Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն՝ (ԽԱՊԿ) գործընկեր լրագրողական կազմակերպությունների հետ համատեղ, Ազգային ժողով է ներկայացրել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծ, որտեղ նշել է 2015 թվականի հուլիսի 1-ից անալոգայինից թվային հեռարձակման անցնելու վերաբերյալ հիմնախնդիրներն ու դրանց լուծման առաջարկությունները:
ԽԱՊԿ-ի՝ «Հայաստանում անալոգայինից թվային հեռարձակման անցնելու գործընթացի մասին» զեկույցի համաձայն` գործող օրենսդրական դաշտը սպառնալիքներ է պարունակում հեռարձակման ոլորտի ազատականացման համար եւ շատ դրույթներով չի համապատասխանում միջազգային չափանիշներին: Մի շարք բացթողումների հետ մեկտեղ այն նաեւ չի հստակեցնում մարզային հեռուստաընկերությունների ապագան:
Անալոգայինից թվային հեռարձակման անցնելու գործընթացը մեկնաբանում են ոլորտի մասնագետները:
Աշոտ Մելիքյան
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
Հայաստանը շատ մեծ ժամանակահատված է բաց թողել անիմաստ, եւ այսօր պետական մարմինները պետք է շտապ քայլերով առաջ գնան, որպեսզի հասցնեն 2015 թվականի հուլիսի 1-ին անալոգայինից թվայինի անցումը կատարել:
Տեխնիկական առումով որոշ առաջընթաց արձանագրվում է, եւ միգուցե տեխնիկական հարցերը լուծվեն մինչեւ 2015 թվականի հուլիսի 1-ը, բայց օրենսդրական մեծ խնդիրներ կան, լուծված չեն նաեւ սոցիալական հարցերը: Այս երկու ուղղություններով անցած տարիների ընթացքում գրեթե որեւէ առաջընթաց չի արձանագրվել: Այսօր քաղաքացիները չգիտեն, թե ինչ է թվային հեռարձակումը: Սոցիալական հոլովակները պետք է վաղուց պատրաստ լինեին եւ տարածվեին լրատվամիջոցներով:
Հատկապես մտահոգիչ է մարզային հեռուստաընկերությունների խնդիրը: Վատ է, որ մարզային հեռուստաընկերությունները անցած տարիների ընթացքում որեւէ բան չնախաձեռնեցին, նրանք էլ են, փաստորեն, ժամանակ կորցրել: Լավ կլինի, որ առաջիկա 8 ամսիների ընթացքում գործողություններ ձեռնարկեն:
Կարծում եմ` մարզային հեռուստաընկերությունները պետք է հետեւեն վրացական փորձին` համախմբվեն եւ համատեղ լուծումներ գտնեն, որպեսզի այն հեռուստաընկերությունները, որոնք արտոնագիր չեն ստացել, ուղիներ գտնեն գոյատեւելու համար: Ուղիներից մեկը մասնավոր մուլտիպլեքս ստեղծելն ու դրա մեջ համախմբվելն է:
Եթե օրենքում փոփոխություն մտցվի, գուցե հանրավորություն լինի, որ առանձին մարզերում եւ քաղաքներում հեռուստաընկերությունները շարունակեն գործել անալոգային ռեժիմով, եթե չեն խանգարի սահմանային գոտում այլ երկրների հեռուստաընկերությունների հաճախականություններին:
Մովսես Հակոբյան
իրավաբան
Մենք ունենք բաց դաշտ, չկարգավորվող ոլորտ, իսկ նախագծով առաջարկում ենք լուծումներ, հնարավոր տարբերակներ, որոնք կարող են կիրառվել Հայաստանի պարագայում, որպեսզի հեռարձակող լրատվամիջոցները կարողանան հանգիստ աշխատել:
Մարզային հեռուստաընկերությունների մասով մենք գլոբալ առումով փոփոխություններ չենք արել, դա թողել ենք գործող օրենքով, որը նախատեսում է մարզային մեկական ալիք հանրային թվային ցանցով: Բայց հնարավորություն կա նաեւ մասնավոր մուլտիպլեքսի մուտք ապահովելու, որով կարող են հեռարձակվել մարզային հեռուստաընկերությունները, եթե նման պահանջարկ լինի:
