախագահ Սուսաննա Շահնազարյանը կարծում է, որ մարզային հեռուստաընկերությունները պետք է փորձեն համատեղ ուժերով դուրս գալ ստեղծված իրավիճակից:
 
«Պետք է միավորվեն մի ընկերակցության մեջ, որն ունենա թե’ մենեջեր, թե’ ֆոնդհայթայթող, թե’ լրագրողներ, որովհետեւ մարզային լրատվամիջոցի այսօրվա վիճակը մի դերասանի թատրոն է հիշեցնում: Երեք հոգանոց աշխատակազմը կարող է զբաղվել ամեն ինչով»,- ասում է նա:
 
Մոտ 140.000 բնակչություն ունեցող մարզում եթերային հեռարձակում ունեցող 3 հեռուստաընկերություններից բացի գործում են նաեւ կաբելային հեռուստաընկերություններ («Խուստուփ» եւ «Անգեղ Թիվի») եւ մի քանի թերթեր («Զանգեզուր», «Սիսիանի ձայն», «Սյունյաց երկիր», «Որոտան», «Բան ու գործ», «Կամք», «Գրական Սյունիք»), որոնց տպաքանակը միասին վերցված չի գերազանցում 3500-ը:
 
Սյունիքի մարզում տպարան չկա, թերթերը տպագրվում են Երեւանում, ինչի պատճառով տեղացի լրագրողների խոսքով` տուժում է օպերատիվությունը: Տպարանի բացակայությունը, սակայն, տեղեկատվությունը թարմ չմատուցելու միակ պատճառը չէ: Օպերատիվության խնդիր է ստեղծում նաեւ տեղեկատվության անմատչելիությունը:
 
Լրագրողները հաճախ չեն կարողանում պաշտոնական տեղեկատվություն ստանալ տեղական ինքնակառավարման մարմիններից: Նույնիսկ եղանակի տեսության մասին տեղեկատվությունը սյունեցի լրագրողները ստիպված են լինում ճշտել Երեւանից:
 
Լրագրողների խոսքով` տեղական ինքնակառավարման մարմինները սովորաբար տիրապետում են հարցվող ինֆորմացիային, սակայն, միեւնույն է, ուղղորդում են կապվել «գլխամասի» հետ:
 
Լսարանին տեղեկատվություն հասցնելու խոչընդոտներից են դառնում նաեւ խմբագրությունների սահմանափակ ֆինանսական ռեսուրսները: Խմբագրությունները հնարավորություն չեն ունենում լրագրողներին գործուղելու հարակից գյուղեր` գյուղացիների կյանքը լուսաբանելու եւ խնդիրները բարձրացնելու համար:
 
Սյունեցի լրագրողները տեղական լրատվամիջոցների ֆինանսական ծանր վիճակից դուրս գալու 3 ելք են տեսնում` մարզային իշխանությունների հետ համագործակցելն ու նրանց PR-ով զբաղվելը, տեղական չզարգացած գովազդային շուկայի վրա հենվելը կամ միջազգային ու տեղական կազմակերպությունների դրամաշնորհներին դիմելը:

Աննա Բարսեղյան

*«Լրադադար» ակումբը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի նախագծերից է: Սա լրագրողական մասնագիտական քննարկումների ոչ պաշտոնական ձեւաչափ է լրագրողների, մեդիա դաշտում աշխատող մարդկանց համար: Այս հոդվածը ներկայացնում է Սյունիքի մարզում՝ Գորիսում «Լրադադարի» քննարկումները:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *