mig-lori

Վանաձորի «Միգ» հեռուստաընկերությունը հրաժարվել է .am դոմեյնում գրանցված իր migtvr.am կայքից եւ բլոգային պլատֆորմի վրա գործարկել է migtvr.com-ը: «Միգի» տնօրեն Սամվել Հարությունյանը պատմում է, որ հեռուստաընկերության կայքը կոտրել էին ադրբեջանցի հաքերները: Գլխավոր էջում թուրքական և ադրբեջանական դրոշներ էին, ադրբեջանական զինվորների նկարներ:

Հեռուստաընկերությունում որոշել են հրաժարվել հին կայքից եւ գործարկել են բլոգային պլատֆորմի հիմքով աշխատող նոր կայք: Պատճառներից մեկն էլ այն էր, որ «Միգ»-ի հին կայքը տեխնոլոգիապես հնացել էր: Նոր կայքն ավելի հեշտ է գործարկել: Կայքում ոչ միայն տեղական լուրեր են: Ներկայացվում է Հայաստանի անցուդարձը, միջազգային լուրեր: Կայքում գործում է youtube բաժին, լուրերը կամ գովազդները նաև տեսանյութով են տեղադրվում:

«Միգ»-ի կայքն առանձին տեխնիկական աշխատող չունի: Սամվել Հարությունյանն է զբաղվում այդ գործով: Տեղադրում է այնպիսի նյութեր, որոնք, նրա կարծիքով հետաքրքիր կլինեն կայքի այցելուին:  Օրինակ` նյութեր է տեղադրել Ռուսաստանի վերջին ընտրությունների վերաբերյալ, Արթուր Մեսչյանի 1991 թվականի հարցազրույցները:

Սամվել Հարությունյանը զարգացնելու է կայքը եւ ժամանակի ընթացքում մտադիր է անգամ ինտերնետային հեռարձակում իրականացնել:

«Լոռի» հեռուստաընկերության loritv.am կայքը երկլեզու է՝ հայերեն եւ անգլերեն: Կայքում միայն «Լոռիի»  սեփական լրատվություն է՝ լրատվական ռեպորտաժների տեքստեր, վիդեոնյութեր, որոնք սկզբնապես տեղադրվում են հեռուստաընկերության youtube ալիքում: Կայքը պատասխանատուն  Հերմինե Օհանյանն է, ով նաև հեռուստալրագրող է աշխատում «Լոռի» TV-ում: Նա ասում է, որ կայքի տեխնիկական հնարավորություններն առայժմ իրենց բավարարում են:

Հեռուստաընկերությունը փորձում է ինտերնետի օգնությամբ ընդլայնել իր լսարանը: «Հարցերից մեկը, որ լուծում է կայքը, հենց մարզային խնդիրները ավելի մեծ մասշտաբով ներկայացնելն է»,- ասում է Հերմինեն:

Լոռու մարզում գործող մյուս երկու հեռուստաընկերությունները՝ «9-րդ ալիք»-ն ու «Ֆորտունա»-ն դեռ ինտերնետային գործող կայքեր չունեն

Ադրինե Թորոսյան, Վանաձոր