Սակայն ցանկությունից բացի պետք է նաեւ ներդրումային գրավչություն լինի: Իմ սուբյեկտիվ կարծիքը գրավչության հետ կապված այնքան էլ դրական չէ, որովհետեւ թեկուզ գովազդի գինը մարզային հեռուստաալիքներով այնքան ցածր է, որ թե’ տեսականորեն, թե’ պրակտիկորեն հնարավոր չէ ապահովել բարձր որակի եւ պորֆեսիոնալ հեռուստակայան: Նման դեպքերում միավորվելու գործընթաց է տեղի ունենում:
Ես համարում եմ, որ թվայնացմամբ զբաղվող իրավասու մարմինները թերացել են իրենց աշխատանքում. իրազեկումը, տեխնիկական հագեցվածության եւ սոցիալական մասով աշխատանքները, որոնք պետք է ժամանակին կատարվեին, փաստացի թողել են վերջին օրվան: Հուլիսին անալոգային հեռարձակման անջատման պահանջ ունենք, բայց առ այսօր միայն տեխնիկական հարց ենք լուծում:
Գրիգոր Ամալյան
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն
Սա շատ լավ նախաձեռնություն է, որովհետեւ ոլորտում գործող ակտիվ հասարակական կազմակերպությունները ներկայացնում էին իրենց կողմից արված` օրենքում սպասվող փոփոխությունների տարբերակը: Կարծում եմ` ընթացքում նորից կարող են լինել առաջարկներ, դրանք բոլորը պետք է համադրվեն, կողմերն իրար հետ պետք է աշխատեն: Այս իմաստով շատ ողջունելի ու տրամաբանական է այս գործընթացը, որովհետեւ ժամկետները սուղ են:
Մենք թվայնացման ողջ գործընթացի վերաբերյալ քննարկումների երկար փուլ ունեցանք, եւ վերջնական հայեցակարգի ձեւավորումից հետո տեխնիկական իրականացման համար բավական սուղ ժամանակային պայմաններում հայտնվեցինք: Դրանով հանդերձ` համակարգերի ու ենթակառուցվածքների տեսանկյունից որեւէ մտավախություն չկա. մենք կտեղավորվենք ժամկետների մեջ եւ կունենանք տեխնիկական ենթակառուցվածք, որն ի վիճակի կլինի թվային հեռարձակում անել:
Բայց իրավական կարգավորումների մասով հստակեցման կարիք կա: Հատկապես երկու սուր խնդիր կա` թե ինչպիսին է լինելու մարզերում գործող տեղական հեռուստաընկերությունների ապագան եւ ինչպես է լինելու դաշտում մասնավոր մուլտիպլեքսային կազմակերպությունների ներգրավումը:
Շուտով իրազեկման արշավ ենք սկսելու լրատվամիջոցներով: Քաղաքացիներին հստակ տեղեկատվություն են հաղորդելու, թե որ մարզում որ օրվանից է գործելու թվային ֆորմատը, եւ որ օրվանից այլեւս չի լինելու անալոգային հեռարձակում, տեխնիկական միջոցների ինչ փոփոխություն է սպասվում, ինչպես պետք է օգտվել կցուրդ սարքից, ինչպես իրականացնել համալարման աշխատանքները:
Սիմոն Աղաջանյան
ԽԱՊԿ աշխատանքային խմբի անդամ, տեխնիկական հարցերով փորձագետ
Թվայնացման գործընթացը շատ առողջ մթնոլորտում է ընթանում: Եվ ես կարծում եմ, որ կարվի ամեն ինչ, որպեսզի ստեղծված հեռուստաընկերությունները շարունակեն իրենց բնականոն գործունեությունը:
Կարծում եմ` մարզային հեռուստաընկերությունների համար անցումային փուլում խնդրի լուծման տարբերակ կարող է լինել անալոգային հեռարձակումը շարունակելը, մինչեւ մասնավոր մուլտիպլեքս օպերատորների ի հայտ գալը, որոնք կարող են 9-25 հեռուստաընկերության հեռուստածրագրեր ընդգրկել` կախված հեռարձակման որակից:
Աննա Բարսեղյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: